

ԷկոԼուր
Կլիմայի փոփոխության արդյունքում սպասվելիք վտանգները հուշում են ինչպես զարգացած, այդպես էլ զարգացող երկրներին այնպիսի ոլորտներ և տեխնոլոգիաներ զարգացնել, որոնք կնպաստեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը մթնոլորտ:
«ԷկոԼուր» մամուլի ակումբում «Էներգետիկ անվտանգության լույսի ներքո ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղիների քննարկում» թեմայով կլոր սեղանի մասնակիցները քննարկեցին էներգետիկ անվտանգության լույսի ներքո ջերմոցային գազերի կրճատման ուղղությունները:
Կլոր սեղանին մասնակցում էին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, ՄԱԶԾ ԿՓ ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ՀՀ բնապահպանության նախարարության Մթնոլորտային օդի քաղաքականության բաժնի պետ Ասյա Մուրադյանը, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Զարգացման վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Դանիել Ստեփանյանը, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Զարգացման վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի գլխավոր մասնագետ Դոնարա Վարդանյանը, ՄԱԿ-ի Հայաստանում ՄԱԿ-ի Արդյունաբերական Զարգացման Կազմակերպության (UNIDO) ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը, UNIDO-ի «Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագրի» համակարգող Ֆրունզիկ Ոսկանյանը, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, «Խազեր» ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը, «Սպառողների խորհրդատվություն կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը, GHG Mitigation-ի գծով ազգային փորձագետ Միխաիլ Վերմիշևը, Էկոլուրի աշխատանքային թիմը:
Հայաստանում հիմնական շեշտը դրվում է էներգախնայողության և էներգաարդյունավետության վրա:
Իր ելույթում ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը մասնավորապես ասաց. «Անկախ նրանից, կլիմայի փոփոխության հետ խնդիրները կլինեն, թե` ոչ, Հայաստանի համար ազգային մակարդակով ամենակարևոր զարգացման ուղին էներգախնայողությունն է»:
ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Զարգացման վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Դանիել Ստեփանյանը նշեց. «էներգետիկայի բնագավառում էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգից բխում է այնպիսի էներգակիրների օգտագործումը, ներկրումը, արտադրումը, որոնք չեն արտանետում մթնոլորտ ջերմոցային գազեր»:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը կարևոր համարեց մաքուր տեխնոլոգիաների կիրառումը:
Հայաստանում ՄԱԿ-ի Արդյունաբերական Զարգացման Կազմակերպության (UNIDO) ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանն ընդգծեց, որ հարկավոր է ստեղծել նորարարական բիզնես-գաղափարներ:
Իսկ UNIDO-ի «Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագրի» համակարգող Ֆրունզիկ Ոսկանյանը ներկայացրեց էներգետիկայի ոլորտին ուղղված նորարարություններին աջակցելու փորձը: Նա նաեւ հայտնեց, որ իրենք աշխատում են ուսանողների հետ և խրախուսում են հիմնել համալսարաններում ձեռներեցության կենտրոններ: Նման համաձայնություն արդեն կա Երևանի պետական համալսարանի հետ:
«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը նշեց, որ ստեղծվել է Միջգերատեսչական հանձնաժողով, որը այժմ իրականացնում է ծրագրեր: Դրանց համար ընտրվել է 11 ուղղություն, որոնցից մեկը վերականգնվող էներգետիկայի զարգացումն է և էներգախնայողությունը:
