

ԷկոԼուր
Կառավարությունը նախատեսում է բացի Մաստարայի, Եղվարդի, Կապսի եւ Վեդիի ջրամբարներից Հայաստանում կառուցել Քասախի ու Գեղարդալճի ջրամբարները եւ եւս 4 ջրամբար Արմավիրի մարզում: Վերջին 6 ջրամաբարները կառուցելու համար սույն թվականի օգոստոսի 7-ին ՀՀ գործադիրը որոշում ընդունեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել է 25 մլն դրամ ջրամբարների տեխնիկատնտեսական ցուցանիշների ուսումնասիրության համար:
Ջրամբարաշինության անհարժեշտությունը գործադիրը պայմանավորում է կլիմայի փոփոխության գործընթացներով:
Կառավարությունը զբաղված է ջրամբարաշինության համար հսկայական գումարներ ծախսելով, սակայն չի պահպանում իր բնական ջրամբարը` 37 միլիարդ խմ ծավալով Սեւանա լիճը, եւ իջեցնում է լճի մակարդակը: Կառավարության այս քայլերը հակասում են կլիմայի փոփոխության ծրագրի մասնագետների առաջարկներին:
Հայաստանում ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ պետք է ժամ առաջ Սևանա լճի մակարդակը բարձրացնել: «10 տարվա ընթացքում մենք պետք է շատ բարձրացնենք լճի մակարդակը: Մենք ունենք ուսումնասիրություն, որ այսօր Սևանի ընդհանուր ծավալի ջերմաստիճանը մոտ 3 աստիճան է: 3 աստիճան նշանակում է, որ լճի մակարդակը պետք է բարձրանա ոչ թե 6.5 մետրով,այլ մոտ 12 մետրով»,- ասաց Արամ Գաբրիելյանը` նշելով, որ 6.5 մետր թիվը հաստատվել է 60-ականներին արված հետազոտությունների արդյունքում, երբ կլիմայական պայմաններն այլ էին:
Իսկ ինչ վերաբերում է ջրամբարներին, ապա այս կապակցությամբ Արամ Գաբրիելյանն ասում է. «Ջրամբարը ոչ թե շատ ջուր ունենալու համար է, այլ ջրի բաշխման սեզոնի փոփոխության համար են անում, երբ մի սեզոնի հավաքում է, մյուս սեզոնին օգտագործում: Ջրամբարը ջուր պահելու տեսանկյունից սխալ է, որովհետեւ գոլորշիացումը շատանում է, ֆիլտրացումը շատանում»:
Օգոստոս 08, 2014 at 17:11
