

ԷկոԼուր
Նոյեմբերի 7-ին Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում բացվեց ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի մասնակից երկրների 22-րդ համաժողովը: Այն կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը: Համաժողովի աշխատանքներին կմասնակցի մոտ 20 հազար պատվիրակություն՝ ներառյալ պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Հայաստանն այս բանակցություններին կմասնակցի դիտորդի դերում, առանց ձայնի իրավունքի: Հայաստանը ձայնի իրավունք կստանա միայն այն ժամանակ, երբ կվավերացնի «Կլիմայի փոփոխության մասին» Փարիզյան համաձայնագիրը, որը օրինական ուժի մեջ է մտել ս.թ. նոյեմբերի 4-ին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել երկրներին, որոնք դեռ չեն վավերացրել համաձայնագիրը, միանալ նրա մասնակիցների շրջանակին ամենամոտ ժամանակներում:
ՄԱԿ-ի պաշտոնական կայքի համաձայն, այսօրվա դրությամբ մոտ 100 պետություն Փարիզյան համաձայնագրի մասնակից է:
Հիշեցնենք, որ Փարիզյան համաձայնագիրը ընդունվել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի մասնակից երկրների 21-րդ համաժողովի ժամանակ: Համաձայնագրով որոշվել է զսպել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 1.5 աստիճան Ցելսիուսի սահմաններում:
Նոյեմբեր 07, 2016 at 15:12
