«Արփա-3» ՓՀԷԿ-ը նախատեսում են կառուցել «Ջերմուկ» պետական ջրաբանական արգելավայրի տարածքում

«Արփա-3» ՓՀԷԿ-ը նախատեսում են կառուցել «Ջերմուկ» պետական ջրաբանական արգելավայրի տարածքում

ԷկոԼուր

Եթե ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը դրական եզրակացություն տա «Արփա-3» ՓՀԷԿ-ի նախագծին, ապա ՓՀԷԿ-ը կկառուցվի «Ջերմուկ» պետական ջրաբանական արգելավայրի տարածքում:  Կառուցողը «Ջինջ Արփա» ՍՊԸ-ն է: «Ջերմուկ» պետական ջրաբանական արգելավայրը ստեղծված է` պահպանելու տեղի հանքային ջրերի աղբյուրները: «Արփա 3» ՓՀԷԿ-ի Շրջակա միջավայրի պաշտպանությունե փաստաթղթում նշված է. «...հանքային ջրերի աղբյուրների սնման ավազանները պահպանելու նպատակով նախատեսվում է տվյալ նախագծի շրջանակներում անհրաժեշտ պայթեցման աշխատանքների ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով կիրառել փոքր հզորությամբ լիցքերով պայթեցումներ»: Հիշեցնենք, որ հիդրոլոգները բազմիցս ահազանգել են, որ պայթյունների հետեւանքով հանքային ջրերը կարող են անհետանալ, քանի որ շատ նուրբ օրգանիզմներ են:

«Ջերմուկ» ջրաբանական արգելավայրից մոտ 3 կմ հեռավորության վրա է գտնվում «Ջերմուկ» պետական արգելավայրը: Այս կապակցությամբ նախագծում նշված է. ««Արփա-3» ՓՀԷԿ-ի շինարարության ընթացքում «Ջերմուկ» պետական արգելավայրի կենդանական աշխարհի վրա կդիտվի միայն մեկ բացասական ազդեցություն. ծանր մեխանիզմների աշխատանքի ընթացքում առաջացած աղմուկն ի հայտ կբերի վախի գործոն, սակայն նշված բացասական ազդեցությունը կլինի ժամանակավոր, կարճատև և աննշան «Ջերմուկ» պետական արգելավայրի կենդանական աշխարհի համար»:

ՓՀԷԿ-ի շահագործման դեպքում բնապահպանական թողքը օրական լինելու է 0.42 մ3/վայրկյանում:

«Արփա-3» ՓՀԷԿ-ը օգտագործելու է Արփա գետի տեղամասի անկումը: Ընդհանուր 170մ նիշերի տարբերությամբ, ճնշումային խողովակաշարերով, գետի մնացորդային ազատ ելքերի հաշվին ստանալու է 3.11 ՄՎտ հաշվարկային հզորությամբ էլեկտրաէներգիա: «Արփա-3» ՓՀԷԿ-ի կառուցվածքների մեջ մտնելու են` պատվար, ճնշումային ավազան, ջրընդունիչ, դերիվացիա, որը կազմված է 2650 մ ընդհանուր երկարություն ունեցող խողովակաշարից: «Արփա-3» ՓՀԷԿ-ի  գլխամասային հանգույցի ուղղահատածքի նիշն է` 2287.8 մ, ջրհավաք մակերեսը կազմելու է 97.7 կմ2:

Նոյեմբերի 14-ին Ջերմուկ քաղաքում նախատեսված են ՓՀԷԿ-ի նախագծի հասարակական լսումները:

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։ 

Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու  տեսակետների հետ։

Նոյեմբեր 14, 2013 at 16:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր