«Թեթեւ» դիտողություններ եւ խիստ եզրակացություններ Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի իրավիճակի վերաբերյալ

«Թեթեւ» դիտողություններ եւ խիստ եզրակացություններ Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի իրավիճակի վերաբերյալ

ԷկոԼուր

Հուլիսի 29-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը հրավիրեց հասարակական կազմակերպություններին` քննարկելու Քիշինեւում կայացած Օրհուսի կոնվենիցիայի կողմերի 4-րդ հանդիպման արդյունքները: Հանդիպումն անցկացրեց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, ով  պաշտոնական դիրքորոշումը ներկայացրել է Քիշինեւում: Հանդիպման ընթացքում պարզվեց, որ հրավիրված են այն 27 կազմակերպությունները, ովքեր ստորագրել են կողմերի հանդիպման համար պատրաստված դիմումի ներքո, որի հիմնական բովանդակությունն այն է, որ Հայաստանի կառավարությունը ձախողել է Օրհուսի կոնվենցիայի իրականացումը: Հանդիպմանը մասնակցեց 16 կազմակերպություն:

Իր ելույթում Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Աիդա Իսկոյանը նշեց, որ Քիշինեւում Հայաստանը մեղմ դիտողություններ ստացավ ի տարբերություն այլ երկրների, օրինակ` Ուկրաինայի, Ղազախստանի եւ նույնիսկ Մեծ Բրիտանիայի: Նրա խոսքերով` հիմնական շեշտը դրված էր օրենսդրության թերությունների վրա, ինչը թույլ է տալիս օրենքը շրջանցել, ինչպես նաեւ նրա վրա, որ Օրհուսի կոնվենցիայի դրույթները գործնականում թույլ կիրառություն ունեն: Այդ մասին ասաց նաեւ Սիմոն Պապյանը:

Հիշեցնենք, որ Քիշինեւում Հայաստանի վերաբերյալ Օրհուսի կոնվենցիայի կողմերի որոշումը հիմնված է Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի փորձագիտական եզրակացության վրա: Կոմիտեն դիտարկեց երկու բողոք: Առաջինը բնապահպանական եւ պատմական արժեք ունեցող Դալմայի այգիների մասին է: Այգու տարածքը կառուցապատվեց առանց հասարակական լսումների, Օրհուսի կոնվենցիայի, Հողային օրենսգրքի դրույթների եւ այլ օրենսդրական ակտերի խախտմամբ: Այգու սեփականատերերը, հասարակական կազմակերպությունները, մասնավորապես «Դալմա-Սոնա» հիմնադրամը եւ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամը տարբեր դատական ատյաններում փորձեցին պաշտպանել Դալմայի այգիները: Սակայն դատական համակարգն այս հարցում միասնական էր իր որոշման մեջ` մասնավոր սեփականատերերի հայցերը մերժեց, իսկ հասարակական կազմակերպություններին ուղղակի թույլ չտվեց դատական գործընթացներ նախաձեռնել:    

Մյուս բողոքը վերաբերում էր դատարանում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ հասարակական-էկոլոգիական շահերի պաշտպանության իրավունքի խախտմանը: Դատական հայցը ներկայացրել են «Էկոդար», «Transparency International հակակոռուպցիոն կենտրոն»-ը եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:  Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն երկու բողոքների դեպքում էլ ընդունեց, որ Հայաստանը` որպես Օրհուսի կոնվենցիայի կողմ, չի կատարում կոնվենցիայով նախատեսված պարտավորությունները: Այժմ պաշտոնական Հայաստանի առաջ պայման է դրված, որպեսզի երկիրը մինչեւ 2012թ. ապրիլի 12-ը որոշման մեջ նշված բացթողումների  վերացման ուղղությամբ   որոշակի քայլեր ձեռնարկի, մասնավորապես` մշակի եւ ներկայացնի միջոցառումների պլանը: 

«Մենք սպասում ենք, որպեսզի հասարակական կազմակերպությունները մասնակցեն այս պլանի իրականացմանը, առաջարկություններ անեն, եւ որպեսզի մենք կարողանանք կատարել մեզ վրա վերցված պարտավորությունները»,- ասաց Սիմոն Պապյանը: Նա նաեւ հրավիրեց հասարակական կազմակերպություններին մասնակցել Օրհուսի կոնվենցիայի շրջանակներում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին եւ թեկնածություններ ներկայացնել: Այդ հանձնաժողովի մասին ներկաներից շատերն առաջին անգամ լսեցին: Եւ քննարկումից հետո անհասկանալի մնաց, թե երբ է այդ հանձնաժողովը նիստ գումարել եւ ինչ հարցեր է լուծել: Իսկ հասարակությանը իրական հարցեր են հուզում:

«Թռչնասերների կենտրոն»-ի նախագահ Սիլվա Ադամյանը հարց բարձրացրեց Արմաշի մասին, որտեղ առանց վերահսկողության որսում են ջրաճահճային թռչուններ, իսկ տարածքը մասնավոր է` զբաղված է ձկնաբուծարանների սեփականատերերով: Սիմոն Պապյանը խոստացավ զբաղվել այդ հարցով: Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի համակարգող Աիդա Իսկոյանն առաջարկեց ՀՀ բնապահպանության նախարարությանն առընթեր փորձագետների խորհուրդ ստեղծել, եւ նրան աջակցեց «Սպառողների աջակցության կենտրոն»-ի տնօրեն Աշոտ Միրզոյանը: Սակայն ներկաներից շատերը չհամաձայնվեցին այս առաջարկության հետ: Մոտիվացիան այն էր, որ պաշտոնական անձանց առընթեր խորհուրդները չեն աշխատում եւ իմիտացիոն բնույթ են կրում:

 

Սիմոն Պապյանը եւ Աիդա Իսկոյանը չհամաձայնվեցին այն կարծիքի հետ, որ կառավարությունը ձախողել է Օրհուսի կոնվենցիան եւ օրինակ բերեցին, որ կառավարությունը հետ կանչեց սեփական որոշումը եւ «Խոսրովի անտառ» արգելոցում Գիլանին վերադարձվեց արգելոցային գոտու նախկին կարգավիճակը: «Transparency International հակակոռուպցիոն կենտրոն»-ի նախագահ Սոնա Այվազյանը կարծում է, որ առանձին դեպքերը չեն ապացուցում, որ կառավարությունն իրականացնում է Օրհուսի կոնվենցիան: «Եթե մենք հասել ենք արդյունքների, ապա հասարակական ակտիվության շնորհիվ, այլ ոչ կառավարության,- ասաց նա,- օրինակ, ինչ է պետք անել, որպեսզի արդարադատության  համակարգը մատչելի լինի հասարակության համար, եւ հասարակությունը կարողանա պաշտպանել հասարակական շահերը»: Նա նաեւ առաջարկեց պարբերաբար բնապահպանության նախարարության կայքում տեղադրել ողջ պաշտոնական տեղեկատվությունը, այդ թվում եւ այլ նախարարություններից եւ գերատեսչություններից, որոնք վերաբերվում են շրջակա միջավայրին եւ առողջությանը: «Բուրգ» բնապահպանական երիտասարդական կենտրոնի նախագահ Արման Վերմիշյանն առաջարկեց  օրենսդրական մակարդակով մտցնել շրջակա միջավայրին հասցվող տնտեսական վնասի գնահատական:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն առաջարկում է.

-ՀՀ բնապահպանության նախարարության կայքում տեղադրել բնապահպանական փորձաքննության եզրակացության համար ներկայացված նախագծերի ողջ փաստաթղթերը

- ակտիվորեն տարածել օպերատիվ տեղեկատվություն վնասակար արտանետումների եւ աղտոտման մասին, որոնք վերաբերում են շրջակա միջավայրի եւ առողջության համար ռիսկերին

-հեռանալ իմիտացիոն բնույթի հասարակական լսումներից, հասարակական լսումների արձանագրություննեում առանց խեղաթյուրման ներառել հասարակայնության եւ անկախ փորձագետների գնահատականը եւ, գլխավորը, բնապահպանական փորձաքննության եզրակացությունը տալուց հաշվի առնել այդ կարծիքը

-դասակարգել արտադրական թափոնների, պոչերի, պոչամբարների վտանգները, եւ մշակել որոշման նախագիծ` ըստ  վտանգավորության դասի թափոնների վճարների մասին:

Սիմոն Պապյանն առաջարկեց գրավոր ներկայացնել դիտողություններն ու առաջարկությունները:

Օգոստոս 03, 2011 at 12:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր