ԷկոԼուր
Էկոլոգիական անվտանգությանը նվիրված միջոցառումների շրջանակներում «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված ջրային անվտանգությանը:
«Այսօր մոլորակում յուրաքանչյուր երկրորդ մարդ ապրում է քաղաքում: Ամեն շաբաթ 1 միլիոն մարդ տեղափոխվում է քաղաքր: Այդ գործընթացի 93 տոկոսը բաժին է ընկնում աղքատ և զարգացող երկրներին: Եվ հենց քաղաքների ջրային համակարգերում տեղի են ունենում 30-ից մինչև 70 տոկոս ջրի կորուստներ հին կոմունիկացիաների պատճառով», - ասուլիսի ընթացքում ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:
Նա նշեց, որ ջրի գլոբալ պահանջարկ սպասվում է արդյունաբերությունում: 2000-ից մինչև 2050 թթ. արդյունաբերության կողմից ջրի սպառումը կավելանա 400 տոկոսով: Արդյունաբերությունը մի կողմից հսկայական քանակությամբ ջուր կօգտագործի, մյուս կստանանք արդյունաբերական մեծածավալ թափոններ, որոնց մաքրման խնդիրը մնում է և զարգացող, և զարգացած երկրների վրա:
Չնայած Հայաստանը համարվում է ջրային ռեսուրսներով ապահովված երկիր, սակայն անվտանգության տեսակետից նրա ջրային ռեսուրսները խոցելի են: Ինգա Զարաֆյանը նշեց, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն»-ի տվյալների համաձայն, Հայաստանի գետերի 19-ը տոկոսը գտնվում է շատ վատ վիճակում, 7 տոկոսը՝ ոչ բավարար, միայն 1 տոկոսն է շատ լավ վիճակում, իսկ 42 տոկոսն ուղղակի լավ վիճակում է: Բանախոսի խոսքով` այդ 42 տոկոսը բավականին վիճելի է: Սա նշանակում է, որ Հայաստանի գետերի կեսից ավելին` 57 տոկոսը խոցելի են:
Գետերի աղտոտումը կատարվում է 2 հիմնական ուղղությամբ` կենցաղայի կեղտաջրերով եւ արդյունաբերական թափոններով:
Հրազդան գետը, ըստ մոնիտորինգի արդյունքների, գրեթե բոլոր իր դիտակետերում պատկանում է 5-րդ ամենավատ կատեգորիային, այսինքն` աղտոտված է սկզբից մինչև վերջ:
Խոշոր բնակավայրերով անցնող բոլոր գետերում ջրի որակը կտրուկ վատանում է: Փամբակ գետը, անցնելով Սպիտակով, փոխում է իր կատեգորիան 3-րից 4-րդ, իսկ անցնելով Վանաձորով, դառնում է 5-րդ կատեգորիայի գետ: Աղստեւ գետը, անցնելով Դիլիջանով, 2-րդ կատեգորիայից դառնում է 5-րդ կատեգորիայի գետ: Ախուրյան գետը, անցնելով Գյումրիով եւ Քասախ գետը, անցնելով Ապարանով, 2-րդ կատեգորիայից հասնում են 5-րդ կատեգորիայի:
Հանքարդյունաբերական թափոններով ջրերի աղտոտվածությունը լավ երեւում է ջրում այնպիսի քիմիական վտանգավոր տարրերի ի հայտ գալով, ինչպիսիք են քրոմը, ցինկը, կադմիումը, պղինձը, մոլիբդենը: Կարճեւան գետն ունի 5-րդ կատեգորիա Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի կեղտաջրերի պատճառով, Ախթալա գետը` Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի կեղտաջրերի պատճառով, Ողջի գետը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ Կապանի լեռնահարստացոււիչ կեղտաջրերի պատճառով, Շնող գետը` Թեղուտի պղնձամոլիբդենային արտադրության պատճառով եւ այլն:
«Տարեկան Մեղրիգետի գետավազան է լցվում հանքարդյունաբերական ընկերությունների 1. 607000 խմ արտադրական կեղտաջուր, իսկ Ողջիի գետավազան՝ 681.1 հազար խմ արդյունաբերական կեղտաջուր…Շնող գետը, որը 2013 թվականին պատկանում էր լավ կատեգորիայի, այս տարի արդեն հայտնվել է ամենաաղտոտված գետերի ցանկում մոլիբդենի պատճառով, որովհետև բացվել է Թեղուտի հանքավայրը», - ասաց Ինգա Զարաֆյանը:
«Մենք ոչ բոլոր գետերից ենք ջուր վերցնում: Օրինակ Ախթալա գետը աղտոտում են նաև արդյունաբերական կազմակերպությունները, բայց դրանց խնդիրների հետ կապված կարգավորումները մեր իրավական դաշտում չեն գտնվում, բայց կարծում եմ, որ նույնպես լուրջ միջոցառումների անհրաժեշտություն կա», - նշեց Մհեր Մկրտումյանը:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:
Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների պաշտոնական դիրքորոշման հետ:
Մարտ 24, 2015 at 13:38