ՀՀ կառավարությունը լուծարեց «Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համալիր» ՓԲԸ-ն, իսկ «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ-ի կառավարումը փոխանցեց ՏԿԵՆ-ին

ՀՀ կառավարությունը լուծարեց «Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համալիր» ՓԲԸ-ն, իսկ «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ-ի կառավարումը փոխանցեց ՏԿԵՆ-ին

Ս.թ. հունվարի 13-ի նիստում ՀՀ կառավարությունը լուծարեց «Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համալիր» ՓԲԸ-ն:

Այս ընկերությունը ժամանակին շահագործում էր Սյունիքի մարզում գտնվող Որոտանի հիդրոկասկադը:

2014 թ-ին ընկերության գույքը 180 միլիոն դոլարով օտարվեց «Քոնթուր Գլոբալ ՀիդրոԿասկադ» ՓԲԸ-ին:

Քաղաքացիական հասարակության համար այս գործարքում շատ մութ տեղեր մնացին:  

Կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է. «Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համալիր» ՓԲԸ-ի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը: Ընկերությունը չի զբաղվում իր կանոնադրությամբ նախատեսված հիմնական գործունեությամբ՝ էլեկտրաէներգիայի արտադրությամբ: Ընկերությունն ունի հավաքագրման ենթակա 14343381.2 հազար դրամ դեբիտորական պարտքեր, որից 6071521.0 հազար դրամը հանդիսանում է «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի դեբիտորական պարտք, 8093488.7 հազար դրամը հանդիսանում է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ի դեբիտորական պարտք, 46938.3 հազար դրամը հանդիսանում է «Հեր-Հեր» ՀԷԿ» ՓԲԸ-ի պարտավորությունը և 131433.2 հազար դրամը հանդիսանում է պետական բյուջեի պարտավորությունը: 15.09.2021թ. դրությամբ ընկերության դրամական միջոցները կազմել են 2,805,547.9 հազար դրամ, այդ թվում 1,067.9 հազար դրամ հաշվարկային հաշվում, 1,051,280.0 հազար դրամը ավանդադրված են՝ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում՝ 1.440.000 ԱՄՆ  դոլարի տեսքով և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում՝ 350.000.0 հազար դրամ: Ի կատարումն վարչապետի հանձնարարականի՝ ընկերության 09.12.2021թ. դրությամբ ավանդադրված միջոցները փոխանցվել են պետական բյուջե»:

«Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համալիր» ՓԲԸ-ի լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով կստեղծվի հանձնաժողով, որից հետո ՀՀ պաշտպանության նախարարը պետք է մեկամսյա ժամկետում ապահովի կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի՝ ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները, հանձնումը լուծարման հանձնաժողովին։ Ընկերության պարտապանների հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են ֆինանսների նախարարությանը: Ընկերության լուծարումից հետո առկա ֆինանսական միջոցներն ուղղվելու են Հայաստանի Հանրապետության պահուստային ֆոնդ:

Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարությունը «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ-ի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարումը փոխանցեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ (ՏԿԵՆ) հետագայում օտարելու նպատակով:

Ըստ կառավարության որոշման նախագծի՝ «Հեր-Հեր» ՀԷԿ» ՓԲԸ-ը հիմնադրվել և պետական բաժնեմասի կառավարումը ՀՀ պաշտպանության նախարարին է փոխանցվել ՀՀ կառավարության 13.04.2017թ. N 373-Ա որոշմամբ: Այն փոքր հիդրոէլեկտրակայան է, որն իր արտադրանքը վաճառում է «ՀԷՑ» ՓԲԸ-ին:  

Հիմնավորման համաձայն՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է100% պետական մասնակցությամբ «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունը համապատասխան ոլորտի քաղաքականություն իրականացնող պետական մարմնին վերապահելու անհրաժեշտությամբ:

Հունվար 13, 2022 at 18:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր