«էկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին՝ պարզելու համար, թե կվերանայվի բնական ջրհոսքերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը լիցենզիաների գործողության ժամկետների երկարացման համար ՀԾԿՀ դիմելու դեպքում:
«2022 թ-ի ընթացքում ավարտվում է 8 փոքր ՀԷԿ-ի լիցենզիայի գործողության ժամկետը, ևս 7-ինը կլրանա 2023 թ-ին, իսկ 1 փոքր ՀԷԿ-ի լիցենզավորման ժամկետն արդեն իսկ ավարտվել է 2021թ-ի վերջին՝ ըստ 2021 թվականի հոկտեմբերի 1–ի դրությամբ ՀԾԿՀ կողմից տրված լիցենզիաների համաձայն էլեկտրաէներգիա արտադրող փոքր ՀԷԿ-երի հիմնական ցուցանիշների մասին փաստաթղթի: Այսպիսով, 2022թ-ից սկսած ամեն տարի որոշ թվով ՓՀԷԿ-երի լիցենզիայի գործողության ժամկետներ կավարտվեն:
Հայտնի է, որ փոքր ՀԷԿ-երի սակագները սահմանված են մինչև 15 տարի ժամկետով, որքան ժամկետով նրանց տրվել է էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիան: Բնական ջրհոսքերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի սակագները բարձր են մյուս հիդրոէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի սակագնի համեմատ: Պետությունը նաև երաշխավորում է փոքր ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի գնումը ՀԷՑ-ի կողմից:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք համաձայն՝ խնդրում ենք տեղեկացնել.
- Արդյոք վերանայվելու է բնական ջրհոսքերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը փոքր ՀԷԿ-երի կողմից լիցենզիաների գործողության ժամկետների երկարացման համար ՀԾԿՀ դիմելու դեպքում, եթե այո, ապա ի՞նչ սակագին է նախատեսվում սահմանել այդ փոքր ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի համար:
- ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման դեպքում արդյո՞ք պահպանվելու է ՀԷՑ-ի կողմից փոքր ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի պարտադիր գնման պետության երաշխիքը, թե՞ փոքր ՀԷԿ-երը մինչև իրենց լիցենզիաների գործողության ժամկետի ավարտը կարող են էլեկտրաէներգիան վաճառել իրենց նախընտրած օպերատորին իրենց ցանկացած սակագնով:
- Վերջին 5 տարիների ընթացքում քանի փոքր ՀԷԿ-ի լիցենզիա է դադարեցվել վերջիններիս սնանկացման, ինչպես նաև սահմանված չափաքանակի էլեկտրաէներգիայի չարտադրման պատճառով», - նշված է հարցման մեջ:
Հունվար 19, 2022 at 16:18