Հայաստանի անտառների մինչև 70%-ը դեգրադացված է. Համաշխարհային բանկի ուսումնասիրություն

Հայաստանի անտառների մինչև 70%-ը դեգրադացված է. Համաշխարհային բանկի ուսումնասիրություն

Հայաստանի անտառների մինչև 70%-ը դեգրադացված է:  Այս մասին նշված է Համաշխարհային բանկի խմբի աշխատակիցների պատրաստած «Հայաստանի անտառային լանդշաֆտի վերականգնման փաստաթղթում»։

Ըստ աղբյուրի՝ դեգրադացիայի և անտառահատման անմիջական պատճառներն են գյուղատնտեսության մուտքն անտառային հողեր, կենդանիների արածեցումն անտառային հողերում, գյուղական բնակչության մեծ կախվածությունն անտառներից, այդ թվում՝ վառելափայտի և ոչ փայտանյութային անտառային մթերքի անկայուն հավաքը, անտառային հողերի փոխակերպումն այլ հողօգտագործման, այդ թվում՝ ենթակառուցվածքների և տեղանքի զարգացումը, հանքարդյունաբերությունը և այլն, ինչպես նաև վնասատուների, հիվանդությունների և հրդեհների վնասների աճը, որոնք սրվում են կլիմայի փոփոխության հետևանքով:

Կան նաև անուղղակի գործոններ․ ընդհանուր բնակչության՝ անտառների կայուն կառավարման կարևորության մասին իրազեկության բացակայությունը և անտառային կանոնակարգերի ու էներգիայի այլընտրանքային, մատչելի աղբյուրների կիրարկման բացակայությունը:

Անտառային պետական մարմինները ֆիզիկական սարքավորումներ, այլ ենթակառուցվածքներ և կարողություններ չունեն, որոնք անհրաժեշտ են կլիմայի հարմարվողականության, անտառային հողերի վերականգնման և տնկարանների կառավարման համար:

Անտառային ոլորտի վիճակի բարելավման համար Համաշխարհային բանկի փորձագետներն առաջարկում են հաստատել լանդշաֆտների վերականգնման ազգային ռազմավարությունը, ներդնել Անտառների մոնիթորինգի համապարփակ ազգային համակարգ: Խորհուրդ է տրվում ձևավորել ինստիտուցիոնալ կարողություններ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և Անտառների կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով։ Նաև առաջարկվում է հատուկ գործողությունների ծրագիր՝ էներգետիկայի, մասնավորապես գյուղական վայրերում վառելիքային աղքատության խնդիրը լուծելու համար, որտեղ վտանգված են անտառային ռեսուրսները: Վառելիքի կամ էներգիայի գնի ճգնաժամի դեպքում անտառների՝ որպես ջեռուցման վառելիքի պահուստային աղբյուրի օգտագործման դեմ պայքարելու համար անհրաժեշտ է միասնական տեսակետ։ 

Հայաստանը սակավանտառ երկիր է, որի տարածքի միայն 11.2%-ը՝ 334.100 հեկտարն է անտառապատ և կենտրոնացած է երեք մարզերում՝ Տավուշում, Լոռիում և Սյունիքում։  

Հայաստանը Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի շրջանակներում ստանձնել է անտառածածկի ավելացման պարտավորություն։ ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 610-Լ որոշմամբ մինչև 2030 թվականն անտառածածկը պետք է հասցվի մինչև 12․9 տոկոսի, ինչի համար անհրաժեշտ կլինի տնկել 50 հազար հեկտար անտառ։

ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 41 արձանագրային որոշմամբ նախատեսված է մինչև 2050 թվականն անտառածածկի ավելացում մինչև 20,1%-ի, ինչի համար անտառածածկ տարածքները պետք է ընդլայնվեն շուրջ 266,5 հազար հեկտարով: Այս ցուցանիշի համար հիմք է հանդիսացել Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Հայաստանի Հանրապետության առաջին զեկույցը և ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1232-Ն որոշումը։

«Հայաստանի անտառային լանդշաֆտի վերականգնման փաստաթղթի» ամբողջական տարբերակը՝ այստեղ։ 

Հոկտեմբեր 12, 2023 at 16:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր