

Կապիտալ
Առաջիկա տասնամյակում կլիմայի փոփոխությունը կարող է բացասական ազդեցություն գործել սննդամթերքի արտադրության ծավալների վրա, քանի որ այս ժամանակահատվածում Չինաստանում և Հյուսիսային Ամերիկայում խիստ երաշտ է ակնկալվում: Նման կանխատեսում է կատարում Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ):
ՀՕԿ-ի նախագահ Օմար Բադուրի խոսքով` կլիմայական կտրուկ փոփոխությունները հետագայում ավելի հաճախակի կդառնան: «Խոսքը հատկապես խիստ շոգի և առատ տեղումների ժամանակաշրջանի մասին է: Այս գործոնները, անձրևների քանակի կրճատման հետ մեկտեղ, որը կարձանագրվի որոշ շրջաններում, այդ թվում` Միջերկրական ծովում և Չինաստանում, կազդեն գյուղատնտեսության և բերքատվության վրա»,- ասել է նա:
Եղանակի ավելի կտրուկ փոփոխությունները, նաև ԱՄՆ-ում, կարող են կրճատել հացահատիկի բերքը, հանգեցնել անասնագլխաքանակի, բուսական յուղերի արտադրության կրճատմանը և նպաստել պարենամթերքի գների բարձրացմանը: Չինաստանի ներկայիս երաշտը վնասել է 6,4 մլն հա ֆերմերային հողատարածք և կարող է հանգեցնել բրձնի վաղ բերքի կրճատմանն այն դեպքում, եթե առաջիկա երկու շաբաթում անձրևներ չլինեն: ԱՄՆ-ում ջրհեղեղները 3,6 մլն ակր ցանքատարածություն են վնասել:
Բրիտանական Standard Chartered Plc-ի կանխատեսմամբ` այս եռամսյակում եգիպտացորենի գինը կկազմի 7,75 $/բուշել, իսկ 3-րդ եռամսյակում այն կբարձրանա մինչև 8 $/բուշել` ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի եղանակային պայմանների մտավախություններով պայմանավորված:
Մայիս 30, 2011 at 17:56
