

ԷկոԼուր
«ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) ներքո Հայաստանի Հանրապետության «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները» (INDC) հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ նախարարությունների հետ և ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական փորձաքննության: Այս մասին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը հուլիսի 31-ին այս որոշման նախագծի հասարակական լսումների ժամանակ:
«Երկրները պետք է իրենց դիրքորոշումն ու INDC-ի մասին պաշտոնական տեղեկատվությունը ներկայացնեն ոչ ուշ քան 2015թ. հոկտեմբերի 1-ը», - ասաց «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը` նշելով, որ նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 16 ապրիլի 2015 թվականի N 397-Ն որոշման:
«Ներկայումս ԿՓՇԿ-ի Կողմ երկրների բանակցությունները կենտրոնացած են կոնվենցիայի նոր արձանագրության մշակման վրա, որի ընդունումը նախատեսված է 2015թ-ին Փարիզում կայանալիք ԿՓՇԿ կողմ երկրների 21-րդ համաժողովին: Երկրները մշակում են իրենց INDC-ները, որպեսզի 2020թ-ից հետո միասնաբար գան ջերմոցային գազերի գումարային արտանետումների այնպիսի քանակական ցուցանիշի, որը կապահովի գլոբալ ջերմաստիճանի բարձրացման սահմանափակումը ոչ ավել քան 2, կամ 1.5 աստիճանով:
Հայաստանի Հանրապետությունը ևս պետք է նախապատրաստի ու ներկայացնի իր դիրքորոշումը ջերմոցային գազերի արտանետումների կրճատման կամ սահմանափակման ռեժիմի, հարմարվողականության պլանների, տեխնոլոգիաների զարգացման, փոխանցման ու ներդրման, ֆինանսավորման, կարողությունների ամրապնդման, գործընթացների թափանցիկության վերաբերյալ»,- մասնավորապես ասաց Արամ Գաբրիելյանը:
Ներկայացնելով որոշման նախագիծը` Արամ Գաբրիելյանը նշեց. «Հայաստանը գտնում է արդարացի «ընդհանուր, սակայն տարբերակված մոտեցումը», նկատի ունենալով մթնոլորտում ջերմոցային գազերի ավելացման ու կլիմայի փոփոխության մեջ երկրների պատմականորեն տարբեր աստիճանի պատասխանատվությունը:
Կլիմայի փոփոխության մեղմման գործողությունները չպետք է հանգեցնեն սոցիալական ու տնտեսական հետընթացի, այլ պետք է նպաստեն Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը, և որ դրանց հիմքում պետք է ընկած լինի էկոհամակարգային մոտեցումը»:
Արամ Գաբրիելյանը ներկայացրեց INDC – ի հիմքում դրված սկզբունքները, ջերմոցային գազերի գլոբալ արտանետումների սահմանափակման ջանքերում երկրների միջև այդ գազերի արտանետումների սահմանափակման բեռի բաշխումը` հաշվի առնելով կլիմայական ռեսուրսներից օգտվելու ներկա ու ապագա սերունդների իրավունքը, կլիմայական համակարգի վրա մարդկանց ներգործության իրավահավասարությունը, մեղմման և հարմարվողակության գործողություններում էկոհամակարգային մոտեցման կիրառումը:
ԿՓՇԿ-ի ազգային համակարգողը թվարկեց մեղմման գործողություններում ընդգրկված ոլորտները` էներգետիկա, տրանսպորտ, քաղաքաշինություն, արդյունաբերական պրոցեսներ, թափոնների կառավարում, հողօգտագործում ու անտառային տնտեսություն:
«Հայաստանի Հանրապետությունը գտնում է նախըտրելի կլիմայի փոփոխությանը հարմարվելու էկոհամակարգային մոտեցումը.,- նշեց Արամ Գաբրիելյանը: Ըստ նրա` հարմարվողականություն պահանջող խոցելի ոլորտներն են` բնական էկոհամակարգերը, մարդու առողջությունը, ջրային տնտեսությունը, գյուղատնտեսությունը, էներգետիկան, բնակավայրերն ու ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը:
Նա հատուկ ուշադրություն դարձրեց կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության նախագծերի իրականացման երկու բաղադրիչներից կազմված նպատակային ֆինանսական մեխանիզմի ստեղծման վրա: Առաջինը ներքին (տեղական)` կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի ձևաչափով, իսկ Երկրորդը` արտաքին (միջազգային) ֆինանսական մեխանիզմներով, որոնց միջոցները տրամադրվելու են հավելյալության սկզբունքով:
Քննարկման մասնակիցները` հասարակական կազմակերպությունները եւ ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչները, հավանություն տվեցին նախագծին:
|
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:
Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների պաշտոնական դիրքորոշման հետ:
Օգոստոս 07, 2015 at 16:25
