Քաղհասարակության, պետական ու ՏԻՄ մարմինների դիրքորոշումը COP 29-ի և կլիմայական խնդիրների վերաբերյալ

Քաղհասարակության, պետական ու ՏԻՄ մարմինների դիրքորոշումը COP 29-ի և կլիմայական խնդիրների վերաբերյալ

Ինչ դիրքորոշում ունեն Հայաստանի քաղաքացիական հասարակության, պետական կառույցների և ՏԻՄ-ի ներկայացուցիչները COP 29-ը Բաքվում անցկացնելու, Հայաստանի առջև ծառացած կլիմայական խնդիրների ու դրանց հաղթահարման վերաբերյալ: Այս և այլ հարցերի շուրջ տեղի ունեցավ քննարկում 2024թ. հոկտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցած «COP 29-ին ընդառաջ» կլոր սեղանի ժամանակ:

«Առողջ միջավայր» ՀԿ-ի նախագահ Աշոտ Օհանյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքներին: «Ադրբեջանի՝ Հայաստանին մեղադրելու հավակնությունները երեքն են: Առաջինը լեռնահանքային արդյունաբերությունն է: Նրանք նշում են, թե Հայաստանի լեռնահանքային ձեռնարկությունները վատ են անդրադառնում Ադրբեջանի վրա, բավական լուրջ բնապահպանական խնդիրներ են առաջացնում և այլն: Երկրորդ՝ խոսում են Ադրբեջանի վրա մեր էներգետիկ համակարգի վատ ազդեցության մասին. սկսած ատոմակայանից, վերջացրած Որոտանի ՀԷԿ-ի աշխատանքով: Երրորդը վերաբերում է ջրերին, մասնավորապես՝ նշում են, թե Հայաստանի գետերն այնքան աղտոտված են, որ հասնում են Ադրբեջան և վնաս են տալիս իրենց էկոլոգիային»,- նշեց նա:

Աշոտ Օհանյանը նշեց, թե ինչու այս բոլոր մեղադրանքներն անհիմն են: «Բոլոր երեք հավակնությունները ոչ մի քննադատության չեն դիմանում: Նախ էներգետիկ համակարգի հետ կապված որևէ հաշվարկ ոչ մի մակարդակով չի արվել, չկա որևէ միջազգային կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի տարածքը ինչ-որ ձևով վնաս է կրել: Նույնը կարող ենք ասել արդյունաբերական ձեռնարկությունների հետ կապված: Այն, որ մեր ձեռնարկությունները վատ են անդրադառնամ Ադրբեջանի վրա և նրա համար բնապահպանական լուրջ խնդիրներ են ներկայացնում, չկա միջազգային հետազոտություն, ուսումնասիրություն: Եվ վերջապես՝ ջրերի մասին: Գետերն ունեն ինքնամաքրման հատկություն: Կրկին չկա ուսումնասիրություն, որքանով են աղտոտված: Նրանք անիմաստ հավակնություններ են անում, մեզ մեղադրում են: Մենք էլ պետք է մեր որոշումը կայացնենք, և ասենք, որ այս բոլոր հավակնությունները չունեն հիմք»,- ասաց նա:

«Բնական էկոնոմիկա» կլիմայական, քաղաքացիական հիմնադրամից Մասիս Սարգսյանն անդրադարձավ COP 29-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ տեղեկատվության բացակայությանը: «Մամուլում այս իրադարձության մասին տեղեկատվություն գրեթե չկա: Նույնիսկ այն պարզ հարցը՝ մասնակցում ենք, թե ոչ, այդ հարցի պատասխանը չկա: Հասկանալի է, որ այստեղ քաղաքական բաղադրիչ կա: Մասնակցել, չմասնակցելը պետք է որոշվի բարձր մակարդակում, բայց որ Հայաստանն ինչ-որ կերպ պետք է մասնակցի, դա ինձ համար ակնհայտ է: Մասնակցության ձևաչափը կարող է լինել հետևյալ կերպ. Հայաստանը մասնակցում է պաշտոնական պատվիրակությամբ, բայց ոչ ամենից բարձր մակարդակով»,- նշեց նա:

Մասիս Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը պետք է մասնակցի մեծ պատվիրակությամբ: «COP-երի ժամանակ միշտ զուգահեռ անցկացվում են հանդիպումներ, քննարկումներ, և ճիշտ կլինի, որ մեր պատվիրակությունը կարողանա բոլորին ակտիվ մասնակցել: Կարևոր է մասնակցել, որպեսզի վտանգավոր որոշումներ չանցկացվեն, եթե Հայաստանը դեմ է արտահայտվում, ուրեմն դա դրվում է փակագծերի մեջ և վերջնական որոշում չի կայացվում: Վերջապես ունենք կարևոր հարց Արցախի վերաբերյալ, որը մենք կարող ենք տեղավորել տեղաբնիկների հետ կապված հարթակներում»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքացիական հասարակությունը նույնպես ինչ-որ մասնակցություն պետք է ունենա այս գործընթացում և իր դիրքորոշումն արտահայտի:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Տեղական քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը կարևորեց համայնքների դերակատարումը կլիմայի փոփոխության ազդեցությանը դիմակայելու, ռիսկերը նվազեցնելու և կանխարգելող միջոցառումներ իրականացնելու առումով: «Կանխարգելման միջոցառումներ իրականացնելու առումով մեր համայնքները մեծ դերակատարում ունեն: Բայց մեր համայնքներին երկու բան է պակասում՝ ֆինանսական հնարավորություններ և կարողություններ: Ճիշտ է՝ մենք տարբեր մեթոդական ուղեցույցներով ասում ենք, որ պլաններ պետք է մշակեն ռիսկերի նվազեցման վերաբերյալ, նաև մեր կլիմայի ազդեցության ռազմավարության մեջ կետեր ունենք, բայց դա բավարար չէ: Դրա համար համայնքներին պետք է օգնել այդ ֆինանսական աղբյուրները հայթայթելու, իրենց աշխատանքային պլանավորումը ճիշտ իրականացնելու առումով»,- նշեց նա:

Փամբակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռաիսա Մինասյանն ասաց. «Համայնքները մշակում են հնգամյա ռազմավարական և տարեկան պլաններ, որոնց մեջ մշտապես ներառվում են կլիմայի փոփոխության հարմարվողականությանը վերաբերող ծրագրեր: Սակայն կարողություններն այնքան էլ զարգացած չեն, քանի որ չունենք համապատասխան մասնագետներ: Եվ, իհարկե, չունենք բավարար ֆինանսական կարողություններ»:

Ռաիսա Մինասյանի խոսքով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մշտապես համայնքներին օգնում է մեթոդական ցուցումներով: «Համայնքների համար մշակվել է հաստիքացուցակների օրինակելի մեթոդաբանություն: Դրանց մեջ կարելի է ներառել օրինակ՝ էներգետիկ մասնագետի պարտադիր ենթադրվող հաստիք: Եվ այդ մասնագետները պիտի նորմալ վերապատրաստումներ անցնեն, ինչ-որ չափանիշներ սահմանի այդ մասնագետների համար: Լավ մասնագետ լինելու դեպքում, ինչպես նաև ֆինանսական կարողությունների հզորացման դեպքում, հնարավոր է համայնքների կարիքները տեղայնացնել և բավարարել»,- ասաց նա:

«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի երիտասարդական թեմի առաջնորդ Տաթև Դովմալյանը նշեց, որ ներկայում երիտասարդները հետաքրքված են կլիմայի փոփոխության հարցերով և մեծ աշխատանք է տարվում այս համատեքստում: «Լինելով կենսաբանության ուսուցչուհի՝ դպրոցում մշտապես բնապահպանական գործընթացների մեջ ենք երեխաների հետ տարաբնույթ նախագծեր իրականացնելիս»,- ասաց նա:

Սույն հոդվածը պատրաստվել է «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։

Նոյեմբեր 11, 2024 at 14:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր