Գողթանիկ բնակավայրին ջուր է պետք, ճանապարհ և ենթակառուցվածք

Գողթանիկ բնակավայրին ջուր է պետք, ճանապարհ և ենթակառուցվածք

Բերքատվության, անասնապահության, տնային տնտեսությունների եկամտի անկում, հողի դեգրադացիա։ ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Գողթանիկ բնակավայրը բախվել է այս խնդիրների հետ կլիմայի փոփոխության և կանխարգելիչ միջոցառումների բացակայության պատճառով։

ԷկոԼուրի թիմը հանդիպում է անցկացրել Գողթանիկի վարչական ղեկավարի և բնակիչների հետ։ Հանդիպման նպատակն էր նպաստել համայնքի լիարժեք ներգրավմանը և իր շահերի պաշտպանությանը կլիմայական և էներգետիկ ոլորտներում որոշումների ընդունման գործընթացում, մշակել առաջարկություններ համայնքի կլիմայի փոփոխության  հարմարվողականության, «կանաչ» էներգետիկայի և «կանաչ» աշխատատեղերի ստեղծման, համայնքի կայուն զարգացման համար։

ԷկոԼուրը ներկայացրել է իր կողմից մշակած «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում կանաչ էներգետիկայի և կլիմայական դիմակայության քաղաքականության ներդրման խնդիրները և առաջարկվող միջոցառումները» տեղեկատվական մոդուլը։

Գողթանիկ գյուղը գտնվում է Եղեգիս գետի հովտում, ունի շուրջ 200 բնակիչ։ Մարդիկ այստեղ ավանդաբար զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Եղեգիս գետի ավազանի սակավաջրությունն ազդում է գյուղատնտեսության վրա։

«Այս տարի մի քանի աղբյուր է ցամաքել, մի քանի թաղամասեր ջուր չունեն։ Կարծում եմ՝ պատճառը գլոբալ տաքացումն է։  Անցյալ տարի քիչ ձյուն եկավ, անձրևներն էլ էին պակաս, երաշտ էր։ Շատ ունենք անջրդի հողեր։ Մասնագետներն ասում են՝ հույս չունենաք, որ հետ են գալու աղբյուրները, գնալով ավելի են չորանալու։ Մեզ ջրամբար է պետք, որպեսզի ջրի հարցը լուծենք», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Գողթանիկի բնակավայրի վարչական ղեկավար Արտուշ Թումանյանը։

Նրա խոսքով՝ ջրի խնդիրը պայմանավորված է նաև փոքր ՀԷԿ-երի շահագործմամբ։ «Համոզված եմ՝ փոքր ՀԷԿ-երն էլ են ազդում։ Նախկինում այդպես չէր, գետում ջուր կար, ձուկ կար՝ կարմրախայտ։ Հիմա ձուկը մտնում է ՀԷԿ-ի տուրբինը։ Բացի դա, ձուկն ափերին է ձվադրում, ձվադրման սեզոնին մեկ էլ տեսնում ես՝ ջուրը կտրուկ պակասեցնում են ՀԷԿ-երը, ափերը չորանում են», - ասաց Արտուշ Թումանյանը։

«Օդի խոնավությունը քիչ է, վայրի տանձը հիմա լավ չի աճում․․․անասունների կաթնատվությունն իջել է ջրի պակասի պատճառով։ Մթերում էլ չկա․ մեկ լիտր կաթը 140 դրամ է, միայն խոտին 50-60 հազար դրամ փող են տալիս։ Ինչքա՞ն խոտ հավաքեն, պահեն, որ կաթը 140 դրամով հանձնեն․․․ Մեղվաբուծությունն էլ է տուժում։ Մեղրն առաջ շատ էր լինում, հիմա նվազել է, մարդիկ օգուտ չեն ստանում, ծախսերը գերակշռում են», - նշեց Գողթանիկի վարչական ղեկավարը։

Ըստ Արտուշ Թումանյանի՝ Գողթանիկը կարող է զարգանալ, եթե լինի լավ ճանապարհ և տուրիստական ենթակառուցվածք։ «Ունենք Մուրադ սար, ունենք ջրվեժ, սիրուն բնություն։ Տուրիզմի համար հյուրատներ է պետք կառուցել։ Կարող ենք նաև զարգացնել արևային էներգետիկան, այստեղ միշտ արև կա», - ասաց Գողթանիկ բնակավայրի վարչական ղեկավարը։

Նշենք, որ Մուրադ սարի լանջերին առկա են բրոնզե դարի և ավելի վաղ դարաշրջանների ժայռապատկերներ, խաչքարեր, ինչը նպաստավոր է զբոսաշրջության կազմակերպման համար։

ԷկոԼուրի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ջրի խնդիրը բնորոշ է ամբողջ Եղեգիս համայնքին և կապված է կլիմայի փոփոխության և փոքր ՀԷԿ-երի շահագործման հետ։ Կորցնելով աղբյուրները՝ մարդիկ կորցնում են բարենպաստ ապրելու հնարավորություն, եկամտի աղբյուրներ, հանգստի գոտիներ։

Եղեգիսի վրա փոքր հիդրոէներգետիկայի զարգացման պատճառով խախտվել է գետի էկոհամակարգի հավասարկշռությունը, բարձրացել գետի ջրի ջերմաստիճանը, վերացել են գետում ապրող ձկնատեսակները: Եղեգիսի և նրա վտակների վրա կառուցված է 17 ՓՀԷԿ, որոնցից 15-ը՝ Եղեգիս համայնքի վարչական տարածքում։ ՓՀԷԿ-երի շահագործումը հանգեցնում է համայնքի ջրային ռեսուրսների կորստի՝ դառնալով միկրոկլիմայի փոփոխության պատճառ։ Համայնքի գյուղատնտեսության զարգացման  համար ամռան սեզոնին ստեղծում է ոռոգման խնդիրներ, ազդում մարդկանց սոցիալական վիճակի վրա։ ՓՀԷԿ-եր շահագործող ընկերությունները չեն աջակցում համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, համայնքի կլիմայական հարմարվողականության ծրագրերի իրականացմանը։

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում կանաչ էներգետիկայի և կլիմայական դիմակայության քաղաքականության ներդրման խնդիրները և առաջարկվող միջոցառումները» մոդուլը մշակել է «ԵՄ կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի ֆինանսավորմամբ՝ «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակական կազմակերպությունները՝ Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականություններում սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակից» ծրագրի շրջանակներում, ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

Հոկտեմբեր 05, 2023 at 13:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր