

ԷկոԼուրը նամակ է ուղարկել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանին Սյունիքի մարզի կոնսերվացված Կավարտի հանքի վերաբերյալ: Նամակում նշված է.
«Հարգելի պարոն Հասրաթյան,
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 2009թ. մարտի 27-ի թիվ 30-Ա հրամանով «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ին /Կապանի ԼՀԿ/ տրվել է Կապանի հանքավայրից՝ Լենհանքերի Կենտրոնական հանքավայրի տարածքից (Կավարտ թաղամասի բաց հանք) հրաժարման N22 հավաստագիրը՝ հիմք ընդունելով Ընկերության N 05-2079.29.12-2008թ․ դիմումը։ Հատկանշական է, որ հավաստագրի 4,1 կետով նշվում է, որ հավաստագիրը տրվում է կոնսերվացման աշխատանքների կատարման նախագծով նախատեսված աշխատանքների կատարման պայմանով, իսկ 4,2 կետով՝ այդ աշխատանքները պետք է կատարի Ընկերությունը։ Հայտնի է նաև, որ անտեսվել է այն հանգամանքը, որ հանքավայրի կոնսերվացման աշխատանքները կատարվել են ՀՀ կառավարության 2013 թվականի N 319-Ն «Օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված լեռնային փորվածքների և կառույցների սառեցման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 31-ի n 485-ն որոշում ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման (նախկին՝ 2005 թվականի մարտի 31-ի N 485-ն որոշում) պահանջների խախտմամբ։ Չնայած դրան, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վերահսկողության պետական տեսչության կողմից կազմված և նախարարի կողմից հաստատված հանձնման-ընդունման ակտով 2010 թվականի դեկտեմբերի 2-ին հանքավայրն անցել է ՀՀ պատասխանատվության ներքո՝ ի դեմս ՀՀ կառավարության։ Ինչպես նախկինում, այդպես էլ ներկայումս Կավարտի հանքավայրի տարածքից թթվային hանքաջրերը մոտ 300 մետր բաց ջրանցքով անցնում են Կապան քաղաքի բնակելի տների մերձակայքով և Կապանի ԼՀԿ-ի գործող արտադրական տարածքով՝ իրենց բացասական ազդեցությունը թողնելով մարդկանց առողջության, շրջակա միջավայրի, իսկ 2021թ․ փետրվարի 26-ին՝ նաև «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի արտադրական տարածքների վրա։ Փաստերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ջրանցքի հոսքերը և հոսքաջրերի գույնը որոշակի պարբերականությամբ փոփոխվում են, ինչն անուղղակիորեն խոսում է փակված հանքավայրի վրա արտաքին ներգործության մասին։ Այդ մասին ակնարկներ կան նաև «KAPAN IN»-ի 22․02․2019թ ուղղված հարցմանը՝ Կապան ԼՀԿ-ի պատասխանում, որտեղ ի թիվս այլ պարզաբանումների, նշված է. «Այդ առվակի հոսող ջրերը ծանրաբեռնված են այլ ընդերքօգտագործողի իրավունքներով և վերջինիս նկատմամբ Ընկերության ցանկացած գործողություն կարող է դիտվել որպես այլ ընդերքօգտագործողի իրավունքների ոտնահարում»։
Ելնելով վերոնշյալ հանգամանքներից՝ խնդրում ենք կատարել ստուգումներ Լենհանքերի Կենտրոնական հանքավայրում, պարզել ենթադրյալ ապօրինի ընդերքօգտագործող կազմակերպության ինքնությունը, հաշվարկել ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանը հասցված վնասի չափը և նյութերը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ դատախազություն, միաժամանակ, որպես պետական լիազոր մարմին, ՀՀ կառավարություն:
ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկ Կավարտի հանքավայրի վերջնական կոնսերվացման և վտանգավոր հանքաջրերի դադարեցման վերաբերյալ։
Խնդրում ենք «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան կատարված աշխատանքների վերաբերյալ տեղյակ պահել մեր կազմակերպությանը»։
Լուսանկարը՝ www.kapan.in
Մարտ 29, 2021 at 19:01