Հասմիկ Դիլանյան
Ինչպե՞ս է կլիմայի փոփոխությունն ազդում առավել խոցելի համայնքների վրա: Ինչպե՞ս հաղթահարել էներգետիկ աղքատությունը և հասնել կայուն զարգացման մակարդակի։ Այս հարցերի պատասխանները բնապահպաններն են փնտրում։
Վայոց Ձորի մարզում, մասնավորապես Եղեգիսում սրվել է մարդ-արջ կոնֆլիկտը։ Կլիմայական փոփոխություններն են սրել մարդու և բնություն հակամարտությունը, ընդգծում է «Աշխատանք և Հայրենիք» ՀԿ-ի նախագահ Ռուզան Ղազարյանը․
«Մարդ–բնություն կոնֆլիկտը սրվել է կլիմայական փոփոխությունների պատճառով։ Հատկապես արջերի հետ կոնֆլիկտը ռեսուրսների սակավության պատճառով է։ Արջերն ու մարդիկ չեն կարողանում կիսել Վայոց Ձորի բերք ու բարիքը»։
Փամբակ, Թալին, Եղեգիս, Դիլիջան․ աշխարհագրական ու կլիմայական առնաձնահատկություններով տարբեր Հայաստանի այս չորս համայնքները, այսպես ասենք՝ հայտնվել են բնապահպանների դիտակետում։
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանի փոխանցմամբ․
«Մեր համայնքները դեռ կախվածության մեջ են վառելափայտից։ Այս տարի արդեն Լոռիում թափուկ վառելափայտը բնակիչներին առաջարկվում է 3 խորանարդ մետր, երբ կառավարության որոշմամբ 8 խորանարդ մետր է»։
Կառավարությունը փորձում է ճնշումը նվազեցնել անտառների վրա՝ արձանագրում է Բուռնազյանը՝ միաժամանակ նշելով, որ չկան հստակ միջոցառումներ, թե ինչպես օրինակ գյուղաբնակները ձմռանը պետք է իրենց բնակարանները տաքացնեն հոսանքով, և ոչ թե գազով կամ վառելափայտով։
Համայնքները ջերմամեկուսացման ծրագրեր են ակնկալում։ Արևային էներգետիկան Թալինում զարգանում է, բայց համայնքային նշանակության արևային ու հողմային կայանները կփրկեն իրավիճակը ՝ արձանագրում է փորձագետը։
«Բոլոր չորս համայնքները կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի են։ Ամենավառ խոցելի համայքն այս դեպքում Թալինն է, ջերմաստիճանը բարձր է, ամառային օրերի շեղումով էլ առաջատարն է։ Բայց զարմանալի է, որ երկրորդ քաղաքը Դիլիջանն է, որը ամառային օրերի շեղումով առաջատար է»։
Կլիմայի փոփոխության տեսնակյունից խոցելի է էներգետիկ ոլորտը։ Այստեղ է, որ այլընտրանքային էներգետիկան կարող է իրավիճակը փոխել։ էներգետիկ ռազմավարությամբ Հայաստանում 2030 թ.-ին արդեն էներգիայի հզորության մինչև 15%-ը պետք է արտադրեն արևային կայանները։ Այսօր էլեկտրաէներգիայի 9%-ն արտադրվում է արևային կայանների միջոցով։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ֆոտոէլեկտրական սարքերի գիտահետազոտական լաբորատորիայում արևային պանելների հիմնական բաղադրիչ համարվող արևային էլեմենտների ստեղծմամբ են զբաղվում։ Կարծում են, որ ոլորտը հեռանկար ունի։ Գիտական խմբի ղեկավար Արման Վարդանյանը պատմում է՝ այստեղ հիմնական բաղադրիչը սիլիցիումն է։ Նյութ, որը երկրակեղևի ¼ է կազմում։ Բայց մինչև այն դառնա անհրաժեշտ հումք, անցնում է երկարատև մշակման փուլ․
«Անցնում է մաքրման, զտման բավականին թանկ գործընթաց։ Արդյունքում ստացվում են ձուլակտորներ, որոնք հղկվում են, կտրվում են ու լրացուցիչ գործընթացներ անցնելուց հետո ստացվում է տրադիցիոն հարթակ՝ արևային էլեմենտ։ Տարեցտարի նման էլեմենտների ինքնարժեքը նվազում է, բայց ատոմային էներգիայի հետ համեմատած, այս տեխնոլոգիաներով ստացող էներգիայի գինը դեռևս 1․5-2 անգամ թանկ է։ Ուստի պետք է այնպես անել, որ ավելի փոքր մակերեսի էլեմենտներ օգտագործվեն ու լինի ավելի բարձր ՕԳԳ։ Կիրառել ենք հետևյալ նորամուծությունը․ փոքր մակերեսով այսպիսի աղյուսներ ենք կտրտել, որոնք ունակ են լույսը ընկալել երկու կողմից՝ բարձրացնելով ՕԳԳ-ն։ Կիրառում ենք նաև այլ տեխնոլոգաներ՝ ֆրենելի ոսպնյակով, որը ֆոկուսացնում է ցրված լույսը, ընկնում է ուղիղ այս էլեմենտի վրա։ ՕԳԳ-ն նաև այսպես է բարձրանում»։
Բայց այստեղ էլ պետք է զգուշավոր լինել։ Փորք ՀԷԿ–երն օրինակ, Հայաստանի բազմաթիվ գետերում ջրի հոսքի նվազման պատճառ են դարձել՝ Եղեգիս գետը ամենավառ օրինակն է Վայոց Ձորի մարզում՝ ասում է Վիկտորյա Բուռանզյանը․
«Փոքր ՀԷԿ–երը ոչ միայն ոչնչացրել են գետային էկոհամակարգը, այլ դրանց պատճառով աղբյուրներն են ցամաքել։ Բնակիչները պնդում են, որ դա փոքր ՀԷԿ–երի գործունեության հետևանք է։ Սա հանգեցրել է կլիմայի փոփոխության»։
«Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակական կազմակերպությունները՝ Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականություններում սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակից» ծրագրի շրջանակներում առաջարկությունների փաթեթ է մշակվում՝ համայնքներում առկա խնդիրներին ի վերջո արմատական լուծում տալու նպատակով։
Սեպտեմբեր 22, 2023 at 13:00