

ԷկոԼուր
Սույն թվականի ապրիլի 10-ին` ժամը 12.00-ին, Իջևան քաղաքի Մելիքբեկյան փողոցի 5/9 հասցեում, տեղի կունենան «Իջևան-1» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագծի հասարակական լսումները: Նախագիծը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել «Ջուրլույս» ՍՊ ընկերությունը:
«Իջևան-1» փոքր ՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել ՀՀ Տավուշի մարզում` Աղստև գետի վրա շահագործվող «Սպիտակ լիճ» ջրամբարի պատվարի ներքին բյեֆում: ՓՀԷԿ-ի շենքը նախատեսվում է տեղակայել Աղստև գետի ձախ ափում: ՓՀԷԿ-ի ճնշումային խողովակաշարի երկարությունը 340 մ է, տրամագիծը` 2032մմ:
Արտադրվելու է միջինը տարեկան 8.04 միլիոն կՎտժ էլեկտրաէներգիա, որը առաքվելու է հանրապետության էներգահամակարգ: Ըստ նախագծի` «Իջևան-1» ՀԷԿ-ի շահագործումից ստացված շահույթը նախատեսվում է ներդնել նոր ՓՀԷԿ-երի կամ նոր արտադրա-արդյունաբերական հզորությունների կառուցման համար:
Նշենք, որ նմանատիպ մտադրություն ունի նաեւ «Մարց Էներջի» ընկերությունը, որը Մարց գետի վրա պատրաստվում է կառուցել «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ը, որի դերիվացիայի երկարությունը լինելու է 4750.0 մետր: «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի համաձայն՝ ՓՀԷԿ-ի ստացված շահույթով նոր ՓՀԷԿ-եր կամ նոր արտադրական հզորություններ են կառուցվելու։ Սակայն Մարց գյուղի բնակիչները դեմ են այս ՓՀԷԿ-ի կառուցմանը, քանի որ ականատես են եղել Մարց գետի վրա արդեն իսկ կառուցված «Մարցիգետ ՓՀԷԿ-2» ՓՀԷԿ-ի գործունեությանը, որի արդյունքում գետում ջուր չի մնացել, իսկ ՓՀԷԿ-ի դերիվացիոն խողովակաշարի 7 տեղից վթարվելու հետեւանքով վնասվել է իրենց ճանապարհը։
«Իջևան-1» փոքր ՀԷԿի նախագծի համաձայն՝ ուսումնասիրվող տարածքի բուսածածկը ներկայացված է լայնատերև անտառային բուսականությամբ, որտեղ հանդիպում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված Ընկուզենի սովորականը (Juglans regia), որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում եւ պատկանում է «Քիչ մտահոգող տեսակներ» կատեգորիայի բույսերի ցուցակին:
Տարածաշրջանում հանդիպում է միայն ՀՀ Կարմիր գրքում գնացված1 էնդեմիկ բուսատեսակ` Սրոհունդազգիներից (Hypericum) − Սրոհունդ Էլեոնորայի (Hypericum eleonorae): Այն համարվում է կրիտիկական վիճակում գտնվող բուսատեսակ: Սակայն, նախագծի համաձայն, ՓՀԷԿ-ի կառուցվածքների տարածքում հազվագյուտ, անհետացող, կրճատվող տեսակներ չեն հայտնաբերվել:
«Իջևան-1» ՓՀԷԿ-ի էկոլոգիական թողքը կազմում է 0.75 մ3/վրկ.: Դերիվացիոն խողովակաշարի տարածքում կհատվի շուրջ 18 ծառ, որոնք պատկանում են Ուռենիների ցեղին (Salix): Տվյալ բացասական ազդեցությունը մեղմացնելու և բուսածածկը վերականգնելու նպատակով կկատարվի ծառատունկ, որի ընթացքում կօգտագործվեն ծառատեսակներ, որոնք հատվել են շինարարության ընթացքում և բնորոշ են տվյալ լանդշաֆտին:
Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։
Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու տեսակետների հետ։
Ապրիլ 07, 2014 at 16:35
