

ԷկոԼուր
Քանի դեռ ուշ չէ, հարկ է լրջորեն վերանայել համաձայնագիրը կամ ընդհանրապես հրաժարվել վաճառքից: Այս մասին պատասխանելով Որոտան ՀԷԿ-երի համալիրի վաճառքի վերաբերյալ Yerkir.am-ի հարցին` ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Այդ գործարքի մեջ միակ դրական հանգամանքը ՀՀ էներգետիկայում ամերիկյան ընկերության նեգրավումն է: Մնացածը որևէ կերպ չի տեղավորվում սթափ մտածողության սահմաններում: Հայաստանի էլեկտրագեներացիայի ամենագրավիչ միավորը վաճառվում է ծայրահեղ կասկածելի ձևով՝ անտեսելով օրենսդրության պահանջները (շրջանցելով խորհրդարանը): Փաստորեն, «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի բոլոր էներգետիկ օբյեկտները վաճառվել են գույքի օտարման եղանակով: Այնպես, ասես վաճառվում է ընկերության հնացած գրասենյակային կահույքը: Ընդ որում` առք ու վաճառքի համաձայնագիրը անթույլատրելիորեն ասիմետրիկ է, անտեսում է ՀՀ շահերը և չափազանց խոցելի է դարձնում մեր հանրապետությունը բոլոր հնարավոր դատական վեճերում: Ակնհայտ է նաև, որ Որոտանի վաճառքն այս պայմաններով կհանգեցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման, իսկ դա նշանակում է, որ չինովնիկների սխալների (կամ անկշտության) դիմաց վարձահատույց է լինելու ամբողջ Հայաստանը: Տպավորություն է ստեղծվում, որ հայկական կողմը համաձայնագրի մշակմանը առհասարակ չի մասնակցել, կամ էլ ընթացել է համաձայնեցված խաղ մեկ (հայկական) դարպասի ուղղությամբ: Քանի դեռ ուշ չէ, հարկ է լրջորեն վերանայել համաձայնագիրը կամ ընդհանրապես հրաժարվել վաճառքից: Գործարքի անօրինականությունն այնչափ ակնհայտ է, որ դրան առնչություն ունեցած անձինք դժվար թե խուսափեն պատասխանատվությունից, դա զուտ ժամանակի հարց է: Գնորդի համար էլ սա չափազանց կասկածելի (գնման ձևի իմաստով) ձեռքբերում է»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի տնօրեն Սասուն Խաչատրյանը ստորագրել են «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր»-ի գույքի առուվաճառքի պայմանագիրը` 180 մլն դոլար ընդհանուր արժողությամբ:
Հունիս 24, 2014 at 16:45
