Վրաստանի անտառային սեկտորի բարեփոխումները արտակարգ ահազանգ են, հայտարարում է Վրացական կանաչ ցանցը

Վրաստանի անտառային սեկտորի բարեփոխումները արտակարգ ահազանգ են, հայտարարում է Վրացական կանաչ ցանցը

ԷկոԼուր - CENN

Վրացական կանաչ ցանցը, որը վրացական հասարակական կազմակերպությունների ոչ պաշտոնական միավորում է, սուր քննադատությամբ է հանդես եկել անտառային սեկտորում պետության վարած քաղաքականության նկատմամբ: Խոսքն այն մասին է, որ Վրաստանի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը երկրի անտառային սեկտորի օպտիմալացման նպատակով անտառօգտագործման արտոնագրի փոխարեն մտցրել է երկարաժամկետ վարձակալություն` 49 տարի ժամկետով:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալեքսանդր Խետագուրին հայտարարեց, որ եթե վարձակալը իր տարածքում հայտնաբերի հանքային ջուր կամ մինչ օրս անհայտ այլ ռեսուրսներ, նա իրավունք կունենա շահագործելու, ինչը վարձակալին լրացուցիչ եկամուտ կբերի: Իր հայտարարության մեջ Վրացական կանաչ ցանցը նշում է, որ վարձակալների գործունեությունը կարող է հանգեցնել նրան, որ անտառահատումը կփոխարինվի գործունեության այլ տեսակներով, որոնք կարող են ավերիչ ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա հատուկ հետազոտությունների բացակայության պայմաններում: «Որոշումը «արտակարգ ահազանգ է»»,- նշված է հայտարարության մեջ,- «նոր նախարարությունն անտառը դիտում է որպես ֆինանսների արագ ձեռքբերման միջոց` առանց քննարկելու նրա կայուն օգտագործումն ու պահպանումը»:   

Ցանցը նաեւ հիշեցնում է նախարարությանը, որ նախարարությունն ուղղակի պատասխանատվություն է կրում ՄԱԿ-ի ԵՏՀ Օրհուսի կոնվենվենցիայի, ՄԱԿ-ի կենսաբազմազանության պահպանման  եւ Եվրոպայում անտառների պահպանման վերաբերյալ նախարարական գիտաժողովի համար: «Վերջին տարիների  ոչ համակարգային փոփոխությունները` պայմանավորված որոշումներ ընդունող անձանց ոչ պրոֆեսիոնալիզմով, շահերի բախմամբ, պրոտեկցիոնիզմով, հանգեցրին նրան, որ անտառային սեկտորը կարող է հայտնվել կոլլապսում: Ինստիտուցիոնալ համակարգը դարձել է շատ թույլ, մոնիտորինգն ու վերահսկողությունը գործնականում բացակայում է»:

«ԷկոԼուր»-ը միանում է իր վրացի գործընկերներին: Անտառների պահպանումն այսօր գերխնդիր է բոլորիս համար առավել եւս կլիմայի փոփոխության ահագնացող տեմպերի պայմաններում: Վրաստանի անտառների ավերումը չի կարող անհետեւանք մնալ տարածաշրջանի համար: Կլիմայի փոփոխության հետեւանքով առաջացած բնական ավերիչ աղետները կարող են հողին հավասարեցնել այն կարճատեւ շահը, որը պետությունը կարող է ստանալ անտառի հատումից եւ վաճառքից:

Օգոստոս 03, 2011 at 12:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր