

www.un.org
2014թ-ը կարող է դառնալ ամենատաքը դիտարկված ողջ պատմության մեջ: Սա զգալի կերպով պայմանավորված է ծովի ռեկորդային բարձր ջերմաստիճանով: Այս մասին ասվում է Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպության նախնական ուսումնասիրության մեջ: Ուսումնասիրության համաձայն` հողի մակերեսին օդի գլոբալ միջին ջերմաստիճանը հունվարից մինչեւ հոկտեմբեր եղել է 0,86 աստիճան, ինչը բարձր է 1961-1990թթ. միջին ցուցանիշից:
Եթե նոյեմբերին եւ դեկտեմբերին այդ միտումը պահպանվի, ապա 2014 թվականն ակնհայտ կդառնա ամենաշոգ տարին` դիտարկված ողջ պատմության մեջ:
Զեկույցում նշված է, որ 2014թ-ին հատկապես տաք է եղել Հյուսիսային Ամերիկայի արեւմտյան մասում, Եվրոպայում, Եվրասիայի արեւելյան մասում, Աֆրիկայի զգալի մասում, ինչպես նաեւ Ավստրալիայի հարավային եւ արեւմտյան մասերում: Միջինից ավելի ցուրտ է եղել Միացյալ Նահանգների շատ տարածքներում, Կանադայում եւ կենտրոնական Ռուսաստանի առանձին տարածաշրջաններում:
Ծովի մակերեսի գլոբալ ջերմաստիճաններն ամենաբարձրն են եղել դիտարկված պատմության մեջ: Նրանք 1961-1990թթ. միջին ցուցանիշը գերազանցել են 0,45 աստիճանով:
Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպության ուսումնասիրության մեջ նշված է, որ ավելորդ էներգիայի մոտ 93% - ը, որը հայտնվում է մթնոլորտում ջերմոցային գազերի հետ հանածո վառելիքի այրման արդյունքում եւ մարդու գործունեության այլ տեսակների արդյունքում, վերջում հայտնվում է օվկիանոսներում: Քանի որ օվկիանոսները դառնում են ավելի տաք, ապա ջերմության ընդլայնման արդյունքում մեծանում են նրանց տարածքները: Սառցաբեկորների հալվելը նույնպես նպաստում են ծովի մակարդակի բարձրացմանը, որը հաճախ հանգեցնում է կործանարար ջրհեղեղների: Մայիսին Սերբիայի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի եւ Խորվաթիայի ջրհեղեղներից տուժեց ավելի քան 2 միլիոն մարդ:
Ռուսաստանում` Ալթայի, Խակասիայի եւ Տուվայի հանրապետություններում մայիսին եւ հունիսի սկզբին տեղումները միջին ամսական նորմայից երկուսից ավելի անգամ շատ էին: Հուլիսն ու օգոստոսը շատ խոնավ էին Ֆրանսիայում:
«2014թ-ի նախնական տվյալները վկայում են, որ ամենատաք 15 տարիներից 14-ը դիտարկված ողջ պատմության մեջ եղել են 21-րդ դարում»,- հայտարարեց Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Ժառռոն: Նա հայտարարեց, որ գլոբալ տաքացումը մոլորակում շարունակվում է: 2014թ-ին ռեկորդային շոգը տեղատարափ անձրեւների եւ ջրհեղեղների հետ միասին հանգեցրեց հսկայական ավիրածություննների եւ մարդկային կորուստների:
«Հատկապես անսովոր եւ տագնապալի է այն, որ այս տարի բարձր ջերմաստիճաններ են դիտարկվել օվկիանոսի մակերեսի հսկայական տարածքներում, այդ թվում եւ հյուսիսային կիսագնդում»,- հայտարարեց Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպության ղեկավարը: Միշել Ժառռոն ուշադրություն հրավիրեց ջերմոցային գազերի արտանետումների եւ մթնոլորտում դրանց կոնցենտրացիայի ռեկորդային բարձր մակարդակի վրա:
Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպության նոր զեկույցը նախատեսված է Պերուում` Լիմայում, ներկայումս տեղի ունեցող կլիմայի փոփոխության վերաբերյալ բանակցությունների համար:
Դեկտեմբեր 08, 2014 at 15:58
