Եղեգնուտ. խնդիրներն ու զարգացման տեսլականները ներկայացնում են բնակիչները

Եղեգնուտ. խնդիրներն ու զարգացման տեսլականները ներկայացնում են բնակիչները

Եղեգնուտ գյուղը գտնվում է Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքում: Գյուղում հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ:

Արտադրությունն ու բերքատվությունը մեծ կախում ունեն եղանակային պայմաններից:

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակում բնակիչներն Էկոլուրի հետ զրույցում նշեցին, որ կլիման բացասաբար է ազդում գյուղատնտեսության վրա: «Աշնան կողմ սարերից եկող ջուրը պակասում է: Մայիս-հունիս ամիսներին անձրևներ շատ են լինում, ինչը վնասում է բույսերին․ փտում են»,- նշեցին բնակիչները՝ հավելելով, որ իրենց գյուղին անհրաժեշտ են ջերմոցներ ու հակակարկտային ցանցեր:

Բնակիչների խոսքով՝ անասնապահությունից օգուտները քիչ են. «Անասնապահությամբ զբաղվող մարդիկ իրենց բերանից կտրում են, տալիս են անասունին։ Կաթի գինը էժան է, կովի կերը՝ շատ թանկ, օգուտը՝ շատ քիչ»: Եղեգնուտցիները կարևորեցին գյուղում որևէ արտադրության, գործարանի, կաթի մթերման ու վերամշակման կետի ստեղծումը:

Եղեգնուտը մասամբ գազաֆիկացված է: «Ոչ բոլորը հնարավորություն ունեն գազ քաշելու, որովհետև գումար ու աշխատանք չունեն: Դրա համար անտառից են օգտվում»,- նշեցին եղեգնուտցիները:

Գյուղում կարևորում են նաև ծառատունկերի իրականացումը, նշում են, թե տարածք ունեն, միայն ֆինանսավորում է անհրաժեշտ կամ տնկիների տրամադրում: «Ծառատունկ տարվա մեջ մի քանի անգամ իրականացնում ենք, բայց եթե լինեն հովանավորներ, մեծ քանակով ծառատնկումներ կիրականացվեն և ծառահատումների խնդիր էլ չի լինի: Եթե հովանավորեն ու արագ աճող ծառեր տան, տարածքներ շատ ունենք, կարող ենք տնկել ու դրանով զբաղվել»,- նշեցին բնակիչները:

Եղեգնուտցիներն իրենց գյուղի զարգացման հեռանկարները կապում են նաև զբոսաշրջության զարգացման հետ: Գյուղում կան խաչքարեր, մատուռ ու եկեղեցի: Այստեղ պահպանվել են մ.թ.ա. 2-1-ին հազարամյակների ամրոցի պատերի մնացորդներ, դամբարանատեղի, տապանաքար և թևավոր խաչ, մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակների բնակատեղիներ ու ամրոց, միջնադարյան գյուղատեղիներ։

Լուսանկարը՝ Մանե Հակոբյանի 

Եղեգնուտի դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Հարությունյանը նշեց, որ գյուղում հնարավոր է կազմակերպել ձիարշավներ, վրանատեղիներ կառուցել, ստեղծել զբոսաշրջային արահետներ ու երթուղիներ: «Ունենք բնակատեղիներ, որոնք ուսումնասիրված չեն: Որոշ անհատներ փորելով, պեղումներ անելով ինչ-որ բան են գտնում, հանձնում են պետական կառույցներին, գումար աշխատում: Եթե ինչ-որ կազմակերպություն հանձն առնի սա, ուսումնասիրություններ իրականացվեն, կունենանք և՛ աշխատատեղ, և՛ տուրիզմի հետագա զարգացման հեռանկար»,- նշեց նա:

Եղեգնուտում զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտում են անբարեկարգ ու վտանգավոր ճանապարհները: «Գյուղում ունենք շատ տեսարժան վայրեր, բայց դրանց հասնելու համար ճանապարհի խնդիր կա: Ունենք շատ սիրուն ջրվեժ, բայց այդ ջրվեժ հասնելու համար պետք է հաղթահարել բավականին բարդ ճանապարհ: Նույնը մեր եկեղեցին, որ գյուղից դուրս է, և այնտեղ գնալու համար ճանապարհը կրկին բավական վտանգավոր է: Մենք սովոր ենք, այստեղ ենք մեծացել, բայց զբոսաշրջիկի համար դա շատ վտանգավոր է, և մենք այդ պատասխանատվությունը չենք կարող մեզ վրա վերցնել»,- ասաց Եղեգնուտի բնակիչ Մանե Հակոբյանը:

LILA ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով։ 

Մայիս 29, 2024 at 13:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր