

ԷկոԼուր
«ԲԻԷՍԲԻ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Խաչի քար» փոքր հիդրոէլեկտրակայանում սույն թվականի հունվարի 21-ին տեղի է ունեցել միջադեպ, ինչի արդյունքում քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հիդրոէլեկտրակայանում վերանորոգման աշխատանքների կազմակերպման ժամանակ «ԲԻԷՍԲԻ» ՍՊԸ-ի ղեկավարության կողմից տեղի է ունեցել ՀՀ աշխատանքային օրենսդրության և դրանով կարգավորվող հարաբերությունների, աշխատանքի ճիշտ կազմակերպման ձևի խախտումներ, ինչն էլ հանգեցրել է ընկերությանը տրամադրված №0487 լիցենզիայի պայմանների խախտման։ Այս մասին տեղեկացնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքը։
Աղբյուրի համաձայն՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը սույն թվականի մարտի 28-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որպեսզի վերջինս ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ընկերությանը էլեկտրաէներգիայի արտադրության համար տրամադրված №0487 լիցենզիայի պայմաններն ու պահանջները կատարելու ուղղությամբ։ Հանձնաժողովը 2014 թվականի մայիսի 19-ից «ԲԻԷՍԲԻ» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ №0487 լիցենզիայի պայմանների հնարավոր խախտման փաստի ուսումնասիրության նպատակով։ Ընկերությանն առաջարկվել է Հանձնաժողով ներկայացնել հարուցված վարույթի շրջանակում ուսումնասիրվող հարցի առնչությամբ փաստարկներն ու դրանք հիմնավորող փաստաթղթերը, որոնք ընկերությունը չի ներկայացրել։ Այս բոլորի հիման վրա Հանձնաժողով հունիսի 11-ի նիստում կորոշի №0487 լիցենզիայի պայմանների 15-րդ կետի խախտման համար «ԲԻԷՍԲԻ» ՍՊԸ-ին նախազգուշացնել:
Նշենք, որ «ԲԻԷՍԲԻ» ՍՊԸ-ն պատկանում է Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանին։ «Խաչի քար» փոքր ՀԷԿ-ը կառուցվել 2012թ-ին՝ Եղեգիսի վտակ Հերմոնի վրա։ Ինչպես տեղեկացնում է, «Հետք»-ը, այս փոքր ՀԷԿ-ի շինարարությունը ավարտին է հասցվել կառուցվել է առանց բնապահպանական փորձաքննության անցկացման։ Սերգեյ Բագրատյանը հայտնել է, որ այն կառուցում է KFW բանկի վարկային ծրագրով' 10,5 տոկոս դրույքաչափով: Փորձելու են օգտվել նաև Կիոտոյի համաձայնագրի քվոտաներից:
Հունիս 10, 2014 at 16:36
