

ԷկոԼուր
«Մարդկությունն ունի ընդամենը հինգ տարի, որպեսզի փորձի զսպել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 1.5 աստիճան Ցելսիուսի սահմաններում: Այս նպատակով մինչ 2020 թ-ը ջերմոցային գազերի արտանետումները պետք է կրճատել գոնե մեկ քառորդով», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:
Հարկավոր է ավելի մեծ աջակցություն ցուցաբերել կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի երկրներին, նշել է Անտոնիու Գուտերիշը և հիշեցրել զարգացող երկրներին տարեկան 100 միլիարդ դոլարի չափով ֆինանսական աջակցության անհրաժեշտության մասին:
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ներկայացրել է ջերմոցային գազերի վերաբերյալ զեկույց, որի համաձայն ածխածնի երկօքսիդի կոնցենտրացիան մթնոլորտում 2016 թ-ին հասել է ամենաբարձր մակարդակի վերջին 800 հազար տարվա ընթացքում:
Նշենք, որ այս օրերին Գերմանիայի Բոնն քաղաքում անցկացվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմ երկրների 23–րդ նստաշրջանը (COP 23), որին մասնակցում է նաև Հայաստանը` Փարիզյան կլիմայական համաձայնագրի ներքո պատրաստած առաջին երկամյա առաջընթացի զեկույցով:
Լուսանկարը` ՄԱԿ-ի պաշտոնական կայքից
Նոյեմբեր 14, 2017 at 17:31