

ԷկոԼուր
Սույն թվականի մարտի 13-ին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՀՀ բնապահպանության նախարարության գլխավոր քարտուղար Վահե Ջիլավյանից ստացել է«Արդյունաբերական աղտոտվածությունը Լոռու մարզում» համաժողովի արդյունքներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բանաձևի պատասխանը:
2018 թ. դեկտեմբերի 18-ին Երևանում տեղի էր ունեցել «Արդյունաբերական աղտոտվածությունը Լոռու մարզում» համաժողով, որը կազմակերպվել է «ԷկոԼուր», «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» և չեխական «Առնիկա» ՀԿ-ների կողմից: Մասնակիցներն ընդունել էին բանաձև Ալավերդի, Ախթալա, Շնող համայնքներում հանքարդյունաբերության հետևանքով շրջակա միջավայրի աղտոտվածության և առողջությանը սպառնացող վտանգների վերաբերյալ, որնուղարկվեց ՀՀ կառավարություն և համապատասխան գերատեսչություններ: Բնապահպանության նախարարության նամակում նշված է. «Ի պատասխան վարչապետին ուղղված Ձեր 2018 թ. դեկտեմբերի 19-ի գրության հայտնում եմ, որ 2019 թ. փետրվարի 8-ի Կառավարության N 65-Ա որոշմամբ հաստատվել է Կառավարության նոր ծրագիրը: Դրա «Շրջակա միջավայր» բաժնի առաջնահերթ ուղղություններից ելնելով` 2019-2023 թթ. նոր մշակվող Կառավարության միջոցառումների ծրագրով նախատեսվում են նաև Ձեր գրությամբ բարձրացված խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների իրականացում, մասնավորապես.
- Հողային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, հողերի աղտոտման և դեգրադացման կանխարգելմանն ու նվազմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը
- Հանքերի փակման (ռեկուլտիվացիայի) ժամանակակից մեխանիզմների կիրառման խթանումը
- Քիմիական նյութերի և թափոնների (այդ թվում՝ ընդերքօգտագործման) էկոլոգիապես անվտանգ կառավարումը
- Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական գործընթացի արդյունավետ իրականացումը
- Շրջակա միջավայրի մոնիթորինգի, թույլտվությունների, լիցենզիաների միասնական և ժամանակակից համակարգերի ներդրումը, առաջնային տեղեկատվության համակարգված կառավարումը
- Շրջակա միջավայրի կառավարման տնտեսական մեխանիզմների և լծակների ճկուն համակարգի ներդրումը, միջազգային կառույցների հետ համատեղ ֆինանսավորման նորարարական մեխանիզմների (ներառյալ բնապահպանական ծրագրերով պարտավորությունների հաշվանցման մեխանիզմի) մշակումը և ներդրումը և այլն:
Մթնոլորտ արտանետվող փոշու և վտանգավոր նյութերի ու միացությունների արդյունավետ և հերմետիկ հավաքման և չեզոքացման, ինչպես նաև արտահոսքերը կանխարգելող համակարգերն արտադրության մեջ ներդնելու հարցը կարգավորվում է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով:
Կից ներկայացնում եմ նաև նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի գրության պատճենը»:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նամակում մասնավորապես գրված է.
«Ի կատարումն վարչապետի 2019 թ. հունվարի 29-ի թիվ 02/24.10/96-19 հանձնարարականի` հայտնում եմ, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան ծրագրին համապատասխան 2018 թ. ընթացքում ստուգումներ են իրականացվել «Արմենիան Քափըր Փրոգրամ» և «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերություններում: Ստուգումների արդյունքում հայտնաբերված իրավախախտումների համար ընկերությունները ենթարկվել են վարչական տուգանքի, ինչպես նաև հաշվարկվել է շրջակա միջավայրին պատճառված վնաս: Ընկերություններին տրվել են հանձնարարականներ խախտումները վերացնելու վերաբերյալ, մասնավորապես.
- «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին՝ ապահովել բնապահպանության նախարարության կողմից տրված անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու ժամանակավոր չափաքանակների նախատեսված բնապահպանական միջոցառումները՝ ներդնելով հեռացող գազերի մաքրման համակարգ արտանետվող ծծմբային անհիդրիդի քանակությունները 90 տոկոս նվազեցնելու համար, ապահովել ասպիրացիոն համակարգի սարքինությունը անօրգանական փոշու արտանետումները նվազեցնելու ուղղությամբ, մշակել սահմանային թույլատրելի արտանետումների նոր նախագիծ համապատասխան արտանետումների չափաքանակների թույլտվություն ստանալու համար, մշակել ընկերության գործունեության ընթացքում առաջացող թափոնների նորմատիվների և դրանց տեղադրման սահմաքանակների նախագծեր:
Ներկայումս ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը և հետևաբար փաստացի արտանետումները զրոյացվել են, իսկ տրված այլ հանձնարարականների կատարումն ընթացքի մեջ է:
- «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ին՝ լրամշակել ՍԹԱ նախագիծ և ստանալ նոր թույլտվություն, մշակել ընդերքօգտագործման թափոնների անձնագրեր, մշակել ընդերքօգտագործման թափոնների գոյացման նորմատիվներ և դրանց տրամադրման սահմանաքանակների նախագիծ, համապատասխան միջոցներ ձեռնարկել թույլտվությամբ տրված պահանջների կատարումն ապահովելու նպատակով:
Ընկերությունը մասամբ իրականացրել է հանձնարարականների կատարումը, մասնավորապես՝ մշակել է նախագիծ և ստացել դրական եզրակացություն, որով նախատեսվում է չոր պոչերի պահեստավորումը բացահանքի արդյունահանված տարածքում: Նշված նախագծի ներդրումը թույլ կտա կոմբինատին անցնել ջրի լրիվ շրջանառու համակարգի, և կբացառի արտադրական կեղտաջրերի արտահոսքը բաց ջրավազաններ: Տրված հանձնարարականները կատարման փուլում են:
- «Թեղուտ» ՓԲԸ-ն 2018 թ. մարտ ամսից մինչ այժմ արտադրական գործունեություն չի իրականացնում, իսկ ստուգումը հնարավոր կլինի իրականացնել միայն ընկերության կողմից գործունեությունը վերսկսելու պահից, որից հետո միայն հնարավորություն կլինի ներկայացնել համապատասխան տեղեկատվություն»:
Հիշեցնենք, որ բանաձևի առաջարկությունները հետևյալն էին.
Սահմանել խիստ վերահսկողություն հանքամետալուրգիական գործընթացների նկատմամբ` ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններից պահանջելով.
- Արտադրության մեջ ներդնել շրջակա միջավայր արտանետվող փոշու և վտանգավոր նյութերի ու միացությունների արդյունավետ և հերմետիկ հավաքման կամ չեզոքացման, ինչպես նաև արտահոսքերը կանխարգելող համակարգեր:
- Իրականացնել բոլոր աղտոտված տարածքների շրջակա միջավայրի ելային վիճակի ամբողջական գնահատում (մակերևույթային և ստորերկրյա ջրեր, հող, թափոնակուտակիչներ և լցակույտեր, կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ և այլն), ինչպես նաև կիրառվող տեխնոլոգիաների՝ բնապահպանական առումով անվտանգության գնահատական։
- Մշակել և ներկայացնել աղտոտված տարածքների վերականգնման պլան՝ ներառելով միջոցառումների ստույգ ժամանակացույցերը, դրա համար պահանջվող ֆինանսավորման ծավալներն ու աղբյուրները, պատասխանատուներին։
- Պլանի քննարկմանը օրենքով սահմանված կարգով մասնակից դարձնել շահագրգիռ հասարակայնությանը և տեղի բնակչությանը:
- Ապահովել թափանցիկություն Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի և Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ընթացքում սոցիալ-էկոլոգիական պատասխանատվության դրույթները «Վալլեքս» խմբի ընկերությունների, ՎՏԲ բանկի, Կառավարության և այլ խնդրով շահագրիռ հանարավոր հավակնորդների միջև ընթացող բանակցությունների ձևաչափում:
- Պատասխանատվության ենթարկել հանքի նախկին և ներկա շահագործողներին և պատասխանատու գերատեսչություններին, տալ քաղաքական գնահատական նրանց գործողություններին:
- Իրականացնել գործարանների կառավարման աուդիտ:
- Հիմնվելով տվյալ հետազոտություններով ստացված արդյունքների վրա` պատկան մարմինների միջոցով անցկացնել տարածաշրջանի կենդանական ծագմամբ սննդատեսակների համալիր մշտադիտարկում և գնահատում, կազմել կանխարգելիչ միջոցառումների պլան և իրականացնել պլանով նախատեսված գործողությունները:
- Աղտոտված տարածքների բնակչության շրջանում անցկացնել բնապահպանական աղտոտվածության հետևանքով առաջացող հիվանդությունների` ուռուցքաբանական, բնածին արատներ, թոքային և սրտանոթային, իմունային և վերարտադրողական համակարգ, վերլուծություն, գնահատում ըստ դիօքսինների, կազմել կանխարգելիչ միջոցառումների պլան և կյանքի կոչել պլանով նախատեսված գործողությունները:
- Լոռու մարզի տվյալ տարածքի զարգացման համար առաջնային համարել տնտեսության այլընտրանքային հայեցակարգի ընդունումը և դրա կիրարկումը:
Մարտ 21, 2019 at 17:39