Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այլևս սակագին չի սահմանի այն փոքր ՀԷԿ-երի համար, որոնց արտադրած էլեկտրական էներգիայի պարտադիր գնման երաշխիքային ժամկետը կավարտվի: Այդ ժամկետի ավարտից հետո պետությունը չի երաշխավորի փոքր ՀԷԿ-երից և վերականգնվող էներգետիկայի մյուս կայաններից էլեկտրաէներգիայի պարտադիր գնումը: Այս մասին ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան NՍՇ/34.3-Մ2-4/213-2022 նամակով հայտնել է ՀԾԿՀ անդամ Ս. Շահինյանը:
Նամակում նշված է. «Փոքր ՀԷԿ-երի գործունեության առնչությամբ Ձեր կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է հետևյալը.
- 2022 թվականի փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող իրավակարգավորումների համաձայն (այդ թվում՝ հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 12-ի №516Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայում 08.12.2021թ. №424Ն որոշմամբ կատարված փոփոխությունների)՝ «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված էլեկտրական էներգիայի պարտադիր գնման երաշխիքային ժամկետը լրացած ՓՀԷԿ-երը դասակարգվում են մրցակցային պայմաններով գործող արտադրողների շարքին, որոնցից առաքվող էլեկտրական էներգիայի համար հանձնաժողովը սակագներ չի սահմանելու, և այդ կայանները գործելու են լիարժեք մրցակցային պայմաններում։ Հաշվի առնելով նշվածը՝ հանձնաժողովի 29.12.2021թ. №479Ա որոշմամբ 2022 թվականի փետրվարի 1-ից ուժը կորցրած են ճանաչվել 2022 թվականի փետրվարի 1-ի դրությամբ «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված էլեկտրական էներգիայի պարտադիր գնման երաշխիքային ժամկետը լրացած/լրացող ՓՀԷԿ-երից առաքվող էլեկտրական էներգիայի սակագները։
- ՓՀԷԿ-երից և էներգիայի վերականգնվող այլ ռեսուրսների (հողմային, արեգակնային, երկրաջերմային և կենսազանգվածի) կիրառմամբ էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի գնման պարտադիր երաշխիքը սահմանված է «Էներգետիկայի մասին» օրենքով, որի 59-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ նշված երաշխիքը գործում է Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի համար հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ մտնելու պահից համապատասխանաբար տասնհինգ և քսան տարվա ընթացքում: Այդ ժամանակահատվածի ավարտից հետո նշված կայաններից էլեկտրական էներգիայի գնումը պարտադիր չէ։ Հարկ է նաև նշել, որ 2019 թվականի դեկտեմբերի 12-ի №516Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների համաձայն, «Էներգետիկայի մասին» օրենքով գնման երաշխիք ունեցող արտադրող կայանները մինչև նշված երաշխիքային ժամկետի ավարտը չունեն դրանից հրաժարվելու հնարավորություն։ Միաժամանակ, կանոններով նախատեսված են անցումային կարգավորումներ, համաձայն որոնց օրենքով սահմանված գնման երաշխիքային ժամկետը լրացած կայանները ստանում են պարտադիր ՀՊԿՄ կարգավիճակ՝ ընդգրկվելով երաշխավորված մատակարարի հաշվեկշռման խմբում։ Երաշխավորված մատակարարը նշված կայաններից էլեկտրական էներգիան գնում է հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրողի համար սահմանած նվազագույն գնով։ Նշված կարգավորումը, սակայն, չի սահմանափակում օրենքով սահմանված գնման երաշխիքային ժամկետը լրացած կայանների իրավունքը՝ մասնակցելու էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում առևտրին որպես ՄԷԱ կայան՝ կորցնելով երկարաժամկետ պայմանագրերի բաղադրիչում երաշխավորված մատակարարին էլեկտրական էներգիա վաճառելու իրավունքը և դուրս գալով երաշխավորված մատակարարի հաշվեկռշման խմբից։
- ՓՀԷԿ-երի լիցենզիաների դադարեցման վերաբերյալ հարցի առնչությամբ տեղեկացնում եմ, որ վերջին 5 տարիների ընթացքում սննկացման, ինչպես նաև սահմանված չափաքանակի էլեկտրական էներգիա չարտադրելու հիմքով ՓՀԷԿ-երում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաներ չեն դադարեցվել»:
Հիշեցնենք, որ 2022 թ-ի ընթացքում ավարտվում է 8 փոքր ՀԷԿ-ի լիցենզիայի գործողության ժամկետ, ևս 7-ինը կլրանա 2023 թ-ին, իսկ 1 փոքր ՀԷԿ-ի լիցենզավորման ժամկետն արդեն իսկ ավարտվել է 2021թ-ի վերջին՝ ըստ 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀԾԿՀ կողմից տրված լիցենզիաների համաձայն էլեկտրաէներգիա արտադրող փոքր ՀԷԿ-երի հիմնական ցուցանիշների մասին փաստաթղթի: 2022թ-ից սկսած ամեն տարի որոշ թվով ՓՀԷԿ-երի լիցենզիայի գործողության ժամկետներ կավարտվեն:
Հունվար 26, 2022 at 14:34