

Հայաստանյան քաղհասարակության 105 կազմակերպություններ վերջերս հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ պահանջելով շրջանառությունից հանել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից առաջարկվող ընդերքօգտագործման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ոլորտներին առնչվող օրենսդրական փոփոխությունների փաթեթը: Ըստ ՔՀԿ-ների՝ նախագիծը վտանգում է տեղական ժողովրդավարությունը՝ սահմանելով, որ համայնքի ավագանու նախնական անհամաձայնությունն այլևս չի խոչընդոտելու հանքարդյունաբերական փաստաթղթերի փաթեթի ընդունմանը։
Նույն հայտարարության հիմքով դիմում-նամակ էր ուղարկվել պետական լիազոր մարմիններին: Ի պատասխան 2026 թվականի նոյեմբերի 5-ին ներկայացված դիմումի՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պաշտոնական գրությամբ արձագանքել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանին։
Նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Արման Ավետիսյանի ստորագրությամբ ուղարկված նամակում նշվում է, որ քաղհասարակության դիմումի 1-ին և 2-րդ կետերը, որոնք վերաբերում են խնդրահարույց նախագծերի փաթեթը շրջանառությունից հանելուն և լիազոր մարմնում ենթադրյալ կողմնակալության հիմքերն ուսումնասիրելուն, տրամադրվել են իրավասու մարմնին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
Դիմումի 3-րդ կետի առնչությամբ (այն է՝ հանրության մասնակցությունն ընդլայնող և ամրապնդող ՇՄԱԳ նոր փոփոխություններ մշակել) Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ նախատեսվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի վերանայում: Օրենքի վերանայման քննարկումներին, օրենքով սահմանված կարգով, կներգրավվեն բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Սպասվում է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը լրացուցիչ կարձագանքի իրեն վերահասցեագրված հիմնական պահանջներին:
Նոյեմբեր 13, 2026 at 17:37
