

ԷկոԼուր
Մոլորակի ջերմաստիճանի բարձրացման վտանգավոր սահմանը միջազգային փաստաթղթերով սահմանվել է 20C: Այդ շեմը չհատելու համար ածխաթթու գազի արտանետումների թույլատրելի հաշվեկշռի (2900 գիգատոննա) մեծ մասը՝ 65 %-ը, արդեն սպառված է: Մնացել է ընդամենը 1000 գեգատոննա, որը կարելի է արտանետել մթնոլորտ: Եթե այդ սահմանը հատվի, ապա գլոբալ տաքացման գործընթացը կդառնա անկառավարելի: Հայաստանի համար կանխատեսումները, հնարավորությունները և կառավարությունից ակնկալվող գործողությունները ներկայացրեց ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշեց, որ, ՄԱԿ-ի հրապարակած վերջին զեկույցի համաձայն (2014 թ., հոկտեմբեր), 1950 թվականից մինչև այսօր մոլորակի ջերմաստիճանը բարձրացել է 0.7 աստիճանով, իսկ նախարդյունաբերական շրջանից սկսած՝ 0.85 աստիճանով: Օվկիանոսի մակարդակն արդեն բարձրացել է 18 սմ-ով: Արդյունքում կղզիներից դեպի մայրցամաքներ միգրանտների քանակը մոտենում է 80.000-ի: «Դա քաղաքական գործընթաց է», - նշեց Դիանա Հարությունյանը:
«Երկրները հայտնում են պատրաստակամություն նվազեցնել իրենց ջերմոցային գազերի արտանետումները: Առաջին փաստաթուղթը ներկայացրել է Շվեյցարիան՝ 40 տոկոս արտանետումների նվազեցում մինչև 2030 թվականը: Մեկ շաբաթ առաջ Եվրամիությունն է ներկայացրել, որտեղ կողմ երկրները միասին մինչև 2030 թվականը արտանետումների քանակը պետք է նվազեցնեն 40 տոկոսով, իսկ մինչև 2050 թվականը՝ 80 տոկոսով: Երկրներ կան, որոնք հայտարարել են զրոյական արտանետումների թիրախներ: Դրանք այն երկրներն են, որոնք իրենց էներգիայի հիմնական մասը արտադրում են վերականգնվող ռեսուրսների, այդ թվում նաև հիդրոռեսուրսների հաշվին և ունեն անտառների զգալի մակերեսներ», - հայտնեց Դիանա Հարությունյանը:
«Զարգացած երկրները պետք է կրեն պատմական պատասխանատվություն, և չպետք է ճնշվի մեր նման երկրների զարգացման հնարավորությունը, և այս երկրներին պետք է տրամադրվեն և ֆինանսներ, և տեխնոլոգիաներ, որոնք կապահովեն արտանետումների կրճատում և պետք է տրամադրվեն առանց սեփականության փաթեթային սահմանափակումների, լինեն մատչելի և հասանելի», - նշեց Դիանա Հարությունյանը:
Հայաստանը գլոբալ տաքացման առումով խոցելի տարածք է: Մեր երկրում ջերմաստիճանի բարձրացումն արդեն գերազանցում է երկրագնդի միջին ցուցանիշները և կազմում է 1.03 աստիճան Ցելսիուս:
Եթե ջերմոցային գազերի արտանետումների համամոլորակային տեմպերը չզսպվեն, ապա ջերմաստիճանը Հայաստանում 2100թ. կբարձրանա մոտ մինչև 5 աստիճան, և հիմնական խոցելի տարածքները կլինեն Արարատյան դաշտը, Մեղրիի տարածաշրջանը և Տավուշի շրջանը:
«Ստեղծվել է Կլիմայի փոփոխության միջգերատեսչական խորհուրդ, որը համակարգում է պետական քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի համաձայնեցումը և ընդունումը: Որոշվել է, որ Հայաստանը պետք է մինչև հունիսի վերջ ներկայացնի իր դիրքորոշումը՝ ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման ինչ ցուցանիշ է Հայաստանը պատրաստ վերցնել: Այդ փաստաթղթում պլանավորված է նաև ներառել խոցելիության և հարմարվողականության խնդիրները: Այսինքն, մենք պետք է ներկայացնենք այն հիմնական ուղղությունները և կարիքները, որպեսզի ակնկալենք միջազգային աջակցություն և պետական նպատակային քաղաքականություն այդ ոլորտներում: Դա վերաբերում է ջրային ռեսուրսներին, գյուղատնտեսությանը, առողջապահությանը և անտառներին», - նշեց Դիանա Հարությունյանը:
Ի լրումն ասվածների՝ ՀՀ ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը ներկայացրեց եղանակի վիճակը՝ նշելով, որ 2014 թվականի միջին տարեկան ջերմաստիճանը ընդհանուր առմամբ հաշվարկվել է 1.5 աստիճանով նորմայից բարձր, իսկ տեղումների քանակը` 7 տոկոսով նորմայից ցածր: Ամենատաք տարիները գրանցվել են վերջին 20-30 տարվա ընթացքում:
«2009 թվականից այս կողմ մենք արձանագրել ենք միայն տաք ձմեռներ, էլ չեմ խոսում այս տարվա ձմեռվա մասին, որը մի փոքր հետ է մնում 2010 թվականի ձմեռվանից: Եթե այդ տարիների ձմռան առաջին ամիսները համեմատական էին, համարյա առանց որևէ ջերմաստիճանային շեղման, ապա 2010թ. հունվարի ջերմաստիճանը բարձր էր նորմայից 6 աստիճանով, այս տարի 4 աստիճանով է բարձր եղել, նույնը փետրվար ամիսը՝ 6 աստիճանով 2010 թ., 4 աստիճանով` այս տարի», - ասաց Զարուհի Պետրոսյանը:
Նա նաև նշեց, որ ի տարբերություն մարտ ամսվա առաջին տասնօրյակին, որը բավականին տաք էր, մարտի երկրորդ կեսը կլինի ավելի սառը, քան առաջին կեսը: Մարտի 16-ից շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: 16-ին, 17-ին լեռնային շրջաններում տեղումները միանշանակ կլինեն ձյան տեսքով:
Անդրադառնալով ջրային ռեսուրսներին՝ Զարուհի Պետրոսյանն ասաց. «Իհարկե, սա կախված է առաջիկա եղանակային պայմաններից: Եթե ջերմաստիճանի դանդաղ բարձրացում լինի, այսինքն, ձյունն աստիճանաբար հալվի, ապա այս տարի նախորդ տարվա համեմատ կունենաք ավելի նպաստավոր պայմաններ»:
Շարունակելի
|
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:
Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների պաշտոնական դիրքորոշման հետ:
Մարտ 17, 2015 at 13:39
