Հայաստանի ԱՍԳ․ Արտանետումների նվազեցման և կլիմայական պատասխանատվության հզորացման ուղին, Մաս 2

Հայաստանի ԱՍԳ․ Արտանետումների նվազեցման և կլիմայական պատասխանատվության հզորացման ուղին, Մաս 2

Հեղինակ՝ Քրիստինե Տեր-Մաթևոսյան,
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների Կլիմայական ցանցը (CAN EECCA) պատրաստել է «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների թարմացումը EECCA տարածաշրջանում. եզրակացություններ առանձին երկրների վերաբերյալ» զեկույցը։

Փաստաթղթում ներկայացված են առաջարկություններ ԱՍԳ-ների (ազգային մակարդակով սահմանված գործողությունների) թարմացման վերաբերյալ՝ տարածաշրջանի վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Մոլդովայի համար։ Դրանք ներկայացնում են երկրների կլիմայական պարտավորությունները՝ համաձայն Փարիզյան համաձայնագրի։

Զեկույցը պատրաստվել է Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի (FES) հետ համատեղ։

Ներկայացված կարծիքները կարող են չհամընկնել Հիմնադրամի դիրքորոշման հետ։
Այս հոդվածում ներկայացված է Հայաստանի կլիմայական քաղաքականության շարունակական բարեփոխումների գործընթացը՝ ԱՍԳ 2.0-ի և ԱՍԳ 3.0-ի համատեքստում։

2021թ․  ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության ազգային մակարդակով սահմանված գործողությունները» (ԱՍԳ) 2021-2030 թվականների համար՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի ներքո։

ԱՍԳ-ի շրջանակում Հայաստանի երկրորդ ազգային կլիմայական զեկույցը ամրագրեց երկրի ռազմավարական ուղեգիծը կլիմայական քաղաքականության ոլորտում, ըստ որի՝ Հայաստանը պարտավորվում է մինչև 2030թ ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնել 40%-ով՝ 1990թ․մակարդակի համեմատ։

Մինչև 2030թ․ Հայաստանը պետք է կրկնապատկի վերականգնվող էներգիայի մասնաբաժինը էլեկտրաէներգիայի արտադրությունում՝ նպատակ ունենալով հասնել կլիմայական չեզոքության՝ ընթացիկ դարի երկրորդ կեսին։

Արևային կայան Եղեգիսում

ԱՍԳ 2.0-ի շրջանակում սահմանվել են այն ոլորտները, որոնք ներառված են կլիմայի փոփոխության ազդեցության մեղմացման միջոցառումներում․

ա. Էներգետիկա (ներառյալ էներգիայի արտադրություն և սպառում)

բ. Արդյունաբերական պրոցեսներ և արտադրանքի օգտագործում (հանքային արդյունաբերություն և F-գազեր)

գ. Գյուղատնտեսություն (աղիքային խմորում, ուղղակի և անուղղակի N2O արտանետումներ կառավարվող հողերից)

դ. Թափոններ (կոշտ թափոնների կառավարում, կեղտաջրեր) ե. Անտառային տնտեսություն (անտառապատում, անտառների պահպանություն) և այլ հողօգտագործում: Ընդգկելու է ՀՀ տնտեսության բոլոր ճյուղերը: Անտառի նոր ազգային ծրագրի ընդունմամբ նախատեսվում է անտառածածկի ավելացում՝ Հայաստանի տարածքի 12.9% չափով մինչև 2030թ.:

Հայկական ատոմային էլեկտրակայան (ՀԱԷԿ)

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (СЕРА) 

Կլիմայական ինտեգրման ճանապարհին կարևոր քայլ դարձավ Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԵԳՀ) դրույթների իրագործումը։ Այն ենթադրում է Հայաստանի կլիմայական և էներգետիկ քաղաքականության աստիճանական ինտեգրում եվրոպական չափանիշներին։ Համաձայնագիրը ստորագրվել է 2017թ․ նոյեմբերին և ուժի մեջ է մտել 2021թ․ մարտին։

«ԷկոԼուր»-ը 2025թ․ պատրաստել է «Էներգետիկա» ոլորտը կլիմայի փոփոխության համատեքստում՝ արտացոլված ՀԸԳՀ-ում և ՀՀ կլիմայական քաղաքականություններում» զեկույցը։

2021–2025թթ․համար Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ԾՐԱԳԻՐԸ նախատեսում է էներգետիկայի համար առանձին հարմարվողականության ծրագրի ստեղծում։

«Կլիմայի մասին» ՀՀ օրենք

Մշակվել է «Կլիմայի մասին» օրենքի նախագիծը և մի շարք ուղեկցող փաստաթղթեր, որոնք կառավարությունը հաստատել է 2025թ․օգոստոսի 21-ին։ Օրենքի նպատակն է իրավական հիմքեր ապահովել ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված գործողությունների պլանավորման և իրականացման համար՝ համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների և հանձնառությունների, կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման և իրականացման համար՝ ներառյալ կլիմայի փոփոխության հետևանքներից բնակչության, տնտեսության և ենթակառուցվածքների պաշտպանությունը և դրանց դիմակայունության ամրապնդումը:

Հայաստանը մշակել է թարմացված ԱՍԳ 3.0-ի նախագիծը 2026–2035 թվականների համար, որը ներկայացվել է շահագրգիռ կողմերի քննարկմանը։ Փաստաթուղթը մշակվել է հաշվի առնելով 2023թ․ համաշխարհային գնահատման արդյունքները և ՄԱԿ-ի 2024թ․ վերջին զեկույցը, որտեղ ընդգծվում է կլիմայական հավակնությունների հզորացման և  արդար անցման դեպի «կանաչ» տնտեսություն։

Ստորև կարելի է ծանոթանալ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների կլիմայական ցանցի (CAN EECCA) «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների թարմացումը EECCA տարածաշրջանում. եզրակացություններ առանձին երկրների վերաբերյալ» զեկույցի՝ Հայաստանի վերաբերյալ առաջարկություններին։

Առաջարկություններ․

Հայաստանը պետք է թարմացնի իր ԱՍԳ-ն՝ ներառելով դրանում զարգացման սցենարներ, որոնք հիմնված են թափանցիկ մոդելավորման վրա և ցույց են տալիս համապատասխանությունը գլոբալ տաքացումը 1.5°C մակարդակում պահելու նպատակին: Նպատակահարմար է նաև սահմանել միջանկյալ նպատակ 2035թ․ համար և ամրագրել մինչև 2050 թվականը ածխածնային չեզոքության հասնելու պարտավորություն՝ համաձայն ազգային LT-LEDS ռազմավարության:

Թարմացված ԱՍԳ-ն պետք է՝

- Ներառի փուլային ծրագիր հանածո վառելիքից հրաժարման և գազի ներմուծումից կախվածության աստիճանական նվազեցման համար։ Միաժամանակ անհրաժեշտ է ամրագրել վերականգնվող էներգիայի զարգացման նպատակային ցուցանիշները՝ հաշվի առնելով միջազգային կազմակերպությունների կանխատեսումները։

- Ներդնել արդարացի փոփոխությունների սկզբունքները՝ աշխատատեղերի և եկամուտների պաշտպանություն, «կանաչ» աշխատատեղերի ստեղծում, վերապատրաստման ծրագրեր և սոցիալական աջակցություն այն համայնքներին, որոնք կախված են բարձր ածխածնային ոլորտներից։

- Ներառել հարմարվողականության միջոցառումների մանրամասն պլան, ֆինանսական պահանջների գնահատում և միջազգային հիմնադրամներից, այդ թվում՝ Կորստի և վնասի հիմնադրամից,միջոցների ներգրավման մեխանիզմներ։

- Նախատեսել մոնիթորինգի և հաշվետվողականության թափանցիկ մեխանիզմների ստեղծում, ինչպես նաև ինստիտուցիոնալացնել հանրության և անկախ փորձագետների մասնակցությունը կլիմայական կառավարման գործում։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Հոկտեմբեր 22, 2025 at 19:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր