

ԷկոԼուր
Սույն թվականի ապրիլի 4-ին ՀՀ Բնապահպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ նշված է. «ՀՀ բնապահպանության նախարարությունը իր լիազորությունների շրջանակում տալիս է ՀԷԿ-ի կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվություն, ինչի վերաբերյալ «Ջինջ Արփա» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը դեռ սահմանված կարգով գտնվում է գնահատման փուլում և թույլտվություն չի ստացել»:
Մինչ այդ, սույն թվականի մարտի 28-ին նույն նախարարությունը Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամ Լևոն Գալստյանին ուղղված իր նամակում նշել է. ««Ջինջ Արփա» ՍՊԸ-ի «Արփա» ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերի և դրանց վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության հասարակական լսումները տեղի են ունեցել 14.11.2013 թ. և 06.12.2013 թ., ինչի արդյունքում նախագիծը և կից փաստաթղթերն արժանացել են հավանության»:
ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Վարդանյանը ԷկոԼուրին հայտնեց, որ նախարարությունը «Ջինջ Արփա» ՍՊԸ-ին «Արփա-3» ՓՀԷԿ-ի կառուցման համար առաջին անգամ ջրօգտագործման թույլտվություն է տրամադրել 2013 թ-ին, որը ընկերությունը չի օգտագործել և փաստաթղթի ժամկետը անցել է: Ընկերությունը երկրորդ անգամ է դիմել բնապահպանության նախարարությանը ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար, որը դեռ գտնվում է գնահատման փուլում և թույլտվությունը դեռ չի տրամադրվել: Արմեն Վարդանյանի խոսքով՝ ՀԲՃ-ին ուղղված նամակը վերաբերում է առաջին դեպքին, երբ 2013 թ-ին նախարարությունը ընկերությանը տրամադրել էր ջրօգտագործման թույլտվություն, որի ժամկետը անցել է, իսկ ապրիլի 4 -ին իրենց տարածած հաղորդագրության մեջ նշված տեղեկատվությունը վերաբերում է ընկերության կողից թույլտվություն ստանալու երկրորդ հայտին, որին նախարարությունը դեռ հավանություն չի տվել:
Նշենք, որ հասարակական լսումների ժամանակ քննարկվում է ոչ թե ընկերություններին ջրօգտագործման թույլտվություն տալը, այլ ՓՀԷԿ-ի կառուցման կամ վերազինման նախագիծը, որից հետո, հաշվի առնելով համայնքի, անկախ փորձագետի կարծիքները, ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը նախագծին տալիս է կա՛մ դրական, կա՛մ բացասական եզրակացություն, որից էլ կախված է, թե արդյոք նախագիծը կյանքի կկոչվի, թե ոչ։ Դեռեւս չի գրանցվել որեւէ հասարակական լսում, որտեղ քննարկվի, թե արդյոք բնապահպանության նախարարությունը պետք է ջրօգտագործման թույլտվություն տա ՓՀԷԿ-ի շահագործման համար, թե ոչ։ Եւ ընդհանրապես «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքը, մասնավորապես 4-րդ հոդվածը չի նախատեսում ջրօտագործման թույլտվության վերաբերյալ հասարակական լսումների անցկացում։
Հիշեցնենք, որ «Ջինջ Արփա» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարություն բնապահպանական փորձաքննության է ներկայացրել «Արփա-3» ՓՀԷԿ-ի 2 նախագիծ։ 2013թ․ հոկտեմբերի 12-ի ամսաթվով բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված նախագծում նշված էր․«Նախագծվող ՓՀԷԿ-ի տարածաշրջանն ընդգրկված է «Ջերմուկ» ջրաբանական արգելավայրի տարածքում, որը ստեղծվել է Արփա գետի ավազանի բարձրադիր հատվածներում գտնվող հանքային աղբյուրների պահպանման համար»։ Այդ նախագծի վերաբերյալ միակ հասարակական լսումները տեղի ունեցան Ջերմուկ քաղաքում՝ 2013թ․ նոյեմբերի 14-ին։ Այն բանից հետո, երբ բնապահպան հասարակայնությունը իր դժգոհությունն ու բողոքը հայտնեց, որ նախագծով ՓՀԷԿ-ը կառուցվելու է Ջերմուկ ջրաբանական արգելավայրի տարածքում, «Ջինջ Արփա»-ն փորձաքննության ներկայացրեց նոր նախագիծ, որում նշված է, որ ՓՀԷԿ-ը արգելավայրի տարածքից դուրս է:
Նշենք, որ նոր նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ չեն անցկացվել։ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ «Լիազորված մարմինը, ազդակիր համայնքի ղեկավարները եւ ձեռնարկողը 30 օրացուցային օրվա ընթացքում կազմակերպում ու ապահովում են հասարակայնության կողմից փաստաթղթերի ուսումնասիրությունը եւ լսումները: Հասարակայնության կարծիքը նշված ժամանակամիջոցում ներկայացվում է ազդակիր համայնքի ղեկավարներին կամ անմիջապես լիազորված մարմին: Երկրորդ նախագիծը ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրվել է սույն թվականի փետրվարի 14-ին։ 30 օրը վաղուց անցել է, բայց լսումները չեն կազմակերպվել։
Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ –Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։
Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի դիրքորոշումների ու տեսակետների հետ։
Ապրիլ 09, 2014 at 11:55
