ԱՄՆ-ի Հավայի նահանգը, ի հակադրումն Թրամփի, որոշել է չհրաժարվել Փարիզյան կլիմայական համաձայնագրից

ԱՄՆ-ի Հավայի նահանգը, ի հակադրումն  Թրամփի, որոշել է չհրաժարվել Փարիզյան կլիմայական համաձայնագրից

ԷկոԼուր

ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան Հավայի նահանգը որոշել է միանալ կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզյան համաձայնագրին: Այս մասին հայտնեց ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը «ԷկոԼուր» մամուլի ակումբում «Կանայք Էներգետիկայում» խորագրով հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Փարիզյան կլիմայական համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին՝ պարզաբանելով, որ ներկա պայմաններով այն ԱՄՆ-ի համար ձեռնտու չէ: Ըստ Թրամփի՝ համաձայնագրի բոլոր դրույթների կատարման դեպքում մինչև 2025 թ-ը ԱՄՆ-ն կարող է կորցնել 2.7 միլիոն աշխատատեղ:

«ԱՄՆ նախագահի հայտարարությունը չի նշանակում, որ առանձին նահանգները, առանձին քաղաքները կամ կորպորացիաները դուրս են գալու համաձայնագրից: Փարիզյան համաձայնագիրը և Կանաչ կլիմայական հիմնադրամը աշխատելու են: Նույնիսկ Թրամփի հայտարարությունից հետո Ամերիկան մինչև 2021 թ-ը մնալու է Փարիզի համաձայնագրի ստորագրող կողմ, և որոշումը դուրս գալու կարող է անել է մյուս նախագահը», - նշեց Դիանա Հարությունյանը:

Ըստ gazeta.ru-ի՝ Հավայիի նահանգապետ Դեվիդ Էյջը ստորագրել է երկու օրինագիծ, որոնցով նահանգը պարտավորվում է կատարել Փարիզյան համաձայնագրի առանցքային դրույթները: «Հավային և Խաղաղ օվկիանոսի այլ կղզիներ արդեն զգում են օվկիանոսի մակարդակի բարձրացման և բնական աղետների հետևանքները: Այդ պատճառով մենք ձեռնարկում ենք հստակ քայլեր՝ կլիմայի վերաբերյալ համաձայնագրի իրականացման համար», - հայտարարել է նահանգապետը:

Հավային ամերիկյան առաջին նահանգն է, որն ընդունում է Փարիզյան համաձայնագրին համապատասխան օրենքներ՝ գլոբալ ջերմաստիճանի բարձրացման սահմանափակման և կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման նպատակով:

Իսկ հունիսի սկզբին Չինաստանը և Կալիֆորնիան ստորագրել էին համաձայնագիր՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման նպատակով համատեղ համագործակցության մասին: Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը նշել էր, որ այդպիսով փորձ է արվում լրացնել այն բացը, որն առաջացել է Թրամփի որոշումից հետո: «Ոչ ոք չի կարող անմասն մնալ: Մենք չենք կարող մեզ թույլ տալ չնկատել մարդկության այս մեծ խնդիրը», - հայտարարել էր Բրաունը:

Ըստ ստորագրած համաձայնագրի՝ Պեկինը և Կալիֆորնիան կընդլայնեն առևտրի կապերը «կանաչ տեխնոլոգիաների» մասով, որոնք նպաստում են կլիմայի փոփոխության խնդիրների լուծմանը:
Կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզյան համաձայնագիրն ընդունվել է 2015 թ-ի դեկտեմբերին: Համաձայնագրով որոշվել է զսպել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիժան Ցելսիուսի սահմաններում՝ ձգտելով չգերազանցել 1.5 աստիճանը:

Հունիս 08, 2017 at 19:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր