ԷկոԼուր
«Փարիզյան համաձայնագիրը ներկայումս գտնվում է Ազգային ժողովում, և մենք հույս ունենք, որ հենց առաջիկա քառօրյային կունենանք այդ վավերացումը», - լրագրողներին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հունվարի 31-ին անցկացված «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ:
«Այս գործընթացի արդյունքում մենք հնարավորություն կունենանք ստանալ միջազգային բազմաթիվ դրամաշնորհներ լավագույն տեխնոլոգիաների ներդրման համար, համապատասխանեցնել մեր տնտեսությունը կայուն զարգացման հայեցակետին, իսկ կայուն զարգացման հայեցակետի կենտրոնական հարցերից մեկը շրջակա միջավայրի պահպանությունն է, բարելավումն ու առաջընթացը: Էկոհամակարգային այս մոտեցումը թույլ կտա ոչ միայն մեր շրջակա միջավայրում իրականացնել հիմնարար, արմատական փոփոխություններ, այլ նաև բնական կապիտալը վերածել զարգացման իրական հարթակի: Սա մեզ համար սկզբունքային հարց է», - նշեց Արծվիկ Մինասյանը:
Կլիմայական հարցերով միջազգային փորձագետ Թոմաշ Խրուշչյովը հայտնեց, որ ներկայումս համաձայնագիրը ստորագրած 193 երկրներից 127-ն արդեն վավարեցրել են այն:
«Հուսով եմ՝ Հայաստանը շուտով կմիանա այն երկրների ընտանիքին, որոնք ճանաչել և վավերացրել են համաձայնագիրը և ջանքեր ու միջոցառումներ է ձեռնարկում կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործընթացում, որոնք կդարձնեն աշխարհն ավելի անվտանգ թե զարգացման, թե ներդրումների և թե սոցիալական ապահովվածության առումով», - ասաց Թոմաշ Խրուշչյովը:
ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանն էլ նշեց, որ համաձայնագրի վավերացումից և կողմ երկիր դառնալուց հետո Հայաստանն արդեն կարող է լիարժեք մասնակցել բանակցային գործընթացներին, որոշումների ընդունմանը և օժանդակ մարմինների աշխատանքներին:
«Փարիզյան համաձայնագիրն առավելապես շեշտում է էկոհամակարգերի պահպանությունը: Մենք շեշտը պետք է դնենք էկոհամակարգային պահպանության վրա: Սա պետք է լինի առանցքը և հեռանկարը նաև տնտեսության զարգացման առումով», - ասաց «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը: Նա նշեց, որ Հայաստանում արտանետումների 70 տոկոսը բաժին է ընկնում էներգետիկայի ոլորտին, և այստեղ պետք է նվազեցնել արտանետումները էներգախնայողության միջոցով:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը շեշտեց, որ Հայաստանում բավարար հիմք է դրված մոտակա տարիներին վերականգնվող էներգետիկայի սրընթաց զարգացման համար:
«Մենք արդեն հասել ենք մի վիճակի, որ ունենք ճիշտ մոդելներ՝ ինչպես զարգացնել վերականգվող էներգետիկան և էներգաարդյունավետությունը Հայաստանում, որ ոչ միայն լավ լինի շրջակա միջավայրի համար, այլ նաև լինի տնտեսապես շահավետ և չունենա այլընտրանք», - ասաց Հայկ Հարությունյանը:
Փոխնախարարը հայտնեց, որ 2016 թվականի ընթացքում ամբողջ աշխարհում վերականգնվող էներգտիկայի ոլորտում կատարվել է 309 միլիարդ դոլարի նեդրում, սակայն Փարիզյան համաձայնագրի նպատակներին հասնելու համար դա բավարար չէ. «Որպեսզի մենք հասնենք Փարիզյան համաձայնագրի նպատակներին, այդ թիվը մինչև 2020 թվականը պետք է հասնի 1 տրիլիոնի: Այս տեմպերով դա չի հասնելու, և տեմպերի նվազեցումը չի գալիս զարգացող երկրներից, գալիս է զարգացած երկրներից: Անցյալ տարի վերականգնվող էներգետիկայի ոլորտում նոր հզորությունների 50 տոկոսից ավելին զարգացող երկրներն են ավելացրել, ու գնալով այդ տոկոսը մեծանում է, իսկ զարգացած երկրները, կարծես, «թուլացել են»»:
Հայկ Հարությունյանը հորդորեց հանդիպմանը ներկա ԵՄ-ի ներկայացուցիչներին գալ Հայաստան և այստեղ միասին իրականացնել վերականգնվող էներեգտիկայի զարգացմանն և էներգաարդյունավետությանն ուղղված լավ գաղափարները:
Հունվար 31, 2017 at 18:26