ՀՀ Կոտայքի մարզպետարանը ԷկոԼուրին պատասխանել է, որ հետամուտ կլինի Չարենցավանում բակային տարածքներում ծառերի հատման խնդրին:
Հիշեցնենք, որ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչներից ահազանգ էր ստացել, որ քաղաքի բակային տարածքներում ոչնչացվում են բակային կանաչ տարածքները շինարարության համար: Վնասում են ծառերը, վառում են, կտրում, բների մոտ ցեմենտ են լցնում, որ ծառերը չորանան: Բնակիչները 100-ից ավելի նման ծառ են հաշվել քաղաքում՝ հիմնականում 3-րդ և 6-րդ թաղամասերում: Ծառերի տեղում ավտոտնակ կամ խանութ են կառուցում: ԷկոԼուրը նամակով դիմել էր ՀՀ Կոտայքի մարզպետարան՝ տեղեկանալու, թե արդյոք Կոտայքի մարզպետարանն ահազանգ ստացել է Չարենցավանի բակային տարածքներում ծառերի վնասման վերաբերյալ և ի՞նչ քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ:
ՀՀ Կոտայքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանի 25.10.2022թ. թիվ 02/05.1/06279-2022 նամակով հայտնել է.
«Հայտնում եմ, որ Չարենցավան քաղաքի բնակիչներից բակային տարածքներում ծառերի հատման վերաբերյալ ՀՀ Կոտայքի մարզպետարան ահազանգ չի ստացվել:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետամուտ կլինենք նման երևույթների կանխարգելմանը»:
Հիշեցնենք, որ ԷկոԼուրը խնդրի վերաբերյալ նամակներ է ուղարկել նաև Չարենցավանի համայնքապետարան, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, սակայն դեռ պատասխան չի ստացել:
Հոկտեմբեր 26, 2022 at 14:38