

ԷկոԼուր
ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ հունիսի 3-ին հավանություն չտվեց «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին, որը նախատեսում է անտառային տարածքների կառուցապատում: Օրինագիծը մշակվել է «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, հունիսի 3-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ: «Հանձնաժողովը քննարկել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանի առաջարկությամբ օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով»: Նիստի մանրամասները շարադրված են Facebook սոցիականա ցանցում: «Մարտուն Գրիգորյանը նշեց, որ հանձնաժողովը նույնպես հավանություն չի տալիս նախագծի որոշ դրույթներին, մասնավորապես անտառային հողերի կառուցապատման իրավունքով տրամադրմանը: Կառուցապատման իրավունքը ենթադրում է անտառահատում, մինչդեռ ՄԱԿ–ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի շրջանակներում ընդունված «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումը» (INDS) փաստաթղթով Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է մինչև 2050 թվականը երկրի օպտիմալ անտառապատվածությունը ներկայիս 11.2 %-ի փոխարեն հասցնել 20.1%-ի: Ուստի հանձնաժողովը մտահոգված է անտառվերականգնման, անտառաշինության գործընթացով: Մարտուն Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ հանձնաժողովը այս ընթացքում բազմաթիվ նամակներ է ստացել բնապահպանական ՀԿ-ներից, որոնցում գերիշխում է վիճահարույց նախագծից հրաժարվելու հորդորը:
Հանձնաժողովը նախագծի վերաբերյալ ուներ բացասական դիրքորոշում և քվեարկության դեպքում կստանար բացասական եզրակացություն, սակայն այն կընդգրկվեր քառօրյա նիստերի օրակարգ: Մարտուն Գրիգորյանն առաջարկեց մինչև մեկ տարի ժամկետով նախագծի քննարկումը հետաձգել, վեր հանված խնդիրների օպտիմալ և փոխընդունելի լուծումներ գտնելու նկատառումով: Առաջարկությունն ընդունվեց և օրենքի նախագծի քննարկումն հետաձգվեց մինչև մեկ տարով»:
Հունիս 03, 2016 at 19:37
