Հայաստանի երիտասարդությանն անհրաժեշտ է «կանաչ» կրթություն

Հայաստանի երիտասարդությանն անհրաժեշտ է «կանաչ» կրթություն

ԷկոԼուր

Հայաստանի ամերիկյան համալսարանն իր կրթական ծրագրում ունի բնապահպանական պարտադիր բաղադրիչ: «Համալսարանի մագիստրոսական ծրագիրում պարտադիր է ընտրել 1 կրեդիտանոց բնապահպանական առարկա, եթե չընտրեն, չեն կարող ավարտել համալսարանը:  …Ուսանողներին դասավանդում ենք՝ հիմնվելով Հայաստանի օրինակների վրա, սա ավելի հետաքրքիր է դարձնում բնապահպանության դասընթացը։ Ընդգրկում ենք մոտեցումներ՝  ինչ կարող ես անել, որ միաժամանակ օգտակար լինի թե՛ քեզ, թե՛ բնությանը…»,- ասաց  Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ում տեղի ունեցած «Կլիմայի փոփոխություն`  քաղաքացիական հասարակությունը որպես գլխավոր գործընկեր և շահառու» կլոր սեղանի ժամանակ:

«Ինձ համար ֆորմալ կրթության դերը կայանում է փորձը ֆորմալացնելու և այն դասագրքերում և առարկաներում ներառելու մեջ, արդեն UNDP-ի  օժանդակությամբ հրատարակել ենք կանաչ  ճարտարապետության դասագիրք, որն ուղղված է շենքերի  էներգաարդյունավետությանը  և վերականգնվող էներգիայի օգտագործմանը»,- ասաց նա:

Ալեն Ամիրխանյանը նշեց, որ անհրաժեշտ է կրթության ոլորտում քաղաքականություն մշակել, որպեսզի Հայաստանն այս ոլորտում կարողանա օգտվել նոր ձեւավորվող Կանաչ հիմնադրամից, որի միջոցներն ուղղվելու են կլիմայի փոփոխության բացասական գործընթացների դեմ պայքարին:

«Խազեր» ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը առաջարկեց դիմել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը, որպեսզի  ԲՈՒՀ-երում էկոկրթության վրա ավելի մեծ ուշադրություն դարձվի: «Դիմենք կրթության և գիտության նախարարությանը այդ հարցով, թող նաև ծրագիր սահմանեն, որովհետև կոնկրետ ծրագիր չկա։ Միջին մասնագիտական կրթության  համար էլ չունեն ծրագիր»,- ասաց Ամալյա Համբարձումյանը:

   

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ՄԱԿ ԿՓՇԿ-ին» ՄԱԶԾ-ԳԷՖ/00079327» ծրագրի շրջանակներում:

Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

Ապրիլ 19, 2016 at 18:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր