

ԷկոԼուր
Գիտականորեն ենթադրվում է, որ գլոբալ տաքացումը կհանգեցնի երկրագնդի նոր ֆիզիկաաշխարհագրական կլիմայական համակարգի ձևավորմանը: Մոլորակի ջերմաստիճանի բարձրացման վտանգավոր սահմանը միջազգային փաստաթղթերով սահմանվել է 2°C: Այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը:
Նա ներկայացրեց նաև Հայաստանի տվյալները: «Հայաստանում տաք ալիքների դեպքերի թիվը վերջին 30 տարիների ընթացքում զգալիորեն աճել է: 2014թ. օգոստոսին դիտված տաք ալիքների դեպքերի կրկնությունը` 20 օր տևողությամբ, ռեկորդային էր 1961-2014 ժամանակահատվածում: Վերջին 150 տարիների ընթացքում ամենատաք տարին եղել է 2010թ-ը, երբ երկրի գետնամերձ շերտի ջերմաստիճանը 0.56°C-ով գերազանցել է 1961-1990թթ. միջին արժեքը, դրան նախորդում են 2005թ. և 1998թ., համապատասխանաբար 0.55°C և 0.54°C շեղումով: Հյուսիսային կիսագնդում այդ շեղումը կազմել է 0.78°C: 2001-2010 տասնամյակը մոլորակում եղել է ամենատաքը վերջին հարյուրամյակում: Համաշխարհային օվկիանոսի մակարդակը արդեն բարձրացել է 19.0 սմ», - ասաց Լևոն Վարդանյանը:
Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ նվազել են տեղումները. 1935-2014թթ. ընթացքում տեղումները նվազել են գրեթե 10%:
«Ըստ տարբեր կլիմայական սցենարների` 2016-2035թթ. կանխատեսվում է ջերմաստիճանի բարձրացում 0.3°C–0.7°C: 2081-2100թթ., ըստ լավագույն և վատագույն կլիմայական սցենարների, կանխատեսվում է ջերմաստիճանի աճ համապատասխանաբար 0.3–1.7°C և 2.6–4.8°C, իսկ 21-րդ դարի վերջին Համաշխարհային օվկիանոսի մակարդակը, ըստ վատագույն սցենարի, կբարձրանա ևս 53-97սմ», - ասաց Լևոն Վարդանյանը:
1994թ-ից հետո մինչ օրս ձմեռներն ավելի տաք են եղել, քան 1961-1990թվականներն ընկած ժամանակահատվածը Հայաստանում ձմեռները չեն եղել միջինից սառը, իսկ տեղումներն ունեն նվազման միտում:
Ջերմաստիճանի շեղումները օC
Տեղումների շեղումները, մմ
|
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:
Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների պաշտոնական դիրքորոշման հետ:
Մարտ 26, 2015 at 16:08