«Սպառողների խորհրդատվություն կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը անդրադարձավ սակագների հարցին` նշելով, որ չնայած Ռուսաստանը էժանացնում է Հայաստան ներկրվող գազի սակագինը, կարծես թե սպառողների վրա դա չի անդրադառնալու:
Ամփոփելով քննարկման արդյունքները ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը ասաց. «Երրորդ ազգային զեկույցում գնահատվել է էներգետիկ ոլորտից ջերմոցային գազերի արտանետումները ներկայումս և ապագա միտումները հաշվի առնելով էներգետիկ ոլորտի ռազմավարական ուղղությունները: Գնահատվել են նաև տնտեսության խոցելի ոլորտները, այդ թվում նաև ջրային ռեսուրների խոցելիությունը: Այդ առումով անհրաժեշտ է դառնում էներգետիկ ռազմավարության մեջ նաև գնահատել հիդրոէներգետիկայի խոցելիությունը: Բացի դրանից անհրաժեշտ է նաև գնահատել ատոմակայանի համար ջրի մատչելիությունը և ՋԷԿ-երի էներգաարդյունավետության վրա ջերմաստիճանի բարձրացման ազդեցությունը: Եվս մեկ խնդիր, որը շատ ցավոտ է՝ գազի կորուստները: Մեթանը, որպես հիմնական ջերմոցային գազ, ենթակա է գույքագրման: Եթե մեթան է արտանետվում, ապա ամեն տոննան համարժեք է 21 տոննա ածխաթթու գազի, եթե այրվում է ապա 2,6 տոննա ածխաթթու գազ է արտանետվում: Քանի որ մենք գնահատումը անում ենք պաշտոնական տեղեկատվության հիման վրա, ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում տեղադրված բալանսի՝ 2012թ. փաստացի կորուստը կազմել է 5,6%, որը և վերցվել է որպես հիմք գույքագրման ժամանակ: Այդ ցուցանիշը բերում է նրան երբ գազի արտահոսքերը դառնում են ջերմոցային գազերի կադաստրի երկրորդ հիմնական արտանետման աղբյուրը: Այդ ցուցանիշը զգալիորեն բարձր է Արևելյան Եվրոպայի երկրների ցուցանիշներից:
Մյուս խնդիրը ջերմակայաններ են: Եթե մենք դրսից ուզում ենք ֆինանսական ռեսուրս բերել մեր էներգետիկ համակարգի զարգացման համար և, միաժամանակ, պլանավորում ենք ածուխ օգտագործել, ապա դա մեր տնտեսությանը առանձնապես օգուտ չի կարող տալ, սակայն կարող է բացասական ազդակ լինել «կանաչ» ֆինանսավորման ներգրավման համար: Այդ նույն «կանաչ» վարկով է կառուցվել Երևանի ՋԷԿ-ի նոր կայանը: Ազգային զեկույցը փաստաթուղթ է, որը մենք հատուկ ուղեցույցով ենք մշակում, դու չես կարող շեղվել:
…Էլեկտրաէներգետիկայի ոլորտում այն նպատակները, որ ներառվելու են ՀՀ կողմից ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման պաշտոնական դիրքորոշման մեջ (INDC), լրիվ համահունչ է մեր պետության էներգետիկ անվտանգության նպատակներին և վերակագնվող էներգետիկայի և էներգախնայողության վերաբերող ռազմավարական փաստաթղթերին և գործող ծրագրերին: Իհարկե, նաև հաշվի է առնվում առկա տնտեսական և սոցիալական հնարավորությունները և սպառողների շահերը: Հնարավոր չէ ամբողջ արտադրությունը ապահովել այլընտրանքային աղբյուրներից՝ օրինակ, արևային կայանների էներգիան դեռևս թանկ է, և դրանց մասնբաժինը պետք է էլեկտրաէներգայի սակագնի վրա մեծ ազդեցություն չունենա:
Մյուսը սպառողների շահերի պաշտպանությունն է էներգախնայողության սարքավորումների, տեխնոլոգիաների, շենքերի պիտակների առումով, որ բնակարան գնելուց մարդը հասկանա՝ ինչ շենք է առնում, ինչ ապրանք է առնում: Պետությունը նույն ձևով պետք է ներդնի մակնիշավորման պայման էներգասպառող սարքերի, շենքերի համար, ինչպես դա արվում է սննդի դեպքում:
Հաջորդը՝ կան ոլորտներ, որտեղ այսօր դժվար է հաշվարկել և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման հստակ թիրախները, օրինակ, տրանսպորտը: Սակայն պետք է ինչ-որ քայլեր անել, օրինակ հանրային տրանսպորտի և էլեկտրանսպորտի բաժնեմասի ավելացման առումով:
Տնտեսության կառուցվածքից կախված է ՀՆԱ-ի էներգատարությունը: Արդյունաբերության զարգացմանը համաքայլ, որը մեր պետության զարգացման համար պետք է ապահովի խթաններ` և աջակցություն, և իրազեկություն մասնավոր ներդրողների և ձեռնարատերերի շրջանում էներգախնայողության միջոցառումների իրականացման համար: Այստեղ կա և պետության, և մասնավորի դերը:
INDC-ն, արտահայտելով պետության դիրքորոշումը ջերմոցային գազերի սահմանափակման առումով, այն համադրում է իր ազգային գերակայություններին և հնարավորություններին: Սակայն կարևոր է նաև ամրագրել այն գործողությունները, որոնք պետք է կատարվեն: Դրանք պետք է ձևակերպվեն և ներմուծվեն համապատասխան փաստաթղթերի մեջ, օրինակ այն, որ պետք է անտառածածկը ավելացնել, համահունչ է մեր նպատակներին, կամ, ասելով թափոնների կառավարում, թվում է էներգիայի հետ կապ չունեցող խնդիր, բայց դա ռեսուրսախնայողություն է: Եթե դու մի բան չես դարձնում թափոն կամ այնպես ես անում, որ թափոնի տեղադրման համար համապատասխան վճար լինի, դու խթանում ես, որ քիչ թափոն արտադրվի:
Հաջորդը սակագնի մասով: Այսօրվա մեր էլեկտրաէներգիայի և գազի սակագները չեն խթանում էներգախնայողությունը: Գիշերային և ցերեկային էներգիայի սակագների միջև տարբերությունը փոքրացել է: Դա չի խթանում համակարգի վրա ավելի էժան՝ գիշերային էներգիայի օգտագործումը: Չկա նաև ամառ-ձմեռ սակագնի տարբերություն: Գազի սպառողները եթե 72000 խմ/ամսեկան ավելի են սպառում, փորձում են հասցնել սպառումը 10.000 խմ/ամսեկանի, որ օգտվեն մեծածախ սակագնից:
Էներգատարություն իջեցնելը այսօր միայն ասելով չէ, այն պետք է նաև խթանող գործիքներով ապահովվի»:
Քննարկման արդյունքում կառավարությանն արվեցին հետեւյալ առաջարկությունները.
Խրախուսել`
- կլիմայի փոփոխության հետևանքով հիդրոէներգետիկայի համար ջրային ռեսուրսների խոցելիության գնահատման աշխատանքները
- կլիմայի փոփոխության հետևանքով հայկական ատոմային էլեկտրակայանի համար ջրային ռեսուրսների մատչելիության գնահատման աշխատանքները
- կլիմայի փոփոխության հետևանքով ՋԷԿ-երի էներգաարդյունավետության վրա ջերմաստիճանի գլոբալ բարձրացման ազդեցության գնահատման աշխատանքները
- գազամատակարարման համակարգում բնական գազի կորուստները նվազեցնելու ուղղությամբ աշխատանքները
- ժամանակակից տեխնոլոգիաներով Էներգետիկ համակարգի զարգացման ծրագրերի իրականացումը, որոնք նվազ քանակությամբ են ջերմոցային գազեր արտանետում եւ խրախուսվում են «կանաչ» ֆինանսական ինստիտուտների կողմից.
- էներգասպառող սարքերի պիտակավորման աշխատանքները, որոնք տեղեկատվություն կպարունակեն սարքերի էներգաարդյունավետության վերաբերյալ
- վաճառվող շենք-շինությունների, բնակարանների էներգետիկ անձնագրավորումը կնպաստի տեղեկացված որոշումներ կայացնելուն շենքի գնման ժամանակ` թափանցիկ դարձնելով շենքի էներգաարդյունավետության/ջերմապաշտպանվածության վերաբերյալ
- նորագույն տեխնոլոգիաների ներդնումը արդյունաբերության ոլորտում
- ռեսուրսախնայողությունը, մաքուր արտադրությունների ստեղծումը, որոնք կբերեն էներգարդյունավետության.
- բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկման նոր մեթոդաբանությունների կիրառումը այնպես, որ խթանվի էներգախնայողությունը, այսինքն, այնպիսի հիմք դրվի, որ սպառողը ցանկանա խնայել, այլ ոչ ծախսել
- ֆինանսական գործիքների մատչելիությունը, որպեսզի էներգախնայողության համար ներդրումները լայնորեն կիրառվեն:
|
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:
Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների պաշտոնական դիրքորոշման հետ:
Մայիս 26, 2015 at 09:17
