ԷկոԼուրի առաջարկությունները՝ «Հայաստանի հանրապետության անտառային քաղաքականությունը, ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

ԷկոԼուրի առաջարկությունները՝ «Հայաստանի հանրապետության անտառային քաղաքականությունը, ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն Շրջակա միջավայրի նախարարություն է ուղարկել «Հայաստանի հանրապետության անտառային քաղաքականությունը, ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ իր առաջարկությունները: 

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին հասցեագրված նամակում նշված է.

«Ձեզ ենք ներկայացնում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի առաջարկությունները «Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականությունը, ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ, որը շրջանառվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում։

  1. Առաջարկում ենք անցկացնել «Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականությունը, ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը» փաստաթղթի ռազմավարական էկոլոգիական գնահատում (ՌԷԳ)՝ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի (ընդունված 03052023թ գլուխ 5, հոդված 21, կետ 1, 2):
  2. Փաստաթղթի 21-րդ կետում նշված է․ «Անտառկառավարման պլաններում չեն նախատեսվում անտառային այն հատվածները, որտեղ կարող են իրականացվել հանգստի և զբոսաշրջության կազմակերպումը, ինչպես նաև այդ նպատակով տարածքների վարձակալության տրամադրումը։ Այն կատարվում է գրեթե առանց ընդհանուր տարածական պլանավորման, միաժամանակ հստակեցված չեն հանգստի նպատակով կազմակերպվող տարածքներում շինությունների կամ ժամանակավոր կառույցների վերաբերյալ թույլատվության պահանջները»։  

Փաստաթղթի 44-րդ կետում նշված է․ «Բնական էկոհամակարգերի վրա մարդածին ծանրաբեռնվածության ավելացման պատճառներից է նաև զբոսաշրջության ծավալների աճը առավել գեղատեսիլ անտառային վայրերում: Նման տարածքներում  հաճախ գրանցվում են մի շարք խնդիրներ կապված անտառային օրենսդրության պահանջների ապահովման հետ` ռեկրիացիոն ծանրաբեռնվածության հետևանքով տարածքում ծառերի և բնական վերաճի վնասում, աղբոտում, հրդեհառաջացման ռիսկերի ավելացում, սանիտարահիգիենիկ կանոնների խախտումներ, հողածածկի խաթարում և այլն»:

Առաջարկում ենք հանել «շինությունների» բառը։ Անտառում խոսք կարող է լինել միայն ժամանակավոր կառույցների մասին, այլ ոչ ֆունդամենտալ շինությունների մասին։ Հուսով ենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը չի պատրաստվում օրենսդրական փոփոխություն կատարել անտառում կառուցապատում թույլատրելու համար։ Նման նախադեպ եղել է 2016թ., ինչն առաջացրել է հանրության դժգոհությունը։ Արդյունքում այդ օրենսդրական նախաձեռնությունը կյանքի չկոչվեց։

Առաջարկում ենք 2023-2030 թվականների գործողությունների ազգային ծրագրի միջոցառումների ցանկում նախատեսել միջոցառում անտառում զբոսաշրջության կազմակերպման հստակ պահանջների և պայմանների մասին։

  1. Փաստաթղթի 58-րդ կետում նշված է․ «Անտառամերձ համայնքների կողմից մատչելի այլընտրանքային էներգետիկ ռեսուրսներով ապահովումը մեծապես կնպաստի անտառների վրա առկա ճնշումների նվազեցմանը, սոցիալական վիճակի մեղմմանը, էապես նպաստելով ապօրինի հատումների կրճատմանը, սակայն այդ խնդրի լուծումը պահանջում է միջոլորտային համագործակցության խորացում և համալիր միջոցառումների պլանավորում և իրականացում»:

Առաջարկում ենք 2023-2030 թվականների գործողությունների ազգային ծրագրի միջոցառումների ցանկում միջոցառումներ նախատեսել միջոլորտային համագործակցության, էներգետիկ աղքատության կրճատման ուղղությամբ, որոնք արդյունքում կնպաստեն անտառի նկատմամբ ճնշման նվազմանը։

  1. 90-րդ կետում նշված Անտառկառավարման ազգային տեղեկատվական համակարգի (ԱԱՏՀ) ամբողջական ներդրման խնդիրներից 2-րդ ենթակետում նշվում է․ «իրականացնել անտառների հաշվառում, ապահովելով հինգ տարին մեկ անգամ ամբողջական թարմացված տվյալների առկայությունը, ինչպես նաև կադաստրի համակարգի ներդրումը»։

Անտառների հաշվառման և կադաստրի վարման միջոցառումը նախատեսված չէ 2023-2030 թվականների գործողությունների ազգային ծրագրի միջոցառումների ցանկում։ Առաջարկում ենք այդ ցանկում սահմանել միջոցառում և իրականացման ժամկետներ՝ անտառների հաշվառման, կադաստրի վարման վերաբերյալ։

  1. Հայաստանը պարտավորվել է մինչև 2030թ. հանրապետության անտառածածկը հասցնել 12.9%-ի կամ ավելացնել 50,000 հա-ով՝ համաձայն Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ-ի 2021-2030թթ ազգային մակարդակով սահմանված գործողությունների (Կառավարության 22 ապրիլի 2021 թվականի N 610-Լ որոշում)։

Առաջարկում ենք փաստաթղթում հստակեցնել, թե որն է ելակետային ցուցանիշը, որի վրա անտառածածկն ավելացնելով պիտի հասնենք 12.9% անտառապատվածության, և ընդհանուր անտառածածկը քանի տոկոսով է ավելանալու մինչև 2030թ․։ Առաջարկում ենք փաստաթղթում ներկայացնել այդ միջոցառումների ճանապարհային քարտեզը, թե որ տարածքում, որ ժամանակահատվածում անտառապատման ինչ միջոցառումներ են նախատեսվում, ինչ ֆինանսական միջոցներով։

Հայաստանը պարտավորվել է իր անտառապատվածությունը մինչև 2050թ. հասցնել 20.1%-ի՝ համաձայն ՀՀ  կառավարության 2015թ․ սեպտեմբերի 10-ի 41-11 «ՄԱԿ-Ի «ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՆԵՐՔՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ/ ՆԵՐԴՐՈՒՄԻՆ» ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» արձանագրային որոշման: Սակայն առկա է տարածքների խնդիր, թե ինչ հողերի հաշվին է անտառածածկն ավելացվելու: Այս ռազմավարությունը պետք է հող նախապատրաստի 2030թ-ից հետո իրականացվելիք աշխատանքների համար: Առաջարկում ենք միջոցառումներ նախատեսել՝ գույքագրելու այն տարածքները, որոնք հնարավոր է հետագայում անտառապատել»։ 

Հունիս 06, 2023 at 13:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր