Սույն թվականի հունիսի 5-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Չոչնչացնել անտառը. կկարողանա՞նք. անտառային նոր քաղաքականություն» թեմայով քննարկումը։ Բանախոսներն էին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային քաղաքականության վարչության պետ Արթուր Պետրոսյանը և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը: Բանախոսներն անդրադարձան ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մշակած «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» նախագծին, որը շրջանառվել է www.e-draft.am կայքում։
Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ Հայաստանը պարտավորվել է մինչև 2030թ. հանրապետության անտառածածկը հասցնել 12.9%-ի կամ ավելացնել 50,000 հա-ով՝ համաձայն Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ-ի 2021-2030թթ ազգային մակարդակով սահմանված գործողությունների (Կառավարության 22 ապրիլի 2021 թվականի N 610-Լ որոշում)։ Սակայն փաստաթղթում նշված չէ, թե որպես ելակետային ցուցանիշ ինչ թիվ է վերցված։ Ըստ նրա՝ անտառային ֆոնդի պետական հաշվառման վերջին տվյալը 1993թ. տվյալն է, որի համաձայն՝ երկրի անտառածածկ տարածքները կազմում են ընդհանուր տարածքի մոտ 11,2% (334100հա): Սա նշանակում է, որ անտառածածկն ավելացվելու է մինչ 1,7 %-ով: Սակայն 12.9 %-ը չի կարող ճշմարտացի լինել, քանի որ անտառածածկի մակերեսը Հայաստանում փոխվել է։ Իսկ 2023-2030թթ. գործողությունների ազգային ծրագրի միջոցառումների ցանկում անտառների հաշվառում նախատեսված չէ։
Արձագանքելով Վիկտորյա Բուռնազյանին՝ Արթուր Պետրոսյանը նշեց. «Կան միջազգային կազմակերպություններ, որոնք վերջին տարիներին նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացրել են անտառածածկի վերաբերյալ ուսումնասիրություններ, սակայն դա որպես պաշտոնական հիմք չենք ընդունում: Բայց ընդհանուր առմամբ թիվը այնքան էլ հեռու չի եղել այսօրվա նշված թվից՝ մոտավորապես 11,7%: 2024թ. պետական բյուջեում նախատեսվում է անտառների պետական հաշվառման համար գումար, որպեսզի գործընթացն իրականացվի»,- նշեց նա:
Վիկտորյա Բուռնազյանի խոսքով՝ Հայաստանը պարտավորվել է անտառապատվածությունը մինչև 2050թ. հասցնել 20,1 %-ի։ «Առկա է տարածքների խնդիր, թե ինչ հողերի հաշվին է անտառածածկն ավելացվելու: Այս ռազմավարությունը պետք է հող նախապատրաստի 2030թ-ից հետո իրականցվելիք աշխատանքների համար: Բացի այդ, գործողությունների ծրագրում մեջ պետք է հստակ տեղեկատվություն լիներ, թե որ ժամանակահատվածում, որ մարզում, որ անտառտնտեսությունում քանի հեկտար անտառ է նախատեսվում տնկել, որ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Լավ կլիներ, որ ունենայինք անհրաժեշտ ճանապարհային քարտեզ»,- նշեց նա:
Վիկտորյա Բուռնազյանի դիտարկմամբ՝ մտահոգիչ է անտառում հնարավոր շինությունների նախատեսումը: Նա մեջբերեց փաստաթղթից հատված, ըստ որի՝ «Անտառկառավարման պլաններում հստակեցված չեն հանգստի նպատակով կազմակերպվող տարածքներում շինությունների կամ ժամանակավոր կառույցների վերաբերյալ թույլատվության պահանջները»: «Հուսով ենք, որ լիազոր մարմինը չի պատրաստվում օրենսդրական փոփոխություն կատարել անտառում կառուցապատում թույլատրելու համար, ինչպես դա եղավ 2016թ.։ Դա առաջացրեց մեծ դժգոհություն քաղհասարակության շրջանում, և ի վերջո հնարավոր եղավ կանխել այդ օրենսդրական նախաձեռնության առաջմղումը»,- ընդգծեց նա:
Վիկտորյա Բուռնազյանն առաջարկեց փաստաթղթում միջոցառում նախատեսել միջգերատեսչական համագործակցության, համայնքներում էներգետիկ աղքատության նվազեցման ուղղությամբ՝ կրճատելով վառելափայտի օգտագործումը մեղմելու անտառի նկատմամբ ճնշումը։ Նա կարևորեց նաև գործող օրենքների և որոշումների պատշաճ կիրարկումը:
Արձագանքելով Վիկտորյա Բուռնազյանի դիտարկմանը՝ Արթուր Պետրոսյանը նշեց, որ ներկայում պետականորեն թույլատրելի անտառահատումները տարեկան կազմում են շուրջ 40 հազար խմ և շուրջ 50 հազար խմ թափուկ է տրամադրվում անտառամերձ համայնքների բնակիչներին: Ըստ նրա՝ քայլեր են արվում նաև էներգիայի այլընտրանքային աղբյուրներ հայթայթելու տեսանկյունից: «Դիտարկում ենք նաև էներգետիկ այլընտրանքային աղբյուրները: Դրանցից մեկը կարող է լինել բրիկետների արտադրությունը, որի համար, սակայն, մեզ անհրաժեշտ է հումք: Անտառում եղած թափուկները բավարար չեն, քանի որ անտառն ինքն այդ թափուկների կարիքն ունի: Դրա համար այստեղ առաջ է գալիս անտառային տնկադաշտերի հիմնման գաղափարը, որը հումքի արտադրության հնարավորություն կտա: Ռազմավարության ծրագրում փորձել ենք ընդգրկել անտառային տնկադաշտերի հիմնումը, որի արդյունքում ինչ-որ չափով կնվազեցնենք անտառի վրա ճնշումը»,- նշեց նա: Ըստ Արթուր Պետրոսյանի՝ պարտադիր չէ, որ դրանք լինեն անտառային նշանակության հողերում: «Կարող է լինել նաև գյուղատնտեսական նշանակության հողերում, որտեղ պարզապես չեն մշակում գյուղատնտեսական նշանակության մշակաբույսեր»,- նշեց նա:
Ըստ փաստաթղթի՝ Հայաստանում 2016-2021թթ․ արձանագրվել է 1711 անտառխախտման արձանագրություն, ապօրինի հատվել է ընդհանուր 42 հազար 433 հատ ծառ։ Վնասատուներով և հիվանդություններով վարակված անտառածածկ տարածքները կազմել են շուրջ 70 հազար հա, ավիացիոն քիմիական պայքարի աշխատանքները կատարվել են միայն 2016, 2018 և 2021 թվականներին՝ 19 հազար 503 հա անտառածածկ մակերեսների վրա: Բնակչության մեկ շնչի հաշվով անտառածածկ տարածքը կազմում է 0.1 հա, որը բավականին ցածր է ԱՊՀ ցուցանիշից (2,7 հա) և համաշխարհային միջին ցուցանիշից (0,5-0,8 հա): 2016-2021թթ․ ընթացքում արձանագրվել են հրդեհների 284 դեպքեր՝ ընդգրկելով 4393 հա ընդհանուր տարածք, այդ թվում՝ 2967 հա անտառածածկ տարածքներ։
Քննարկման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ուղարկել ԷկոԼուրի առաջարկությունները։ ԷկոԼուրն արդեն ուղարկել է իր առաջարկությունները ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն։
Մանրամասները՝ տեսանյութում:
Հունիս 05, 2023 at 19:57