

ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Կլիմայի մասին» օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթը։ Օրենսդրական փաթեթը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ս․թ․ փետրվարի 12-ին։
«Կլիմայի մասին» օրենքը կարգավորում է ՀՀ-ում կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների մշակման, իրականացման, դրանց համակարգման գործընթացների կազմակերպումը։ Օրենքը նաև կարգավորում է կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության ոլորտներում Հայաստանի Հանրապետության, մարզպետների, համայնքների, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց հաշվառված բոլոր առանձնացված ստորաբաժանումների և ֆիզիկական անձանց միջև հարաբերությունները:
«Կլիմայի մասին» օրենքի նպատակն է իրավական հիմքեր ապահովել՝
- ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված գործողությունների պլանավորման և իրականացման համար՝ համաձայն ՀՀ միջազգային պարտավորությունների և հանձնառությունների
- կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման և իրականացման համար, ներառյալ կլիմայի փոփոխության հետևանքներից բնակչության, տնտեսության և ենթակառուցվածքների պաշտպանությունը և դրանց դիմակայունության ամրապնդումը:
Օրենքով նախատեսվում է ստեղծել Կլիմայի փոփոխության հարցերով խորհուրդ, որը կաջակցի կառավարությանը երկրի կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման, ՀՀ-ի կողմից միջազգային պայմանագրերով ստանձնված պարտավորությունների ու հանձնառությունների կատարման գործընթացներում:
Օրենսդրական փաթեթը մշակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ «ԵՄ-ն կլիմայի համար» ՄԱԶԳ-ԵՄ տարածաշրջանային ծրագրի, ինչպես նաև ՄԱԶԾ «Կլիմայական խոստում Հայաստան - խոստումից ազդեցություն» ծրագրի աջակցությամբ:
Փետրվար 18, 2026 at 15:24
