

2022թ. հունվարի 21-ին Երևանում տեղի ունեցավ Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի և «Սոցիալ-էկոլոգիական» կոնսորցիումի աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի ընթացքը:
Այս ծրագիրն իրականացվում է «Սոցիալ-էկոլոգիական» կոնսորցիումի մեջ ընդգրկված «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների կողմից՝ «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում: ԴԱՏԱ ծրագիրն իրականացնող կազմակերպություններն են՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Սոցիես» փորձագիտական կենտրոն ՀԿ-ն, Բուն TV հիմնադրամը, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» ՀԿ-ն:
Հիմնական քննարկումը վերաբերում էր «Սոցիալ-էկոլոգիական» կոնսորցիումի կողմից մշակված «Էկոլոգիական և սոցիալական քաղաքականության գնահատման համար տվյալների հավաքագրման գործիք-ձևաչափ»-ին: Այն բաղկացած է երեք մասից՝ Տվյալների հավաքագրման գործիք փորձագիտական վերլուծություն, Տվյալների հավաքագրման գործիք համայնքի վարչակազմի համար և Տվյալների հավաքագրման գործիք բնակիչների համար:
Կոնսորցիումի անդամները ներկայացրել են, թե ինչպես են ընթացել Ախթալա, Օձուն, Սիսիան, Գորիս և Մարտունի համայնքներում գործիք-ձևաչափի նախնական քննարկումները, դրանց ընթացքում հնչած առաջակությունները: Առաջարկ եղավ շարունակել տվյալների հավաքագրման աշխատանքները երկու ֆոկուս-խմբերում: Առաջին ֆոկուս-խումբը համայնքի ՏԻՄ-ի ներկայացուցիչներն են՝ համայնքի ղեկավար, տեղակալ, աշխատակազմի քարտուղար, վարչական ներկայացուցիչներ: Մյուս ֆոկուս-խմբում կներգրավվեն տեղի ակտիվ բնակիչները՝ երիտասարդներ, կանայք, ֆերմերներ,ձեռնարկատերեր, կրթական հաստատությունների աշխատակիցներ: Ընդգծվեց, որ ֆոկուս-խմբեր կազմավորելիս պետք է հաշվի առնել գենդերային բալանսը:
Գործիք ձևաչափի միջոցով հավաքագրված տվյալների բազայի հիման վրա թիրախ համայնքների մասնակցությամբ կստեղծվի համայնքի սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունը, որը որպես բաղադրիչ կառաջարկվի ավագանու հաստատմանը:
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:
Լուսանկարը՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
Հունվար 28, 2022 at 16:12