1998-2013 թթ. այրվել է 2875,3 հա անտառային տարածք

1998-2013 թթ. այրվել է  2875,3 հա անտառային տարածք

ԷկոԼուր

Ըստ վիճակագրական տվյալների՝ 1998-2013 թթ. անտառային հրդեհների ծավալային քանակով ամենաշատ հրդեհներ եղել են  2006, 2010 և 2011 թթ-ին: Այս մասին հունիսի 18-ին հայտնեց կենսաբանական գիտությունների դոկտոր, «Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ» ծրագրի տեղական համակարգող Անդրանիկ Ղուլիջանյանը: 

Ըստ Ա. Ղուլիջանյանի՝ 1998-2013 թթ. այրված անտառային տարածքները ընդհանուր կազմում են 2875,3 հա, որից  2323,9 հա անտառածածկ տարածքներն են: Այսպիսով, 2006 թ-ին այրվել է ընդհանուր 333,6 հա անտառային տարածք, որից 299,2 հա եղել են անտառածածկ տարածքներ: 2010 թ-ին այրվել է ընդհանուր 846,9 հա անտառային տարածք, որից 786,1 հա եղել են անտառածածկ տարածքներ: Իսկ 2011 թ-ին այրվել է ընդհանուր 472,6 հա անտառային տարածք, որից 421,2 հա եղել են անտառածածկ տարածքներ: Ղուլիջանյանը նաև նշեց, որ հրդեհները հիմնականում լինում են հուլիս, օգոստոս ամիսներին: Նրա խոսքով՝ վերջին 2-3 տարիներին հրդեհներ լինում են նաև դեկտեմբեր ամսին, ինչը խոսում է կլիմայի փոփոխության հետևանքների մասին: 

«10 տարիների կտրվածքով ունենք շուրջ 900 000 եվրոյի վնաս, իսկ հրդեհների մարումը արժեցել է 6000-7000 եվրո»,-  ասաց Ա. Ղուլիջանյանը:

«Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ» ծրագրի պիլոտային տարածքը «Արևիկ» ազգային պարկն է, որը գտնվում է հանրապետության հարավում է և կլիմայի փոփոխության տեսանկյունից ամենախոցելի տարածքներից է: «Այստեղ անտառային տարածքները սկսում են 500 մետրից, բարձրանում են մինչև 2400 մ ծովի մակարդակից և ընկնում են շատ բարձր թեքությունների վրա՝ միջինը 25 աստիճան, իսկ դա նշանակում է, որ նույնիսկ հրդեհների ծագման դեպքում այդ բարձր թեքության վրա մեր տեխնիկական միջոցները հնարավորություն չեն ընձեռելու այնտեղ աշխատանքներ կատարելու համար»,- նշեց ծրագրի համակարգողը: 

Ինչ վերաբերում է գետային ցանցին, Ա. Զուլիջանյանը ասաց. «Քանի որ գետերը ամառային ամիսներին սակավաջուր են, հրդեհները մարելը բարդանում է: Ծրագրի նպատակն է տարածքներում, որտեղ ջրային հոսքերը քիչ են, կառուցել ջրավազաններ»։ 

Ղուլիջանյանը նաև նշեց, որ Հայաստանում ընդհանուր անտառածածկ տարածքները կազմում են  333 000 հա:

Հունիս 18, 2014 at 19:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր