

ԷկոԼուր
ՀՀ Ազգային ժողովը հունիսի 21-ին` մեկ օրվա ընթացքում, 3 ընթերցմամբ հապշտապ ընդունեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» նոր օրինագիծը: Հասարակայնության համոզմամբ այս օրենքը բավարարում է բիզնես շահերը, այլ ոչ բնության: Բնապահպանները նամակով դիմել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում ասված է.
«Հայաստանի Հանրապետության Նախագահ
պարոն Սերժ Սարգսյանին
Մեծարգո պարոն Նախագահ,
Դիմում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության համար կարևոր բնապահպանական և իրավական խնդրի լուծման ակնկալիքով:
ՀՀ Ազգային Ժողովը 2014թ. հունիսի-21-ին ընդունել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը, որն իր բովանդակությամբ հակասում է Հայաստանի կողմից կնքված և վավերացված Օրհուսի կոնվենցիայի պահանջներին, չի բխում մեր երկրի բնապահպանական և ժողովրդավարական սկզբունքներից, չի նպաստում բնապահպանական խնդիրների լուծմանը: Նոր օրենք ընդունելու նպատակ պետք է լիներ վերացնել գործող օրենքի թերությունները, զարգացնել և կատարելագործել իրավական կարգավորումները, սակայն նշված Օրենքը ոչ միայն չի լուծում այդ խնդիրները, այլ, սահմանելով ոչ հստակ բարդ գործընթաց, նոր խնդիրներ է առաջացնում, հակասում է միջազգային իրավական նորմերին: Մինչ նոր Օրենքի ընդունումը գործում էր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության մասին» ՀՀ օրենքը /1995թ./, որի գործողության ընթացքում Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն չորս անգամ որոշում է կայացրել, նշելով Հայաստանում օրենսդրության և պրակտիկայի ոչ համապատասխանությունը կոնվենցիային, և պահանջներ է ներկայացրել համապատասխան փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ՝ համապատասխանեցնելով Կոնվենցիայի դրույթներին: Մասնավորապես, նշված է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման /ՇՄԱԳ/ գործընթացներն, ինչպես նաև հանրային մասնակցության մեխանիզմները պարզեցվեն, վերացվեն բոլոր տեսակի խոչընդոտները, սակայն նոր Օրենքով ավելի է բարդացվել գործընթացը, նվազագույնի է հասցվել հանրային մասնակցությունը այդ գործընթացում, չեն սահմանվել հստակ մեխանիզմներ: Բացի այդ, Կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն նշել է, որ որոշումների ընդունման գործընթացում հանրությունը պետք է տեղեկացվի հնարավորինս շուտ, այսինքն, Օրենքով սահմանված 30 օր ծանուցման ժամկետը պետք է երկարացվեր, նոր օրենքում՝ հակառակը, այն կրճատվել է և սահմանվել 7 օր: Այնուհետ, կոմիտեն նշել է, որ հանրային մասնակցության կազմակերպման գործում տարբեր դերակատարների /պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկողի/ պարտականությունը պետք է առավել պարզ սահմանազատված լինեն: Եթե 1995թ. Օրենքում հստակ նշված է՝ բնապահպանական փորձաքննության գործընթացում մասնակցող յուրաքանչյուր մարմին ինչ պարտավորություններ ունի հանրության ծանուցման գործում, ապա նոր Օրենքում պարտականությունների բաշխումը հստակ չի արված և պարզ չէ գործընթացի փուլերի հաջորդականությունը:
Բացի նշված թերություններից նոր Օրենքում կան բազմաթիվ այլ անճշտություններ, բացեր, որոնց մասին և մեր, և միջազգային փորձագետները նշել են իրենց առաջարկություններում և դիտողություններում, սակայն ՀՀ բնապահպանության նախարարությունը հավաստիանցնելով, որ բոլոր առաջարկները հաշվի են առնվել և ներկայացվել է նոր տարբերակ, թողել է նախագիծն անփոփոխ նույն թերություններով:
Այսպիսով, նոր Օրենքում հանրության մասնակցության մասով ոչ միայն չեն բարելավել համապատասխան դրույթները, այլ հակառակը սահմանվել են ծանուցման ավելի կարճ ժամկետներ, չի սահմանվել կարծիք ներկայացնելու ժամկետ, սահմանափակվել է քննարկումները մեկ փուլով, հստակ չեն սահմանված գործընթացի բոլոր դերակատարների պարտականությունները, այսինքն, հիմնականում չեն կատարվել Օրհուսի կոնվերցիայի համապատասխանության կոմիտեի հ․ IV/9a որոշման պահանջները:
Հետևաբար, Հայաստանը չի կատարում Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները, կտրուկ ընկել է Հայաստանի վարկանիշը միջազգային կառույցներում, Կոնվենցիան լիարժեք չի կիրառվում Հայաստանում, հասարակական հատվածը զրկվել է Կոնվենցիայի գործընթացներին մասնակցելու հնարավորությունից, մշտապես խախտվում են քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների՝ Կոնվենցիայով սահմանված իրավունքները, ինչը առաջացնում է անվստահություն Կառավարության նկատմամբ և ավելացնում է հասարակության դժգոհությունը:
Պատահական չէ, որ Կոնվենցիայի կողմերի հինգերորդ հանդիպման ժամանակ արձանագրվել է, որ Հայաստանը հանդիսանում է Կոնվենցիային չհամապատասխանող երկիր:
Այս ամենը կազդի բնապահպանության ոլորտում օտարերկրյա ներդրումների և ծրագրերի ֆինանսավորման վրա:
Ելնելով վերը նշվածից՝ խնդրում ենք Ձեզ, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 2-րդ կետով, վերադարձնել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը Ազգային ժողով և պահանջել նոր քննարկում:
Կանխավ շնորհակալություն:
Սիլվա Ադամյան՝ Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող
Նազելի Վարդանյան՝ «Հայաստանի անտառներ» ՀԿ
Գրետա Գաբրիելյան՝ «Էկոակադեմիա» ՀԿ
Արթուր Համբարձումյան՝ անկախ փորձագետ
Արամ Գրիգորյան՝ անկախ փորձագետ
Սեյրան Մինասյան՝ անկախ փորձագետ
7.07.2014թ.»:
Հուլիս 08, 2014 at 14:01
