

2024թ. սեպտեմբերի 13-ին «ԷկոԼուր» ՀԿ-ի կողմից կազմակերպված «ՀԸԳՀ-ի (CEPA) ճանապարհային քարտեզի թարմացմանն ընդառաջ» կլոր սեղանի ժամանակ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ՏԻՄ-ի և ՀԿ-ների ներկայացուցիչները խոսեցին մարզի բնապահպանական խնդիրներից, հանդես եկան առաջարկներով:
Կլոր սեղանը կազմակերպվել էր Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում:
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը մտահոգություն հայտնեց համայնքներում իրականացվող ծրագրերի նկատմամբ ուշացած արձագանքների մասին։ Նա ընդգծեց, որ հաճախ խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ արդեն ուշ է միջամտել. «ՀԷԿ-երն արդեն կառուցվում են, շահագործվում, և այդ ժամանակ ենք միայն ասում՝ անօրինական է»,- ասաց Անահիտ Գևորգյանը։ Նա նշեց նաև արևային կայանների տեղադրման խնդրի մասին՝ մատնանշելով Մարտունու շրջանի Վաղաշեն և Աստղաձոր գյուղերի միջև անտառի տարածքում կառուցված արևային կայանը։ «Օրենքը հետադարձ ուժ ո՞ւնի: Պիտի ասե՞նք՝ քանդի այդ արևային կայանը: Օրենքները պետք է նախապես այնպես մշակվեն, որ այդ թերությունները չլինեն»,- ասաց նա:
Մյուս խնդիրը, որին անդրադարձավ Անահիտ Գևորգյանը, ազդակիր բնակավայրերի ճանաչման խնդիրն է։ Նա նշեց, որ համայնքի ներսում գտնվող բնակավայրերը հաճախ չեն ճանաչվում որպես ազդակիր: «Ես չեմ կարծում, որ Մարտունու Գեղհովիտ բնակավայրում եթե քարի հանք են բացում, Երանոսի բնակիչը, լինելով նույն համայնքի ներսում, պետք է մասնակցի հանրային լսմանը, քանի որ դա իր բնակավայրը չէ։ 17 համայնք չի կարող լինել մի քարհանքի ազդակիր։ Ազդակիր կարող է լինել այն բնակավայրը, որը կրում է տվյալ գործունեության ազդեցությունը կարող է լինել և այդ բնակավայրի բնակիչը պետք է մասնակցի: Ազդակիր է նա, ով անմիջապես կրում է դրա ազդեցությունը»,- նշեց նա:
Մարտունու համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Դավիթ Քեֆոյանը խոսեց Սևանա լճի նկատմամբ համայնքի պատասխանատվության մասին։ «Մարտունին ունի իր առանձնահատկությունը՝ Սևանը։ Մտահոգ ենք լճի խնդիրներով»,- ասաց նա։ Դավիթ Քեֆոյանը նշեց, որ համայնքում իրականացվում են կլիմայի փոփոխության մեղմմանը միտված միջոցառումներ, բայց աղբի վերամշակման հարցը դեռևս լուծված չէ։ «Մարտունի համայնքն ունի մոտ հարյուր հազար բնակչություն: Այսօր մենք աղբավայրերի ճիշտ կառավարման ռազմավարություն ենք մշակում: Մարտունի համայնքն այսօր խիստ պահանջ ունի աղբի, թափոնների վերամշակման: Աղբի կառավարման ռազմավարության մեջ վերամշակման գործընթացը պետք է ներառվի»,- նշեց նա:
ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի ավագ խորհրդատու Դիանա Հարությունյանը հայտնեց, որ Սևանա լճի մասին օրենքի փոփոխություններում պետք է անդրադարձ կատարվի ոչ միայն կեղտաջրերին, այլև աղբի խնդրին։ «Սևանի օրենքը փոխվում է, դրա քննարկման ժամանակ այդ ամենը պետք է նշվի: Դրա համար ուշադրություն դարձրեք, որ դա է իսկական տեղն այդ հարցը բարձրացնելու համար»,- ասաց նա: Նա առաջարկեց հարցը քննարկել ավելի լայն մակարդակով՝ ոչ միայն Մարտունի համայնքի համար:
Սույն հոդվածը պատրաստվել է «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։
Հոդվածի բովանդակության համար պատասխանատու է միայն հեղինակը, և այն որևէ կերպ չի կարող ընկալվել որպես Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետ:
Հոկտեմբեր 22, 2024 at 18:03