Որոտան ՀԷԿ-երի գույքը վաճառվեց 180 մլն դոլարով

Որոտան ՀԷԿ-երի գույքը վաճառվեց 180 մլն դոլարով

ԷկոԼուր

Հունվարի 29-ին ՀՀ կառավարությունում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի տնօրեն Սասուն Խաչատրյանը ստորագրել են «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր»-ի գույքի առուվաճառքի պայմանագիրը` 180 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ Այս մասին տեղեկացնում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքը: Պայմանագրի համաձայն` «Քոնթուր  գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունը, առաջիկա 6 տարիների ընթացքում, «Որոտանհիդրոէլեկտրակայանների համալիր»-ի արդիականացման և վերանորոգման համար պետք է ներդնի շուրջ 70 մլն դոլար:

«Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի   պաշտոնական կայքի համաձայն` Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը բաղկացած է հիդրոէլեկտրակայանների եռաստիճան համալիրից, որոնք կառուցված են Որոտան գետի վրա՝ Սյունիքի մարզի (նախկին Սիսիանի և Գորիսի շրջաններ) տարածքում և օգտագործում են թե գետի հունի և թե՛ վտակների ջրերը: Համալիրի ՀԷԿ-երն են «Տաթևի» ՀԷԿ-ը, «Շամբի» ՀԷԿ-ը եւ «Սպանդարյանի» ՀԷԿ-ը: «Տաթևի» ՀԷԿ-ը գործարկվել է 1970թ., «Շամբի» ՀԷԿ-ը 1978թ-ին, իսկ 1989 թ.՝ Սպանդարյանի ՀԷԿ-ը:

Համալիրի կազմի մեջ են մտնում չորս ջրամբարներ և շուրջօրյա կարգավորման մեկ ավազան: ՀԷԿ-երի գումարային սահմանված հզորությունը 404,2 Մվտ է, միջին տարեկան նախագծային արտադրանքը՝ 1,16 մլրդ կվտ/ժամ:

Լուսանկարը՝ 1.am-ի

Հունվար 31, 2014 at 13:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր