Սպիտակը եւ Վայքը պարտավորվում են մինչև 2020 թվականը 20 տոկոսով կրճատել ջերմոցային գազի արտանետումները

Սպիտակը եւ Վայքը պարտավորվում են մինչև 2020 թվականը 20 տոկոսով կրճատել ջերմոցային գազի արտանետումները

ԷկոԼուր

Սպիտակի և Վայքի քաղաքապետարանները եւ «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը Եվրամիության աջակցությամբ սկսել են իրականացնել «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագիրը:  

«Սպիտակում առաջիկա 4 տարիների ընթացքում նախատեսվում է կատարել այնպիսի աշխատանքներ, որը  կնվազեցնի էներգիայի ծախսը մինչև 30 տոկոս, և որը իր հերթին կլուծի շատ լուրջ էկոլոգիական խնդիրներ», - մարտի 12-ին Ծրագրի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը:

Մինչեւ 2020 թվականը Վայքը եւ Սպիտակը 20 տոկոսով պետք է կրճատեն  ածխաթթու գազի արտանետումները: 4 տարի տեւողությամբ այս ծրագրի 1,700,000 եվրոյանոց բյուջեն ուղղվելու է Սպիտակի եւ Վայքի 47 բազմաբնակարան շենքերում էներգիայի խնայողությանը և արդյունավետությանն ուղղված միջոցառումների իրականացմանը` տանիքների, դռների, պատուհանների փոխում և ջերմամեկուսացում, շենքերի մուտքերի, աստիճանավանդակների և բակերի լուսավորության նպատակով մոտ 145 արևային մարտկոցների տեղադրում, Սպիտակի մանկապարտեզի շենքում էներգիա ստանալու և լողավազանը աշխատեցնելու նպատակով 65 մ2 չափով արևային ջրատաքացուցիչների և արևային 160 մ2 չափով մարտկոցների տեղադրում  եւ այլն:

Էներգաարդյունավետությունը դառնում է  Եվրոպայի էներգետիկ անվտանգության կարևորագույն առաջնահերթություններից մեկը: Եւ ակնկալվում է, որ այս գործընթացի մեջ մտած Հայաստանը, զգալիորեն կընդլայնի իր մասնակցությունը նմանատիպ ծրագրերում` բարձրացնելով իր էներգետիկ անվտանգությունը: Հիշեցնենք, որ Հայաստանը սեփական ռեսուրսներով ապահովում է իր էներգետիկ պահանջարկը միայն 8.3 %-ով` հիդրոէներգետիկայի հաշվին եւ 0,02 %-ով` քամու եւ բիոգազի հաշվին: Մնացած 91,7 %-ը ներկրված էներգառեսուսներ են: Էներգախնայողության հարցը խիստ արդիական է հենց բնակչության համար, որը էներգիայի ամենամեծ 28%-ով  սպառողն է:

«Մենք այս միջոցառումը կարևորում ենք մի քանի հարթություններում: Առաջինը՝ էներգախնայողությունը և վերականգնվող էներգետիկան ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը ուղղված ամենաառաջնահերթ քայլերից են: Երկրորդը՝ այն իրականում նպաստելու է տնտեսության մրցունակությանը, տնտեսական զարգացմանը և կայուն զարգացմանը….Հայաստանը նաև շուտով կմասնակցի Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայր համագործակցության ձևաչափին: Այդ ձևաչափի շրջանակներում իրականացվելու են մունիցիպալ էներգախնայողության և շրջակա միջավայրի ծրագրեր», - միջոցառման ընթացքում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

   

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

Մարտ 13, 2015 at 17:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր