ՓՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանի ելույթը ցնցեց բնապահպաններին

ՓՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանի ելույթը ցնցեց բնապահպաններին

ԷկոԼուր

Փոքր ՀԷԿ-երը վնաս չեն պատճառում շրջակա միջավայրին, իսկ խնդիրների մասին խոսում են ոչ մասնագետները. հայտարարեց ՀՀ Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը   ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Փոքր ՀԷԿ-երի ոլորտում կայուն զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ: «Վերջին տարիների խնդիրներից են մամուլում պարբերաբար հայտնվող ոչ մասնագիտական հոդվածները՝ կապված շրջակա միջավայրի վրա  ՀԷԿ-երի ազդեցության հետ: Փոքր ՀԷԿ-երն իրենց գործունեության ընթացքում որևէ բնապահպանական խնդիրներ չեն առաջացնում: Արտանետումներ չկան, իսկ փոքր ՀԷԿ-երի կողմից օգտագործվող ջուրը քանակական և որակական փոփոխության չի ենթարկվում»,- ասաց նա:  Ի պատասխան Նաիրա Նահապետյանի անկախ փորձագետ Սեյրան Մինասյանը ասաց.  «Ես վաղուց նման ցնցում չէի ապրել: Ուրեմն ասեմ, փոքր ՀԷԿ-ը կիլովատ ժամի հաշվով շատ ավելի մեծ ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա, քան մեծ ՀԷԿ-ը:  Հասկացանք` արտանետում չկա, բայց էկոլոգիան միայն արտանետումը չէ.  թթվածնի պակաս կա, ջուրը պակասում է, ջրի ջերմաստիճանը բարձրանում է, իսկ դա նշանակում է, որ տեղի են ունենում հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, հիդրոմորֆոլոգիական փոփոխություններ»:

Սեյրան Մինասյանը փոքր ՀԷԿ-երի գործունեությունը Հայաստանում անվանեց գետահենություն. «Ստանում են թույլտվությունը, հետո սկսում են զբաղվել գետահենությամբ՝  դրանով փչացնելով փոքր ՀԷԿ-երի զարգացման բուն գաղափարը... Պետք է կառուցել ՓՀԷԿ-եր, բայց ոչ այնպես, որ ոչնչացնել չորս կողմը ամեն ինչ...Անգամ դեպք գիտեմ, երբ պահակի նման հսկում են, որ հանկարծ մարդ չգնա, որովհետև ամբողջ ջուրը վերցնում են... Գյուղացիները ոռոգման ջուր չունեն...սա ուղղակի ավազակություն է,- ասաց Սեյրան Մինասյանը,- Այն, ինչ Հայաստանում կիրառվում է  և համարվում է էկոլոգիական թողք, ամենաբարբարոսական մոտեցումներից մեկն է: Գետին մոտենում են որպես ռեսուրսի, այլ ոչ թե որպես էկոհամակարգի: Եթե անգամ պահպանեն օրենքով սահմանված էկոլոգիական թողքը, միևնույն է, գետից բան չի մնա»: Որպես փոքր ՀԷԿ-ի ազդեցության հետևանք նա օրինակ բերեց Եղեգիս գետը. «Եղեգիս գետ գոյություն չունի, գոյություն ունի Եղեգիսի խողովակաշար, որի վրա 8-9 փոքր ՀԷԿ-եր են կառուցել»: Սեյրան Մինասյանի կարծիքով` պետք է քննարկել բոլոր խնդիրները, այլ ոչ թե ասել, որ խնդիրներ չկան: 

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանն իր ելույթում նշեց, որ փոքր ՀԷԿ-երի ոլորտը ունի խնդիրներ, և կառավարությունն աշխատում է այդ խնդիրների լուծման ուղղությամբ, օրինակ, կառավարությունը որոշում ընդունեց չկառուցել ՓՀԷԿ-եր Սևանի ավազանում: Մեր կողմից նշենք, որ կառավարության նշված որոշումը նախատեսում է օրենքի փոփոխություններ և արդեն երկու տարի մտած է Ազգային ժողովի օրակարգում, սակայն չի քննարկվում և չի ընդունվում, իսկ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  նոր օրենքի նախագծում առաջարկվում է ՓՀԷԿ-երի նախագծերի փորձաքննություն չանցկացնել: 

Նաիրա Նահապետյանի ելույթը դիտեք տեսանյութում:

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի 
ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ 
նախաձեռնության ծրագրի շրջանակներումդրամաշնորհ N 18571.։ 

Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են 
չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի դիրքորոշումների ու  տեսակետների 
հետ։



Փետրվար 27, 2014 at 12:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր