

Ինչո՞ւ տապալվեց հանածո վառելիքից հրաժարվելու որոշումը. «արգելքից» դեպի «սահմանափակում»
Դիանա Հարությունյանի գնահատմամբ՝ COP31-ում արձանագրված անհաջողությունը պատահական չէր, այլ տարիներ շարունակ հասունացող գործընթացի արդյունք։ Նրա խոսքով՝ հանածո վառելիքից հրաժարվելու միջազգային քաղաքական կամքի թուլացումը սկսվել էր դեռևս չորս համաժողով առաջ՝ Գլազգոյում (COP26), երբ ածխից հրաժարվելու որոշման տեքստում տեղի ունեցավ շրջադարձային տերմինաբանական փոփոխություն։
Մասնավորապես, նախնական փաստաթղթում ամրագրված էր «արգելք» բառը (phase-out), ինչը ենթադրում էր ածխի օգտագործման լիարժեք և վերջնական դադարեցում։ Սակայն բանակցությունների ընթացքում Հնդկաստանի առաջարկով և կոնսենսուսի չհասնելու վտանգի պատճառով (որի դեպքում որոշումն ընդհանրապես չէր ընդունվի) «արգելք» ձևակերպումը փոխարինվեց «սահմանափակում» բառով (phase-down)։ Այս զիջմամբ պարտադիր հրաժարման փոխարեն ամրագրվեց ծավալների կրճատման ավելի մեղմ ձևակերպում, ինչը երկրներին հնարավորություն տվեց շարունակել ածխի օգտագործումը։ Խնդիրն ավելի խորացավ Բաքվում կայացած համաժողովի ժամանակ, երբ նավթ արդյունահանող երկրները սկսեցին գործել ավելի համակարգված ու համախմբված։
«Քանի գնաց՝ նավթարդյունաբերող երկրներն ավելի կոնսոլիդացվեցին, և նրանց միացան նաև ածուխ օգտագործող ու մատակարարող երկրները։ Իսկ ածուխ մատակարարող երկիր Ավստրալիան այս անգամ հանդես էր գալիս որպես Թուրքիայում կայացած համաժողովի նախագահող»,- նշեց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ այդ երկրները տիրապետում են մեծ ֆինանսական լծակների․ նրանք ֆինանսավորում են լոբբինգ իրականացնող կազմակերպություններին, ինչպես նաև՝ ազդեցություն ունեն թույլ զարգացած երկրների պատվիրակությունների վրա, որոնց ֆինանսական կայունությունը որոշ չափով կախված է նրանցից։ Բացի այդ, համաժողովին նախորդել էր Չինաստանում կայացած ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան եռակողմ հանդիպումը, որտեղ հայտարարվել էր նավթի և ածխածնային վառելիքի արդյունահանումն ու տեղափոխումը զարգացնելու մտադրության մասին։
Արդյունքում Գլազգոյում սկսված և Բաքվում խորացած միտումները հանգեցրին նրան, որ COP31-ի վերջնական որոշումից ընդհանրապես դուրս մնաց հանածո վառելիքից մաքուր, ածխածնային չեզոք էներգետիկայի «անցում կատարելու» հիմնական ձևակերպումը՝ թուլացնելով փաստաթուղթը՝ նախորդ որոշումների համեմատ։ Փոխարենը շեշտը դրվեց ածխաթթու գազի որսման և պահեստավորման (CCS) վիճարկելի տեխնոլոգիայի վրա։
«Այդ տեխնոլոգիան ունի վտանգներ՝ կապված ծովային խորշերում CO2-ը պահելու հետ, ինչի դեմ հանդես է գալիս օվկիանոսների կենսաբազմազանությամբ մտահոգված համայնքը։ Ամեն դեպքում, նույնիսկ եթե այդ տեխնոլոգիան աշխատի, այն շատ քիչ հարց է լուծում, քանի որ չի կարող կլանել այն հսկայական քանակը, որն արտանետվում է տնտեսական զարգացման և էներգիայի սպառման աճին զուգընթաց»,- ընդգծեց փորձագետը։
Ի՞նչ հնարավորություն է տալիս COP31-ը Հայաստանին
Անդրադառնալով հարցին, թե գլոբալ և տեղական մակարդակում ինչ կարող է անել Հայաստանը, Դիանա Հարությունյանը շեշտեց, որ չնայած ընդհանուր բացասական ֆոնին, COP31-ում ընդունվել է մի կարևոր որոշում, որը լիովին բխում է Հայաստանի շահերից և էներգետիկ քաղաքականությունից։ Խոսքը էլեկտրիֆիկացման գաղափարախոսության մասին է։
«Դա այն ուղղությունն է, որը Հայաստանն արդեն որդեգրել է իր էներգախնայողության ծրագրում (երբ դու հանածո վառելիքն անմիջապես չես այրում, այլ խթանում ես էլեկտրական էներգիայի օգտագործումը, որը կարող է ստացվել վերականգնվող ռեսուրսների և ատոմային էներգետիկայի հիման վրա՝ առանց ածխածնային արտանետումների)։ Սա ուղղակիորեն նպաստում է Հայաստանի էներգետիկ անվտանգությանը՝ նվազեցնելով մեր երկրի կախվածությունը ներկրվող վառելիքից, հիմնականում՝ գազից»,- պարզաբանեց Հարությունյանը։
Եզրափակելով՝ Դիանա Հարությունյանը կարևորեց այն հանգամանքը, որ էլեկտրիֆիկացման ուղղությունը համընկնում է Եվրամիության դիրքորոշման հետ։ Նրա խոսքով՝ պետք է իրատեսորեն գնահատել իրավիճակը․ այն պայմաններում, երբ ավանդական այլ դոնորներ, ինչպես ԱՄՆ-ը, հրաժարվում են իրենց դոնորական գործառույթից, այսօր Հայաստանի և աշխարհի համար հիմնական դոնորը մնում է Եվրամիությունը։
Նոյեմբեր 24, 2026 at 11:38
