Փոքր և միջին ձեռներեցության զարգացում սահմանամերձ բնակավայրերում «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում

Փոքր և միջին ձեռներեցության զարգացում սահմանամերձ բնակավայրերում «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում

Միավորված ազգերի զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագիրն աջակցում է համայնքներին՝ լրացուցիչ եկամտի աղբյուր ընձեռելով տեղի բնակիչներին։

Սույն թվականի հունվարի 29-ին մամուլի ասուլիսի ընթացքում Ծրագիրը ներկայացրին «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանն ու ծրագրի փորձագետ Մխիթար Բալայանը: 

«Ծրագիրն իր աշխատանքն իրականացնում է սահմանամերձ բնակավայրերում: Այն միտված է ենթակառուցվածքների զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը, մասնավորապես՝ աջակցելով փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը»,- ասաց Արման Վալեսյանը:

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում արդեն իսկ ընտրվել է 10 շահառու, ովքեր կզբաղվեն կախասնկի արտադրությամբ։ Ճամբարակ խոշորացված համայնքում շահառուները նոր պետք է ընտրվեն Ճամբարակ, Թթուջուր, Վահան, Ջիլ, Արտանիշ և Ծափաթաղ բնակավայրերից։

Շահառուները պետք է ունենան մինչև 30 քմ տարածք, որտեղ էլ հետագայում իրականացվում է կախասնկի արտադրությունը: Նրանց տրամադրվում են շինարարական նյութեր և հատուկ սարքավորումներ 1 միլիոն դրամի սահմաններում: «Փակ տարածք է պետք: Մենք տրամադրում ենք օդորակիչ, օդափոխման, խոնավեցման և ավտոմատ կառավարման համակարգեր, ինչպես նաև՝ առաջին 50 ծղոտի պարկը կախասնկի արտադրության համար»,- նշեց Մխիթար Բալայանը: 

Արման Վալեսյանը նշեց, որ օժանդակում են նաև շուկայավարության հարցում: «Հիմնական նպատակը արտադրության մեջ 50 պարկը 200-ի հասցնելն է: Նախնական տվյալներով՝ 40 օրում հնարավոր է ապահովել մոտ կես տոննա արտադրանք», - նշեց նա:

«Կայուն համայնքներ» ծրագրի մյուս նախաձեռնությունը «HONEY-MONEY» նախագիծն է, որի շրջանակներում մեղվի փեթակներ և չրի արտադրության ցանցեր են տրամադրվել Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արագոծոտնի, Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի բնակիչներին: «Մեղրի արտադրության համար տեխնոլոգիապես նոր 1000 փեթակներ են բաժանվել, չրի արտադրության համար՝ 3000-ից ավելի ցանցեր: «Այս ծրագրերը տեղային սննդային անվտանգության հարցեր են ապահովում: Մենք համայնքային ինքնաբավությունն ենք բարձրացնում»,- ասաց Արման Վալեսյանը:

Լուսանկարը՝ www.armenpress.am



Հունվար 30, 2024 at 16:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր