ԷկոԼուր
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չոր կլիմա ունեցող երկրներից ներկրված չորադիմացկուն սորտեր է փորձում աճեցնել Հայաստանում` դիմակայելու կլիմայի փոփոխության մարտահրվերներին: Այս մասին ԷկոԼուր» մամուլի ակումբում անցկացված «Հողային ռեսուրսների և պարենի անվտանգությունը կլիմայի փոփոխության և ջերմոցային գազերի արտանետումների լույսի ներքո» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը: «Մենք մի շարք սորտեր ենք փոխանակում, սորտանշումներ ենք ձեռք բերում, և այդ չորադիմացկուն սորտերը փորձարկվում են մեր երկրի տարբեր բնակլիմայական պայմաններում: Մենք պետք է նայենք ապագային, որպեսզի ծանր իրավիճակներում կարողանանք ունենալ մշակաբույսերի այնպիսի տեսականի, որը հնարավորոթյուն կտա այդ պայմաններում աշխատելու: Նաև մեր գիտական կենտրոնները նման խնդիր ունեն իրենց առջև լուծելու: Պետք է ամեն կերպ աշխատանքները տարվեն այդ ուղղությամբ, որպեսզի մենք ստանանք նաև ավելի չորադիմացկուն, անբարենպաստ պայմաններում լավ հարմարվող և կայուն բերք ապահովող տեսակներ»,- իր ելույթում մասնավորապես ասաց Գառնիկ Պետրոսյանը:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:
Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների պաշտոնական դիրքորոշման հետ:
Հուլիս 18, 2015 at 12:05