

ԷկոԼուր
«ԷկոԼուր»-ը շարունակում է «Կլիմա եւ մշակույթ» ծրագրի շրջանակներում կլիմայի փոփոխության վերաբերյալ մշակույթի եւ արվեստի ներկայացուցիչների հետ հարցազրույցներ հրապարակել: Հարցազրույցների շարքը կոչվում է «Կլիմայի փոփոխություն. սեփական կարծիք»: Ներկայացնում ենք երգչուհի, Եվրատեսիլ 2011-ին Հայաստանի ներկայացուցիչ Էմմիի կարծիքը:
Հայաստանում եւ ընդհանուր առմամբ աշխարհում ի՞նչ էկոլոգիական խնդիրներ են Ձեզ ամենից շատ անհանգստացնում:
Ամենամեծ խնդիրն այն է, որ անտառներն են հիմա ավելի քիչ, եւ շատ ավելի լավ կլինի, որ լավ պահպանենք մեր անտառները, որովհետեւ կանաչը, բույսը կեղտոտ օդը եւ վատ էմոցիաները վերցնում են իրենց վրա:
Փառք Աստծո, այսօր մեր քաղաքը մաքուր է: Ես տեսնում եմ, որ յուրաքանչյուր համայնքը փորձում է անել ամեն ինչ, կարելի է ասել` մրցակցում են, որպեսզի մեկը մյուսից ավելի մաքուր լինի: Ցավոք, չեմ կարող նույնը ասել շրջանների մասին: Եթե ամեն քաղաք, ամեն համայնք հոգ տանի մաքրության համար, երկրագունդը կլինի ավելի բարելավված վիճակում:
Բնությունը եւ շրջակա միջավայրը ոգեշնչու՞մ են Ձեզ Ձեր ստեղծագործական աշխատանքում:
Եթե անձրեւոտ օր է լինում, կամ ձյուն է գալիս, ես ավելի ուրախ եմ այդ օրը, որովհետեւ իմ մեջ այնպիսի մի զգացողություն կա, որ անձրեւը, ձյունը կմաքրեն ամեն ինչ: Վերջերս մի ֆոտոսեսիա արեցի: Մեկ շաբաթ շարունակ հետեւում էի եղանակի տեսությանը, որպեսզի հենց անձրեւոտ օր նկարահանումները լինեն: Իմ տեսահոլովակներից մեկը մի աղջկա մասին է, ով վատ տրամադրություն ունի, որովհետեւ իր սիրած անձնավորությունը դժբախտության մեջ է: Մենք ռեժիսորական լուծումը գտանք անձրեւով:
Կլիմայի փոփոխության մասին խոսում են քաղաքական գործիչները, գիտնականները, կանխագուշակում են աղետներ: Արդյոք զգու՞մ եք Դուք այդ փոփոխությունները եւ հատկապես ինչու՞մ են դրանք նկատելի:
Պետք չէ լինել գիտնական, հետազոտել կլիմայական ինչ-որ բաներ, որ չտեսնել որ աշխարհում ամեն ինչը փոփոխված է: Այսօր ամբողջ երկրագունդը խառնվել է իրար` երկրաշարժներ, ջրհեղեղներ թե Եվրոպայում, թե Նահանգներում: Մարդկային կորուստներ են լինում, մարդիկ զրկվում են տներից: Հայաստանում նույնպես եղանակները խառնվել են: Երբ ես փոքր էի, գիտեի, որ դեկտեմբեր ամսին պետք է ձյուն գա: Հիմա ձմեռ է, բայց Երեւանը շատ արեւոտ ու տաք է, եւ ձյուն չկա: Մեզ մոտ էլ է կլիման փոխվել:
Այս ամենի մեղավորը մենք ենք` մարդիկ: Ես հասկանում եմ, որ բիզնեսը շատ լավ բան է: Բոլորս էլ ուզում ենք լավ ապրել, ունենալ լավ պայուսակ, լավ մեքենա, ավելի շատ մատանիներ, բայց չէ որ կարեւորն այն է, որ մենք կարողանանք այս կյանքը վայելել, ապրել: Հերիք է ծառերը կտրենք: Հերիք է քաղենք ամեն ինչ բնությունից: Ժամանակն է արդեն, որպեսզի քաղելուց, օգտվելուց ամեն ինչը մեզնով անելուց բացի կարողանանք ինչ որ բան հետ տալ բնությանը:
Ես խորհուրդ կտամ բոլորին նայել Ալբերտ Գոռի տեսանյութերը, ֆիլմերը, որտեղ ամեն ինչ ասվում է, թե ինչ է պետք անել, որպեսզի էկոլոգիան ավելի լավը լինի:
Ինչպե՞ս կարող են արվեստն ու մշակույթն իրենց ներդրումն ունենալ շրջակա միջավայի պահպանման գործում:
Ես մի շատ լավ ու վառ օրինակ ունեմ: Նրա բոլոր համերգների, տեսահոլովակների ընթացքում կարող ես տեսնել, որ այդ մարդը հոգատար է բնության նկատմամբ: Դա Մայքլ Ջեքսոնն է: Նրա «Earth Song» երգի տեսահոլովակում նկարահանվել է ծառերի վերացումը, երկրաշարժ, ջրհեղեղ, այն ամենը, ինչը վատ է: Նա աշխարհի միակ եւ անփոխարինելի մարդն էր, ով միայնակ կոչ էր անում, որ բնությունը պետք է պահպանել: Նա միայնակ էր, բայց մենք շատ ենք եւ մենք էլ կարող ենք կոչ անել:
Ես ուզում եմ խնդրել բոլոր այն մարդկանց, ովքեր մտահոգված են այս խնդրով, ուղղակի կազմակերպեք մեծ միջոցառումներ: Հավաքեք մարդկանց Հայաստանի տարբեր անկյուններից, եւ ես ու իմ կոլեգաները պատրաստ ենք անվճար համերգ տալ: Մենք պատրաստ ենք կանգնել պետության կողքին եւ կոչ անել, որպեսզի մեր Հայաստանը, էկոլոգիան ավելի բարելավվի եւ ամբողջ աշխարհին ցույց տանք, որ փոքր ենք, բայց մենք էլ ենք հոգ տանում բնության մասին:
Որքանո՞վ եք Դուք անձամբ պատրաստ փոխելու Ձեր կենսակերպը, որպեսզի պահպանեք բնությունը:
Մանկուց շատ եմ սիրել գարունը նրա համար, որովհետեւ հայտարարվում է ծառատունկ: Եթե հիմա իջնենք մեր բակ, կարող ենք տեսնել իմ եւ իմ ընկերների տնկած ծառերը: Ամեն տարի` գարնանը, միշտ մաքրել ենք մեր բակն այնպես, ինչպես ոչ ոք երեւի թե իր տունը չի մաքրում:
Ես միայնակ շատ քիչ եմ, որպեսզի կարողանամ ինչ-որ մի բան փոխել: Ես պատրաստ եմ բոլորի համար շատ երգել, շատ լավ տրամադրություն նվիրել, բայց ուղղակի խնդրում եմ, եկեք միավորվենք եւ փորձենք անել այնպես, որպեսզի մենք` բոլորս, ավելի մաքուր եւ ավելի լավ ապրենք:
Հունվար 26, 2011
