

ԷկոԼուր
Հայաստանը մտադրություն ունի կիրառել «Բնապահպանական ծրագիր՝ պարտքի դիմաց» գործիքը, որն առաջարկվել է Համաշխարհային բանկի կողմից: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Երբ երկու երկրների միջև կա ձևավորված արտաքին պարտք, և այնպիսի զարգացած երկրները, ինչպիսին օրինակ Ճապոնիան է, կամ Գերմանիան, հանդես են գալիս առաջարկությամբ, որ մենք պատրաստ ենք պարտքի որոշակի մասը զիջել, եթե դրա դիմաց դուք իրականացնեք բնապահպանական ծրագրեր: Օրինակ, այն երկիրը, որը կլիմայի գլոբալ փոփոխությունների պայմաններում կարիք ունի նվազեցնելու արտանետվող ջերմոցային գազերը, կարող է առաջարկությամբ հանդես գալ իքս երկրի նկատմամբ, որ ես պատրաստ եմ օժանդակել իրականացրելու արտանետումները նվազեցնելու ծրագիր տեխնոլոգիաների ներմուծման, փոփոխման կամ կանաչապատ տարածքների ընդլայնման միջոցով, և այդ պարտքի այսինչ մասից հրաժարվեմ: Այս գործիքը միտված է կոնկրետ բնապահպանական ուղղվածության ծրագրեր իրականացնելուն և նպատակ չի հետապնդում ՝ ազդելու Հայաստանի արտաքին ֆինանսական շուկայի վարկանիշի վրա», - մեկնաբանեց Արծվիկ Մինասյանը:
Նախարարը նշեց, որ ներկայումս Հայաստանը չունի կոնկրետ առաջարկ որևէ երկրի կողմից: Դեռևս ընթանում են բանակցություններ Համաշխարհային բանկի հետ և քննարկումներ երկրի ներսում:
Փետրվար 10, 2017 at 15:53
