«Դաստակերտ» ՓՀԷԿ-ի աշխատելու դեպքում էկոլոգիական թողքը կկազմի 0.08 մ3/վայրկյան

«Դաստակերտ» ՓՀԷԿ-ի աշխատելու դեպքում էկոլոգիական թողքը կկազմի 0.08 մ3/վայրկյան

ԷկոԼուր

Սույն թվականի հուլիսի 30-ին՝  ժամը 14.00-ին,  ՀՀ Սյունիքի մարզի Դաստակերտի քաղաքապետարանում տեղի կունենան «Բասսաշին» ՍՊԸ կողմից ներկայացված «Դաստակերտ» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը:

Ըստ նախագծի՝ ՓՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել Դաստակերտի մոտակայքում` Որոտան գետի   Այրի  վտակի աջ ափին: ՓՀԷԿ-ի շահագործման արդյունքում արտադրվելու է տարեկան 6.56 մլն. կՎտ/ժ էներգիա, որը ամբողջությամբ վաճառվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին:

Շինարարական աշխատանքները իրականացվելու են 12 ամիս: ՓՀԷԿ-ի կառուցվածքների կազմի մեջ են մտնելու գլխամասային հանգույցը, դերիվացիոն ճնշումային խողովակաշարը, ՓՀԷԿ-ի շենքը հեռացնող ջրանցքով: Ջրօգտագործումը կկազմի 86.4 մ3/շին.ժամ, 0.96 մ3/օր, իսկ էկոլոգիական թողքը՝ 0.08 մ3/վրկ: Հողային զանգվածը կկազմի 10844.0 մ3/շին.ժամ, որից աշխատանքների ժամանակ կհանվի 556.8 մ3 բերրի հող: Նաև աշխատանքնների ընթացքում կառաջանա 160.0 մ3  աղբ: Աշխատանքների ընթացքում մթնոլորտ է արտանետվելու փոշի, ածխածնի  օքսիդ (CO), ածխաջրածիններ (CH), ազոտի օքսիդներ (NOx), ծծմբային անհիդրիդ (SO2), աերոզոլ, մանգանի և քրոմի օքսիդներ՝ ընդամենը 5.6661 գ/վրկ ծավալով: ՓՀԷԿ-ի շենքի կառուցման ընթացքում կվնասվի այդ հատվածների բուսածածկը: Նախատեսվում է հատել թփեր, սակայն, ըստ նախագծի, շենքի կառուցումից հետո տնկվելու է 20 հատ  ծառ և շենքի մոտակայքում իրականացվելու է 600 քառ.մ մակերեսով կանաչապատում: ՓՀԷԿ-ի շինարարության արդյունքում շրջակա միջավայրին հասցված տնտեսական վնասը կկազմի`333269 դրամ/տարի, իսկ  բնապահպանական ծախսերը՝ 1600 հազար դրամ: Ըստ  նախագծի` ՓՀԷԿ-ի տարածքում բնության հուշարձաններ չկան: Չկան նաև Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ: Սակայն կենդանական աշխարհի մասին նշված չէ:

Հուլիս 26, 2013 at 12:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր